HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Գեղարքունիքի և Վայոց ձորի մարզպետարանները քաղաքացիական բնակչության վնասների վերաբերյալ տեղեկություններ չունեն

Սեպտեմբերի 13-ին՝ կեսգիշերին Ադրբեջանի կողմից Հայաստանի մի շարք բնակավայրերի հրետակոծության հետևանքով տուժել են խաղաղ բնակիչներ: Այս պահի դրությամբ, մարդկային կորուստներ չկան, սակայն բնակիչները նյութական վնասներ են կրել:

Ադրբեջանը հարձակվել է երեք ուղղությամբ՝ Գեղարքունիքի, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում տեղայակված դիրքերի և բնակավայրերի: 

Սյունիքի մարզպետի օգնական Արմինե Ավագյանը «Հետք»-ին ասաց, որ իրենց տեղեկություններով՝ մարզում խաղաղ բնակչության շրջանում զոհեր և վիրավորներ չկան, սակայն մարդիկ կրել են նյութական վնասներ, որոնց վերաբերյալ դեռ ամբողջական ուսումնասիրություն չի կատարվել:

Արմինե Ավագյանի փոխանցմամբ՝ Տեղ համայնքի Քարաշեն գյուղում վնասվել է մշակույթի տան շենքը, Վաղատուր գյուղում արկն ընկել է այգիների մեջ: Գորիս համայնքի Վերիշեն և Ակներ գյուղերում արկն ընկել է բնակելի տների վրա: 

«Այս պահի դրությամբ այդ տվյալները գիտենք: Մեր տվյալներով՝ խաղաղ բնակիչության շրջանում զոհեր և վիրավորներ չկան»,-ասում է մարզպետի օգնականը:

Գեղարքունիքի մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հասմիկ Շահբազյանն ասաց, որ դեռ հստակ տեղեկություններ չկան, թե խաղաղ բնակիչներն ինչ վնասներ են կրել: Ըստ նրա՝ «մարզպետարանն ուսումնասիրում է»:

Թեև մարզպետարանը նոր-նոր ուսումնասիրություն է իրականացնում, սակայն սոցիալական ցանցերում վաղ առավոտից արդեն Վարդենիս համայնքի Սոթքի վարչական շենքի և հարևան գյուղերի վնասված բնակելի տների լուսանկարներն են հրապարակվել:

Վայոց ձորի մարզպետարանից տեղեկատվություն ստանալ հաջողվեց միայն ընդմիջումից հետո: Այս խառն իրավիճակում աշխատակիցները որոշել էին դուրս գալ աշխատասենյակներից և գնալ ընդմիջման:

Մարզպետի խորհրդական Արմեն Դավթյանն ասաց, որ դեռ տվյալներ չունեն խաղաղ բնակչության շրջանում վնասների, կորուստների վերաբերյալ:

Առողջապահության նախարարության հաղորդմամբ, Ադրբեջանի զինված ստորաբաժանումների կողմից հայկական դիրքերի և բնակավայրերի ուղղությամբ հրետակոծության հետևանքով վիրավորում է ստացել քաղաքացիական երեք անձ: Նրանցից մեկի առողջական վիճակը գնահատվում է ծանր, երկուսինը` բավարար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter