HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ազգային օրացույցի չգրված տոներից մեկը

Հանրապետության հանրակրթական ուսումնական հաստատություններում այսօր տոն է` 2012 թվականի շրջանավարտների վերջին դասը: Այդ կապակցությամբ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այցելել է Երևանի թիվ 142 ավագ դպրոց:

Շնորհավորելով շրջանավարտներին և մանկավարժներին տոնի առթիվ` նախարարը նշել է. «Վերջին դասը մեր ազգային օրացույցում չգրված տոներից մեկն է, բայց ամեն տարի այն զանգվածային տոնախմբության է վերածվում, քանի որ առնչվում է գրեթե յուրաքանչյուր հայ ընտանիքի: Այսօր շուրջ 40 հազար երիտասարդներ կթերթեն պատանեկության էջը և կմտնեն հասուն կյանք:

Մենք կյանք են թողարկում հայ երիտասարդների հերթական սերունդ, որի ուսերին է հայոց պետականության, տնտեսության, մշակույթի, գիտության զարգացման բեռը և պարտավորությունը: Ուզում եմ հավատալ, որ այսօրվա ձեր փխրուն, բայց վաղն ավելի ամուր ուսերին ընկնող պետականաշինության բեռը կկատարեք պատվով, որ կարդարացնեք ձեր ծնողների ջանքերը և մանկավարժների հույսերը, որոնք տարիներ շարունակ ջրել են ձեզ` որպես ծառ, որը տարիներ հետո պետք է բերք տա:

Ձեզ առաջին հերթին մաղթում եմ անվտանգ, հիշարժան օր ողջ կյանքի ընթացքում, որպես մի լուսավոր, պայծառ կետ, որին կարելի է  միշտ վերադառնալ, երբ ուզում ես քաղել մանկության օրերի կարոտախտը, պատանեկության պայծառ տարիները: Դարձեք պիտանի մարդ ձեր ընտանիքի, պետության և հասարակության համար, ձեզ անձնական երջանկություն և բարեկեցություն, քանի որ յուրաքանչյուրիս հաջողությամբ և երջանկությամբ է չափվում հասարակության ամրությունը և բարեկեցությունը»:

Նախարար Արմեն Աշոտյանը հույս է հայտնել, որ այսօրվա շրջանավարտներից շատերը իրենց ուղին կշարունակեն բարձրագույն և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում և նրանց հաջողություններ մաղթել քննությունների ընթացքում:

«Այս տարիների ընթացքում պետությունը ձեզ համար փորձել է ապահովել որակյալ կրթությանը հարիր պայմաններ, հիմքեր ստեղծել մեծ կյանք մտնելու համար: Հուսով եմ, որ ձեզանից շատերը բռնել են լավ կրթություն ստանալու ճանապարհը և կյանքում իրենց բարեկեցության և հաջողության գաղտնիքը կապում են միայն որակյալ կրթության հետ»,- նշել է նախարարը` շրջանավարտներին ևս մեկ անգամ հորդորելով զերծ մնալ «պատանեկան տոնը մեծերի խնջույքի վերածելու անհարկի դրսևորումներից»:

«Ամեն ինչ գեղեցիկ է չափի մեջ: Մեզ համար առաջին հերթին կարևոր է ձեր անվտանգությունն ու առողջությունը: Հիշարժան և անմոռանալի օր ձեզ, սիրելի շրջանավարտներ»,- դիմելով աշակերտներին` նշել է Արմեն Աշոտյանը: Ինչպես հայտնում է ԿԳՆ մամուլի ծառայությունից, նախարարը մասնակցել է նաև դպրոցում կազմակերպված տոնական միջոցառմանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter