Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ը իր որդուն Ուիլյամին շնորհել է Ուելսի արքայազնի կոչումը
Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ն իր ավագ որդուն Ուիլյամին շնորհել է Ուելսի արքայազնի կոչումը։ Այդ մասին նա հայտարարել է բրիտանացի ժողովրդին իր առաջին տեսաուղերձի ժամանակ։
«Որպես իմ ժառանգորդ, Ուիլյամը հիմա ընդունում է շոտլանդական տիտղոսները, որոնք այդքան մեծ նշանակություն ունեին ինձ համար։ Նա ինձ կփոխարինի Քորնուոլի դուքսի պաշտոնում և իր վրա կվերցնի Քորնուոլի դքսության պատասխանատվությունը, որը ես կրում էի ավելի քան 5 տասնամյակի ընթացքում»,- հայտարարել է բրիտանական գահի տիրակալը։
Չարլզ III-ը նաև ասել է, որ իր մայրը՝ Եղիսաբեթ II թագուհին եղել է իր ոգեշնչումը և օրինակը ողջ կյանքի ընթացքում։ Նա նշել է, որ թագուհին իրեն զոհաբերել է իր երկրին ծառայելու պարտքին, իսկ «նրա նվիրվածությունն ու անձնազոհությունը երբեք չեն թուլացել»:
«Ինչպես թագուհին իր անկոտրում նվիրումով, ես ևս հանդիսավոր կերպով պարտավորվում եմ Աստծո կողմից ինձ տրված մնացած ժամանակի ընթացքում, պաշտպանել սահմանադրական սկզբունքները, որոնք ընկած են մեր ժողովրդի հիմքում»,- ասել է Չարլզ III-ը։
Նա նշել է, որ իր հույս դնում է կոնսորտ-թագուհի Քամիլայի վրա և իր սերն արտահայտում արքայազն Հարրիի և նրա կնոջ՝ Մեգանի նկատմամբ։
Հիշեցնենք, որ Եղիսաբեթ II թագուհու մահվանից հետո նրա ավագ որդին՝ Չարլզը հռչակվեց Միացյալ Թագավորության նոր թագավոր։ Եղիսաբեթ II-ը մահացավ սեպտեմբերի 8-ին՝ 96 տարեկան հասակում։
Լուսանկարը՝ Բուքինգհեմյան պալատի
Մեկնաբանել