HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

ՀԱՊԿ-ը Երևանին և Բաքվին կոչ է անում իրավիճակը կարգավորել քաղաքական-դիվանագիտական ճանապարհով

ՀԱՊԿ-ը Երևանին և Բաքվին կոչ է անում իրավիճակը կարգավորել քաղաքական-դիվանագիտական ճանապարհով։ Այդ մասին նշվում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության տարածած հաղորդագրության մեջ։ 

«Մենք անընդունելի ենք համարում ուժի կիրառումը։ Հակասությունները լուծելու համար պետք է կիրառվեն բացառապես քաղաքական և դիվանագիտական ​​մեթոդներ ու պայմանավորվածություններ, որոնք ամրագրված են Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի, հունվարի 11-ի և 2021 թվականի նոյեմբերի 26-ի հայտարարություններում»,- ասված է հաղորդագրության մեջ՝ հավելելով, որ ՀԱՊԿ-ը բարձր է գնահատում Ռուսաստանի Դաշնության միջնորդական ջանքերը «ս. թ. սեպտեմբերի 13-ին ՝ ժամը 9: 00-ից սկսած, շփման գծում հրադադարի պահպանման գործում»։

Հայկական կողմի՝ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդին Հայաստանի Հանրապետությանն աջակցության կոչով դիմելու կապակցությամբ կազմակերպության քարտուղարությունը, ՀԱՊԿ Միացյալ շտաբի հետ համատեղ, աշխատանքներ է կազմակերպել իրավիճակի կարգավորման ուղղությամբ ՀԱՊԿ մեխանիզմներն ակտիվացնելու։

Այլ մանրամասներ Հայաստանի Հանրապետության անվտանգության և տարածքային ամբողջականության համար պատասխանատու կազմակերպությունը չի ներկայացրել։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաև ԱԹՍ-ներ: 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովի հատուկ նիստի ժամանակ հայտարարել է, որ, վերջին տվյալներով, հայկական կողմն ունի 49 զոհ։ Նա նաև հավելել է, որ այդ թիվը վերջնական չէ։

Ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշել է դիմել Ռուսաստանի Դաշնությանը, ՀԱՊԿ-ին և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին։ Կառավարության փոխանցմամբ՝ համապատասխան դիմումներն արդեն իսկ ուղարկված են։ Ավելի ուշ, հայտնի դարձավ, որ Ֆրանսիան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ կհրավիրի եւ կներկայացնի հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը։

Իրավիճակի կտրուկ սրումից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուշ գիշերը հեռախոսազրույցներ է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի, Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ։ Իր հերթին արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն էլ հեռախոսազրույցներ է ունեցել Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով օգնական Քերըն Դոնֆրիդի հետ: Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն էլ հեռախոսազրույց էր ունեցել ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ։

Լուսանկարը՝ kapital.kz-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter