HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Վլադիմիր Զելենսկի. Սեպտեմբերի 1-ից ի վեր Ուկրաինան ազատագրել է իր տարածքի ավելի քան 1000 քառակուսի կիլոմետր

Ուկրաինայի զինված ուժերը, որոնք մասշտաբային հակահարձակում են իրականացնում երկրի հարավում և արևելքում, աշնան սկզբից ի վեր ազատագրել են տասնյակ բնակավայրեր, որոնք տեղաբաշխված են ավելի քան 1000 քառակուսի կիլոմետր տարածքի վրա։ Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ 

«Շարունակվող պաշտպանական գործողությունների շրջանակներում մեր հերոսներն ազատագրել են արդեն տասնյակ բնակավայրեր։ Եվ այսօր այդ շարժումը շարունակվել է, կան նոր արդյունքներ։ Ընդհանուր առմամբ սեպտեմբերի 1-ից ազատագրվել է մեր տարածքի ավելի քան 1000 քառակուսի կիլոմետր։ Շնորհակալություն բոլորին, որոնք դա ապահովել են»,- ասել է Ուկրաինայի նախագահը։

Ավելի վաղ, իր տելեգրամյան ալիքում Զելենսկին մի տեսանյութ էր հրապարակել, որտեղ ուկրաինացի զինվորականները հայտարարում են այն մասին, որ իրենց վերահսկողության տակ են վերցրել Խարկովի մարզի Բալակլեա քաղաքը։ «Բոլորն իրենց տեղերում են։ Ուկրաինայի դրոշը ազատ ուկրաինական քաղաքում՝ ազատ ուկրաինական երկնքի տակ»,- տեսանյութի տակ գրել էր Զելենսկին։

Սեպտեմբերի 9-ի իր առավոտյան տեղեկագրում Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը առաջին անգամ հայտարարել էր Բալակլեայի շրջանում հարձակման մասին։

«Պաշտպանական ուժերը հաջող հակահարձակում են իրականացնում Խարկովի ուղղությամբ։ Շնորհիվ հմուտ և ներդաշնակ գործողությունների՝ Ուկրաինայի զինված ուժերը, տեղական բնակչության աջակցությամբ, երեք օրվա ընթացքում առաջ են շարժվել շուրջ 50 կիլոմետր։ Հետախուզության տվյալներով՝ հակառակորդի առանձին ստորաբաժանումներ էական կորուստներ են կրել։ Բռնազավթիչները փորձում են տարհանել վիրավորված անձնակազմին և վնասված տեխնիկան՝ Օլխովատկա և Բորոդոյարսկոյե բնակավայրերի շրջանում»,- նշվում է Ուկրաինայի ԳՇ հայտարարության մեջ։ Նշված երկու բնակավայրերն էլ գտնվում են Ուկրաինայի Խարկովի մարզի Բալակլեայի շրջանում։ 

ՌԴ պաշտպանության նախարարությունը չի հայտնում Խարկովի մարզում ուկրաինական զորքերի առաջխաղացման մասին։ Սեպտեմբերի 8-ի տեղեկագրում միայն նշվում է, որ Բալակլեայի շրջանում ոչնչացվել է հրթիռահրետանային սպառազինության և զինամթերքի ուկրաինական պահեստ։

Լուսանկարը՝ արխիվային/Getty Images

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter