HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ղազախստանի ԱԳՆ պնդմամբ՝ Հայաստան ղազախ խաղաղապահների ուղարկման հարց չի քննարկվում

Ղազախստանից Հայաստան խաղաղապահների հնարավոր ուղարկման հարց, որը պայմանավորված է հայ-ադրբեջանական սահմանին առկա սրմամբ, օրակարգում դրված չէ։ Այդ մասին լրագրողներին հայտարարել է Ղազախստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Մուխտար Թլեուբերդին։

«Հարցն այդպես դրված չէ։ Երեկ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստի ժամանակ Հայաստանի վարչապետը ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարներին տեղեկացրել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին առկա իրավիճակի մասին։ Ընդհանուր առմամբ, տեղեկատվությունն ընդունվել է։ Իհարկե, մենք ուզում էինք ստանալ օբյեկտիվ տեղեկատվություն, որովհետև երկու կողմից ստացվում է տարբեր տեղեկատվություն։ Այդ իսկ պատճառով ընդհանուր առմամբ պետությունների ղեկավարները որոշում են կայացրել, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը մեկնի այնտեղ, ստանա ամբողջական պատկերացում տեղում և այնուհետ տեղեկացնի պետությունների ղեկավարներին»,- նրա խոսքը մեջբերում է «Власть»-ը։

Ղազախ նախարարի խոսքով՝ Հայաստանի և Ադրբեջանի սահմանն սահմանազատված չէ, ինչի պատճառով «դժվար է խոսել սահմանի ինչ-որ խախտման մասին»։ Ինչպես կարծում է Թլեուբերդին, առաջնային խնդիրը կայանում է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման և սահմանագծման համատեղ հանձնաժողովի աշխատանքների վերականգնումը։ 

«Մենք պատրաստ ենք կիսվել մեր փորձով։ Քանի որ մենք սահմանագծել ենք մեր սահմանը ցամաքային և նույնիսկ ծովային սահմանների ողջ երկայնքով, սահմանագծումը գործնականում ավարտված է բոլոր պետությունների հետ, բացի Ռուսաստանից։ Ռուսաստանի հետ սահմանազատումը մեզնից կպահանջի, երևի, ևս 2-3 տարի»,- ասել է այդ երկրի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։

Նախօրեին կայացել էր ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի առցանց ձևաչափով արտահերթ նիստը, որը նվիրված էր ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի ձեռնարկած ագրեսիային։ Դրա արդյունքում որոշվել է, որ ՀԱՊԿ-ն, գլխավոր քարտուղարի գլխավորությամբ, պատվիրակություն կուղարկի Հայաստան՝ տեղում ծանոթանալու իրավիճակին։

Լուսանկարը՝ Pavel Mikheyev/Reuters

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter