
Ֆրանսիան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ կհրավիրի
Ֆրանսիան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ կհրավիրի եւ կներկայացնի հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը։ Այս մասին,Ելիսեյան պալատին հղում անելով, գրում է «Ֆրանս 24»-ը։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։
Նշենք, որ Ֆրանսիան ներկայումս նախագահում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը։ Գիշերը նախագահ Մակրոնը հեռախոսազրույց էր ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Էմանուել Մակրոնն անթույլատրելի է համարել լարվածության հետագա խորացումը և շեշտել իրավիճակը լիցքաթափելու անհրաժեշտությունը:
Ավելի ուշ Ելիսեյան պալատը հաղորդագրություն տարածեց Փաշինյան-Մակրոն հեռախոսազրույցի վերաբերյալ, որում ասված է. «Հանրապետության նախագահը շարունակում է կոչ անել խստորեն պահպանել հրադադարի ռեժիմը և հարգել Հայաստանի տարածքային ամբողջականությունը: Ֆրանսիան իրավիճակը կներկայացնի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին, որն այս պահին նախագահում է:
Ֆրանսիայի հանրապետության նախագահը շարունակում է մնալ կողմերի տրամադրության տակ, որպեսզի այս հակամարտությանն առնչվող և դրանից բխող բոլոր հարցերը լուծվեն բացառապես բանակցային ճանապարհով։ Նախագահը կշարունակի ակտիվորեն նպաստել այդ գործընթացին՝ բոլոր գործընկերների և շահագրգիռ կողմերի հետ համատեղ»:
Մակրոնը նաև պատրաստակամ է մտքեր փոխանակել Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի հետ:
Մեկնաբանել