
Սուրեն Պապիկյան. «Աջակցության նախաձեռնությունները հաճախ գցում են բանակի վարկը»
«Պաշտպանության նախարարությունն ի վիճակի է ապահովել մեր բանակի կարիքները»,- ասում է Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ Ազգային ժողովում պատասխանելով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հարցին, թե համացանցում հայտարարություններ են շրջանառվում, որ բանակի համար ինչ-ինչ պարագաներ են հավաքում:
Սուրեն Պապիկյանը նշեց, որ այս փուլում, երբ հայտարարված չէ մոբիլիզացիա, որևէ խնդիր չունեն ապահովելու անձնակազմին:
«Խնդրում եմ ուղղակի, ինքնագործունեությամբ չզբաղվել: Եթե կա մեծ ցանկություն ինչ-որ բանով աջակցել, լինել բանակի կողքին, պետք է կապվել պատկան մարմինների հետ: Ես հանձնարարել եմ Պաշտպանության նախարարության մամլո խոսնակին, հարթակ, հնարավորություն ստեղծել, մարդիկ կապվեն իր հետ և հնարավորության դեպքում իրենց բարոյական աջակցությունը հայտնեն: Եթե կարիք լինի՝ այլ հարցերով համագործակցել, մենք պատրաստ ենք համագործակցել բոլորի հետ»,- ասում է ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանը:
Նախարարի խոսքերով՝ աջակցության նախաձեռնությունները հաճախ գցում են բանակի վարկը, ոստի խնդրում է ձեռնպահ մնալ ինքնագործունեությունից:
Ալեն Սիմոնյանը ճշգրտող հարց տվեց նախարարին, հետաքրքրվելով՝ ստացվում է այս պահին զինվորականները, հագուստի, սննդի, վրանների կարիք չունեն: Նախարարը հաստատեց, որ նման պարագաների կարիք չկա, Պաշտպանության նախարարությունը ձեռք է բերում:
Մեկնաբանել