
Որեւէ փաստաթուղթ չի ստորագրվել եւ չի պատրաստվում ստորագրման. Նիկոլ Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուք գրառում է արել՝ հայտարարելով, որ որեւէ փաստաթուղթ չի ստորագրվել եւ չի պատրաստվում ստորագրման։ Խոսքն այսօր ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ իր այն արտահայտության մասին է, թե պատրաստ է ստորագրել մի փաստաթուղթ, որը տեւական խաղաղություն եւ անվտանգություն կապահովի Հայաստանի համար 29,800 կմ քառակուսի տարածքում։
«Սիրելի հայրենակիցներ, կոչ եմ անում, խնդրում եմ, հորդորում եմ մանիպուլյացիաների չտրվել:
Որեւէ փաստաթուղթ չի ստորագրվել եւ չի պատրաստվում ստորագրման: Սա տեղեկատվական դիվերսիա է՝ ուղղորդված արտաքին ոչ բարեկամական ուժերի կողմից՝ երկրի դիմադրողականությունը կոտրելու համար»,- գրել է վարչապետը։
«Չենք կարող վերնագիրը գրել «խաղաղության պայմանագիր», ստորագրենք, որի արդյունքում 6 ամիս հետո նոր պատերազմ սկսի։ Չենք կարող։ Ուզում ենք մի թուղթ ստորագրել, որի համար մեզ կարող են քննադատել, հայհոյել, դավաճան ասել, ժողովուրդը նույնիսկ կարող է հեռացնել մեզ իշխանությունից։ Էլի գոհ կլինենք, եթե ՀՀ-ն 29,800 քկմ տարածքով ստանա տևական խաղաղություն ու անվտանգություն։ Շատ հստակ ասում եմ՝ էն որոշումը, որը դա կապահովի, ես էդ որոշումը ստորագրելու եմ: Ինձ չի հետաքրքրում թե ինչ կլինի հետո ինձ հետո, ինձ հետաքրքրում է, թե ինչ կլինի հետո ՀՀ հետ»,-ասել էր վարչապետը։
Այդ հայտարարությունից հետո բուռն քննարկում ծավալվեց սոցցանցերում, ապա քաղաքացիները սկսեցին հավաքվել կառավարության շենքի մոտ։
Մեկնաբանել