HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Էնթոնի Բլինքենը Ալիևին կոչ է արել դադարեցնել մարտական գործողությունները

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, որի ընթացքում Ալիևին հասցեական կոչ է արել դադարեցնել մարտական գործողությունները և ընդգծել, որ Միացյալ Նահանգները ձգտելու է բախումների դադարեցմանն ու Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը: Այդ մասին նշվում է Պետքարտուղարության մամուլի խոսնակ Նեդ Փրայսի տարածած հաղորդագրության մեջ։

«Պետքարտուղար Էնթոնի Ջ. Բլինքենը գիշերը խոսել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ խորը մտահոգություններ հայտնելով հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով ռազմական գործողությունների, այդ թվում՝ Հայաստանի տարածքը հրետակոծելու առնչությամբ։ Պետքարտուղար Բլինքենը կոչ է արել նախագահ Ալիևին կասեցնել ռազմական գործողությունները և ընդգծել, որ Միացյալ Նահանգները ջանքեր է գործադրելու կռիվը անհապաղ դադարեցնելու և Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղ հանգուցալուծման հասնելու ուղղությամբ»,- նշվում է ամերիկյան կողմի տարածած հաղորդագրության մեջ։

Հետաքրքականն այն է, որ այս հաղորդագրությանը հաջորդած հաղորդագրության մեջ, որը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցի մասին է, ամերիկյան կողմը մարտական գործողությունների դադարեցման հասցեական կոչ չի արել, այլ «վստահեցրել վարչապետ Փաշինյանին, որ Միացյալ Նահանգները ձգտելու է բախումների դադարեցմանն ու Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը»։ 

«Պետքարտուղար Էնթոնի Ջ. Բլինքենը գիշերը խոսել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետ՝ խորը մտահոգություններ հայտնելով հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով ռազմական գործողությունների, այդ թվում Հայաստանի տարածքը հրետակոծելու առնչությամբ։ Պետքարտուղարը ընդգծել է ռազմական գործողությունները կասեցնելու անհրաժեշտությունը և վստահեցրել է վարչապետ Փաշինյանին, որ Միացյալ Նահանգները ջանքեր է գործադրելու կռիվը անհապաղ դադարեցնելու և Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղ հանգուցալուծման հասնելու ուղղությամբ»,- նշվում է ամերիկյան հաղորդագրության մեջ։

Այս հաղորդագրություններով ամերիկյան կողմը հստակ ի ցույց է դրել իր դիրքորոշումը տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ՝ ընդգծելով, որ այս բախումների ժամանակ ագրեսոր կողմն Ադրբեջանն է։

Լուսանկարը՝ Jim Watson/AFP/Getty Images

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter