HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ուկրաինան ազատագրել է Կուպյանսկ և Իզյում քաղաքները. մարզային խորհրդի նախագահ

Ուկրաինայի զինված ուժերն ազատագրել են Խարկովի մարզի Կուպյանսկ քաղաքը։ Այդ մասին հայտարարել է մարզային խորհրդի նախագահի խորհրդական Նատալյա Պոպովան։ 

«Կուպյանսկն Ուկրաինա է։ Փա՜ռք Ուկրաինայի զինված ուժերին»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Պոպովան և հրապարակել Կուպյանսկի վարչական շենքի ֆոնին ուկրաինացի զինվորականների լուսանկարը։ Ռուսական «Агентство» գործակալությունը հաստատել է տեղանքը և գրել, որ զինվորականները լուսանկարվել են Կուպյանսկի քաղաքային խորհրդի շենքի ֆոնին։

Նաև հրապարակվել է ուկրաինացի զինվորականների տեսանյութը, որոնք մտնում են Կուպյանսկ քաղաք։ Քաղաքի ազատագրումը հաստատել է նաև «Украинская правда»-ի աղբյուրը, որն աշխատում է Խարկովի օկուպացիոն իշխանությունների կազմում։ Կիևն ու ԳՇ-ն պաշտոնապես չէին հայտարարել Կուպյանսկի ազատագրման մասին։ Ավելի ուշ, Ուկրաինայի անվտանգության ծառայությունը հաստատել է այդ հանգամանքը։

Իգոր Ստրելկովը (իրական ազգանունը՝ Գիրկին), որը 2014 թվականին եղել է Դոնեցկի ինքնահռչակ ժողովրդական հանրապետության պաշտպանության նախարարը, իսկ այս տարի Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից հետո մեկնաբանում է ռուսական զորքերի գործողությունները, հայտարարել է, որ ՌԴ ԶՈւ-ն թողել է Կուպյանսկի արևմտյան հատվածը։ Նրա խոսքով՝ դրան բաժին է հասնում քաղաքի տարածքի երկու երրորդը։ 

ВГТРК-ի լրագրող Եվգենի Պոդդուբնին էլ հայտնել է, որ Կուպյանսկի արևելյան հատված, որը արևմտյան հատվածից բաժանված է Օսկոլ գետով, ուկրաինացիները չեն կարողացել մտնել։ Այդուհանդերձ,  «Комсомольская правда»-ի ռազմական թղթակից Ալեքսանդր Կոցը գրել է, որ «Կուպյանսկի մոտ հակառակորդին կանգնեցնել չի հաջողվել» և որ «հետքաշված ստորաբաժանումները պաշտպանության են անցնում Օսկոլ գետի արևելյան ափին»։

Իր հերթին Դոնեցկի ինքնահռչակ ժողովրդական հանրապետության պաշտպանության նախարար Դանիիլ Բեզսոնովը հայտարարել է, որ ռուսական զորքերը թողել են նաև Իզյում քաղաքը, որը Կուպյանսկից գտնվում է մոտ 70 կիլոմետր հարավ-արևմուտք։ Իզյումից ռուսաստանցիների հեռանալու մասին, որոնք գտնվում էին ամբողջական շրջափակման վտանգի տակ, հայտնել է նաև Ստրելկովը՝ հայտարարելով, որ «դա հաստատված է մի շարք աղբյուրներով»։

Ուկրաինացի և ռուսաստանցի ռազմական բլոգերները նաև գրում են, որ Ուկրաինայի զինված ուժերն անցնում են Սևերսկի Դոնեց գետն ու հարձակվում Լիմանի ուղղությամբ։ Դա նշանակում է, որ ռուսական բանակը ունակ չի եղել կանգնեցնելու ուկրաինական հարձակումը Օսկոլ և Սևերսկի Դոնեց գետերի երկայնքով։

Լուսանկարը՝ ANATOLII STEPANOV/AFP via Getty Images

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter