
ԿԲ-ն 0.5 տոկոսային կետով բարձրացրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը
Հայաստանի Կենտրոնական բանկի (ՀՀ ԿԲ) խորհուրդը այսօրվա՝ սեպտեմբերի 13-ի նիստին որոշում է կայացրել 0.5 տոկոսային կետով բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ սահմանելով այն 10%:
Վերաֆինանսավորման տոկոսադրույքն այն տոկոսն է, որով Կենտրոնական բանկը վարկեր է տրամադրում գործող առևտրային բանկերին: Գլխավոր դրամատունը բարձրացնում է տոկոսադրույքը, երբ երկրում բարձր գնաճ կամ գնաճային ռիսկեր են գրանցվում:
Տոկոսադրույքի բարձրացումը կարող է հանգեցնել բանկերի կողմից քաղաքացիներին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների բարձրացմանը, որն էլ իր հերթին կզսպի վարկերի նկատմամբ պահանջարկն ու բնակչության սպառումը: Սպառման նվազումն էլ կարող է զսպել գնաճը։
Վիճակագրական ծառայության վերջին տվյալներով՝ 2022 թվականի օգոստոսին, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, Հայաստանում 9.1% գնաճ է գրանցվել։ Մասնավորապես, սնունդը թանկացել է 12.5%-ով, ալկոհոլային խմիչքներն ու ծխախոտը՝ 8.3%-ով, կենցաղային ապրանքները՝ 10.2%-ով և այլն։
Այս տարվա ընթացքում Կենտրոնական բանկն արդեն չորրորդ անգամ է բարձրացնում վերաֆինանսավորման տոկոսադրույքը։
Ծրագրված է, որ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանն այսօր լրագրողների հետ նախատեսված հանդիպմանն առավել մանրամասն կներկայացնի վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացման պատճառներն ու սպասելիքները։
Մեկնաբանել