Ինքնաթիռների թռիչք-վայրէջքներից մինչեւ ջեռուցում. Ոսկեհատի դպրոցում խնդիրները շատ են
Այսօր հանրապետության դպրոցներում նշվում է «Վերջին զանգը»: Մայրաքաղաքի դպրոցների մեծ մասի աշակերտներն այն նշում են զարդարված ու վերանորոգված դահլիճներում, որոնք կահավորված են ժամանակակից տեխնիկայով եւ կահույքով: Նույնը չի կարելի ասել մարզերի դպրոցների մեծ մասի համար:
Արմավիրի մարզի Ոսկեհատ գյուղի դպրոցը վերջին անգամ կապիտալ վերանորոգման ենթարկվել է խորհրդային տարիներին: Դրանից հետո մասնակի վերանորոգումներ արվել են, սակայն անօգուտ. դպրոցի պատերից ներս ամեն ինչ անշուք է: Պետերի ճաքերը քողարկելու համար դպրոցի տնօրինությունը ստիպված միջանցքներում աշակերտների ձեռքի նկարներն է փակցրել ու ցուցանակներ պատրաստել:
«Ճիշտ եք նկատել, որ վերանորոգման կարիք ունի դպրոցը, բայց վերջն 10 տարվա կտրվածքով բավականին գործեր արվել են: Պատուհանների մի մասը փոխվեցին եւ ամենակենսականը մեզ համար լոկալ ջոռուցման անցկացումն էր ու սանհանգույցների փոխումը: Մասամբ վերանորոգումներ արվել են, բայց հարդարման աշխատանքների կարիք, իրոք, զգացվում է»,- ասաց Ոսկեհատի միջնակարգ դպրոցի տնօրեն Մանվել Մանուկյանը:
Ըստ տնօրենի, դպրոցի շենքը լավ է պահպանվել եւ վերանորոգումն այնքան էլ ծախսատար չի լինի: Արդեն նախահաշիվ կազմվել է, եւ 35 միլիոն դրամի չափով աշխատանքներ պիտի կատարվեն: Տնօրենն ասաց, որ վերանորոգելու խոստումներ եղել են «վերեւներից», սկսած Արմավիրի մարզպետից, մինչեւ պատգամավոր Սեդրակ Սարոյան: Մանվել Մանուկյանը հույս ունի, որ գալիք տարում իրենց դպրոցն էլ կվերանորոգվի եւ ներկայանալի տեսք կունենա:
Տնօրենը հիշեց, որ 1999թ., երբ Գարեգին Բ-ն դեռ Ամենայն հայոց կաթողիկոսը չէր, դպրոցին օգնել է շինանյութով, գյուղացիներն էլ անվճար հիմունքներով մասնակի վերանորոգել են դպրոցը: Դրանից հետո, կարելի է ասել՝ լուրջ աշխատանքներ չեն կատարվել:
Այս դպրոցի համար իսկական պատուհաս են նաեւ ինքնաթիռները: Ուսուցիչներն ու աշակերտները պատմեցին, որ «Զվարթնոց» օդանավակայանից թռչող եւ վայրէջք կատարող ինքնաթիռների ուղին անցնում է հենց իրենց դպրոցի վրայով: Քանի որ գյուղն ընդամենը 2-3 կիլոմետր է օդանավակայանից հեռու, ինքնաթիռները դպրոցի վրայով թռչում են շատ ցածր:
Դպրոցի տնօրենն ասում է, որ «աշխատասենյակում նստած ցնցվում են, երբ ինքնաթիռն անցնում է տարածքով»: Իհարկե, այդ ցնցումներն անհետեւանք չեն մնում, եւ դրանք էլ իրենց հերթին խարխլում են դպրոցի պատերը եւ ճաքերի առաջացման պատճառ հանդիսանում:
Աշակերտներից մեկն էլ դժգոհեց, որ դպրոցը լավ տեղում կառուցված չէ եւ գտնվում է հենց գերեզմանոցի հարեւանությամբ: «Հենց մարդ են բերում թաղելու, դասարանում նստած լացի ձայները լսում ենք, դրանից հետո նորմալ դաս անել կլինի՞»,- դժգոհեց նա:
Այս գյուղում նաեւ խնդիր է առաջանում, երբ ինքնաթիռով որեւէ տեղ է մեկնում կամ ժամանում երկրի նախագահը: Անվտանգության աշխատակիները դպրոցի տարածքով մեկ հսկողություն են իրականացնում, իսկ եթե այն համընկնի դպրոցի դասերի հետ, ապա խստիվ արգելվում է դպրոցի պատերից դուրս երեխաների ակտիվությունը: Գյուղացիները եւս դժվարությամբ են այդ ժամերին անցնում այդ տարածքով, քանի որ անվտանգության աշխատակիցները նրանց սկսում են հարցաքննել, թե ուր է գնում, ինչի համար եւ այլն:
Ոսկեհատի դպրոցում խնդիր է նաեւ աշակերտների թվի նվազումը: Մանվել Մանուկյանը, անդրադառնալով այդ խնդրին, արձանագրեց. «Սկի լավ չի»:
![]() |
![]() |
Ըստ նրա` 1996թ. դպրոցն ունեցել է 527 աշակերտ, իսկ այսօր 238: «Նվազումը հիմնականում պայմանավորված է արտագաղթով: 2000թ-ից սկսած արտագաղթել են, սակայն հիմա մի քիչ արտագաղթը նվազել է ու աշակերտների թիվն էլ քիչ-քիչ ավելանում է»,- ասաց Մանվել Մանուկյանը:
Դպրոցը դժվարություններ ունի նաեւ ֆինանսական հարցում, քանի որ ֆինանսավորվում է աշակերտների թվաքանակով: Մանվել Մանուկյանը նշեց, որ դրան էլ են հարմարվել եւ անցել են «խնայողությունների ու խելացի աշխատանքի»:
«Մենք բավարարվում ենք եղածով` աշխատավարձ եւ չնչին չափով էլ տնտեսական հարցեր ենք լուծում: Մեզ համար թիվ մեկ խնդիրը ջեռուցումն է: Մենք գազի համար վճարում ենք այնքան, որքան արդյունաբերական ձեռնարկությունները: Աշակերտների թիվն ու շենքային պայմանները համապատասխան չեն, տիպային շենք է եւ պետք է ջեռուցես ամբողջ շենքը, իսկ դա խնդիր է: Ձմռան ամիսներին ջեռուցման համար օրական ծախսում են 20-30 հազար դրամ, դա էլ` խնայողաբար»,- ավելացրեց դպրոցի տնօրենը:
Իր երկարատեւ մանկավարժական գործունեության ընթացքում Մանվել Մանուկյանը եկել է մի եզրահանգման, որ պետության վրա ամբողջությամբ պետք չէ հույս դնել եւ պետք է հանդես գալ նախաձեռնություններով:
«Ունեմ ուսուցիչներ, որոնք վարձատրվել են մյուսների նման, բայց իրենց նախաձեռնություններով կառուցել են ֆիզկուլտուրայի դաշտեր, լողավազաններ եւ այդպիսի ուսուցիչներից մեկի` Վանիկ Ղուկասյանի պատվին, հուշապատ եմ կառուցելու, որը կլինի թե հարգանքի նշան, թե կոչ բոլորին»,- ավելացրեց տնօրենը:
Նա որոշել է նաեւ դպրոցում թանգարան կառուցել` դասավանդած բոլոր ուսուցիչների կյանքի պատմություններով, մեկնաբանություններով ու լուսանկարներով: Մանվել Մանուկյանը վստահ է, որ թանգարանը դաստիարակչական նշանակություն կունենա, թե աշակերտների, թե երիտասարդ ուսուցիչների համար:
«Դրանով երիտասարդ ուսուցիչները կհասկանան, որ դպրոցում աշխատելը միայն աշխատավարձ ստանալը չի, դպրոցը նվիրում է պահանջում: Շատ ենք շեշտում հինը, բայց փաստ է՝ հների շփումը, նվիրումն ուրիշ է, իսկ այսօր լրիվ ուրիշ է, այդ նվիրումը չկա»,-հավելեց Մ. Մանուկյանը:
Նշենք, որ Ոսկեհատի համայնքապետը Գարեգին Բ-ի եղբայրն է` Գեւորգ Ներսիսյանը: Նա մեզ հետ զրույցում ամենեւին չանդրադարձավ դպրոցի խնդիրներին, ասելով, թե իրենց համար առաջնահերթ է միայն դպրոց տանող 600 մետր ճանապարհի ասֆալտապատումը:
Տեսանյութեր
Լուսանկարներ

Մեկնաբանել