HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայացք». Ռուբեն Գրդձելյան. «Չէի կարող առաջինը հարվածել»

Ստորև ներկայացվում է մայիսի 12-ի երեկոյան Երևանում ծեծի ենթարկված «Ռեգնում» լրատվական գործակալության երևանյան բյուրոյի ղեկավար Ռուբեն Գրդձելյանի հետ «Հայացքի» հարցազրույցը՝ դեպքի հանգամանքների, մանրամասների և հետագա զարգացումների շուրջ: Ներկայումս ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հիշյալ միջադեպի կապակցությամբ նախապատրաստվում են նյութեր, քրեական գործ դեռ հարուցված չէ:

- Ի՞նչ հանգամանքներում է տեղի ունեցել Ձեզ և Կոտայքի մարզի դատախազներից պարոն Մանրիկյանի հետ կապված՝ հասարակությանը որոշ չափով արդեն հայտնի միջադեպը:

- Այդ օրը երեկոյան մայրիկս զարմիկիս հետ հյուրընկալվել էին մեր տանը: Ճանապարհելիս կինս էլ, որ հղի է, միացավ մեզ. երեկոյան մի քիչ քայլելու անհրաժեշտություն ուներ: Ժամը 22:30-23:00-ի սահմաններում էր: Տնից դուրս եկանք, երեխաները՝ 4,5 տարեկան տղաս և 7 տարեկան զարմիկս, մի փոքր առաջ էին վազել մեզանից, աչքներիս առաջ խաղալով մի քանի մետր առաջ էին գնում, ես, մայրս, կինս և քրոջս աղջիկը՝ 8-ամյա Սոֆին, մի փոքր հետ էինք ընկած: Ինչ-որ ջիպ էր բակից դուրս գալիս: Տեսնելով, որ երեխաներ են անցնում մեքենայի կողքից, վարորդը մեքենան մի պահ կանգնեցրեց, սպասեց, որ երեխաները հեռու գնան, նոր տեղից շարժվեց:

Այդ պահին մենք, քանի որ մի փոքր հեռու էինք երեխաներից, հավասարվեցինք 55-60 տարեկան երկու տղամարդու, որոնք թերևս ավտոտնակի դուռն էին փակում և հայացքով այդ մեքենան էին ճանապարհում: Այդ մարդկանցից մեկն ասաց՝ էդ ում լակոտներն են, դրանք մեր չունե՞ն, ո՞ւր է սրանց մերը: Հավանաբար չէր պատկերացնում, որ մեզ հետ է, մայրն այդ պահին իր կողքին է: Լսելով այդ՝ ասացի՝ այստեղ է մայրը, ի՞նչ է պատահել: Պատասխանը կամ արձագանքը հետևյալն էր՝ բա էդ թուլեքիդ չես կարո՞ւմ տիրություն անել... Ասացի. «Ի՞նչ է պատահել: Սա բակային տարածք է, առաջին հերթին երեխաների խաղալու համար է, հետո նոր՝ մեքենաների երթևեկելու, ի՞նչ է պատահել, կարո՞ղ եք ասել»: «Արի ասեմ, թե ինչ է պատահել»,- հոխորտաց նա, մի քայլ առաջ եկավ և ձեռքի ափի հակառակ կողմով հարվածեց դեմքիս:

Ես հարվածի չէի սպասում, քանի որ առիթ էլ չկար: Ապտակից հետո ես էլ նրան հարվածեցի, որից հետո այդ երկու հոգին և ես իրար կպանք ու սկսեցինք ավելի շատ քաշքշել իրար, քան ծեծել: Այդ պահին բակից դուրս եկող մեքենայից նկատեցին, որ այնտեղ ինչ-որ բան է տեղի ունենում, մեքենայի միջից մի տղա վազելով եկավ, ինձ հարվածեց և այդպես ընկանք գետնին, եթե չեմ սխալվում, ինձ ապտակած մարդու հետ, որը, ինչպես հետո պարզվեց, Կոտայքի մարզի դատախազության աշխատակից, քննության օրինականությունը վերահսկող դատախազ Մովսես Մանրիկյանն էր: Գետնին ընկնելուց հետո շարունակեցին հարվածել ինձ, ինչ-որ մի պահից էլ չեմ հիշում, որովհետև գիտակցությունս մոտ 2 րոպե կորցրել եմ:

- Ձեզ հայտնի՞ է, թե, ըստ դատաբժշկական եզրակացության, դատախազը որևէ վնասվածք ստացե՞լ է, թե ոչ:

- Որքան տեղյակ եմ (ոչ պաշտոնապես), դիմել է դատաբժշկի, և եզրակացություն են տվել, թե ուղեղի ցնցում ունի:

- Ֆանտաստիկա. Դուք եք ուշագնաց եղել, բայց ուղեղի ցնցում դատախա՞զն է ստացել: Էլ ինչո՞ւ եք լրագրությամբ զբաղվում, գուցե բռնցքամարտով զբաղվեք, եթե կարող եք մեկ կամ երկու հարվածով մարդուն ուղեղի ցնցում պատճառել:

- Էլ մի ասա (Ռուբենը տխուր ծիծաղում է)...

- Շարունակեք ներկայացնել կատարվածը:

- Երբ ուշքի եկա, տեսա, որ երեխաները լալիս են, արդեն ահագին մարդիկ են հավաքվել, հիմնականում՝ իրենց բարեկամները, որոնք հենց դիմացի շենքում են ապրում, և այժմ երևի ուզում են սուտ վկայություն, ցուցմունք տալ, թե ես եմ առաջինն իրեն հարվածել:

- Այո, կարծես թե արդեն խոսակցություններ կան այդպիսի ցուցմունքների վերաբերյալ, իսկ ինչո՞վ եք բացառում դա:

- Իմ կողմից առաջինը հարվածած լինելը տրամաբանությունից ընդհանրապես դուրս է: Նախ՝ իմ հոր տարիքի մարդ է, և ես չէի կարող առաջինը հարվածել, չէի կարող ինչ-որ ավելորդ բան թույլ տալ ինձ: Կատարել եմ միայն նրա արարքից բխող գործողություններ: Բացի դրանից՝ ամեն ինչից զատ, չէի կարող նրան հարվածել մորս, հղի կնոջս, մանկահասակ երեխաների ներկայությամբ, ավելին՝ առանց լուրջ պատճառի նախահարձակ լինել՝ շատ լավ հասկանալով, որ իմ հարվածին հաջորդելու է պատասխանը:

- Ինչպե՞ս վարվեցիք հետո:

- Երեխաներին տարա տուն, հանգստացրի, ես լվացվեցի, սառը դրեցի դեմքիս և գնացի ոստիկանության Էրեբունու բաժին: Այնտեղ դիմում գրեցի, հաղորդում ներկայացրի՝ նկարագրելով կատարվածը: Ինձ դատաբժշկի ուղեգիր տվեցին, մայիսի 13-ի առավոտյան արդեն գնացի դատաբժշկական փորձաքննության: Կասկածեցին, որ ոչ միայն արտաքին, այլև ներքին վնասվածքներ կարող եմ ստացած լինել, այդ պատճառով ուղարկեցին տեղամասային պոլիկլինիկա. դա էլ արդեն երկուշաբթի մնաց, քանի որ օրը կիրակի էր: Հետո պոլիկլինիկայից թղթերը ստացա, տարա իրենց: Դրանց համաձայն՝ ուղեղի ցնցում, այլ բարդություններ չունեմ, ուղղակի գլխի և մարմնի վերևի մասի արտաքին վնասվածքներ են: Մարմնիս միայն այդ մասերին էին խփում, ընդ որում՝ գլխիս նաև ոտքով են հարվածել: Հարված էր հասցվել նաև աչքիս, որն այնպես էր ուռել, որ կոպս որոշ ժամանակ գրեթե չէր բացվում: Երկուշաբթի իմացա, թե ովքեր են եղել հարձակվողները:

- Ովքե՞ր...

- Կոտայքի մարզի դատախազ Մեսրոպ Մանրիկյանը, նրա որդին, ևս երկու անձինք:

- Վկաներ կայի՞ն:

- Այնտեղ, որտեղ դեպքն է տեղի ունեցել, հարազատներիցս, մերձավորներիցս բացի վկաներ չեն եղել: Դրսում արդեն մութ էր, իսկ շենքը բավական հեռավորության վրա է, և շենքից տեսնել չէր լինի, մանավանդ որ ամպամած էր, լուսնյակի, աստղերի լույս չկար:

- Դեպքը որտե՞ղ է տեղի ունեցել:

- Դա Տիգրան Մեծ 36 հասցեի շենքից (նախկին «Գայանե» հանրախանութի շենք) մոտ 20 մետր հեռու էր, որտեղ ծառեր, այդ թվում նաև գրեթե շենքի բարձրության, մոտ 50 տարվա բարդիներ են, նաև ավտոտնակներ կան: Ի տարբերություն շենքի պատերի մոտ գտնվող հատվածի՝ այդտեղ լուսավորված չէ, ծառերն էլ խանգարում են տեսանելիությանը: Մութ տեղից լուսավոր տեղ նայելիս երևում է, իսկ հակառակը՝ ոչ:

- Ենթադրենք, թե շենքից ինչ-որ մարդիկ հայտնվեն և, որպես վկա, ասեն, թե տեսել են...

- Ես նշածս պայմաններում բացառում եմ տեսնելու հնարավորությունը, իսկ եթե, այնուամենայնիվ, այդպիսի ցուցմունքներ ասպարեզ բերվեն, դրանք սուտ վկայություններ կլինեն: Ուղղակի հուսով եմ, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննությունն այնքան պրոֆեսիոնալ և, առաջին հերթին, անկողմնակալ կիրականացվի, որ բանը դրան չի հասնի:

Արթուր Հովհաննիսյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter