
ԱԺ-ն քննարկում է ՍԴ դատավորի պաշտոնում Սեդա Սաֆարյանի ընտրության հարցը
Այսօր՝ սեպտեմբերի 15-ին, խորհրդարանը քննարկում է ՍԴ դատավորի ընտրության հարցը։ Արդարադատության փոխնախարար Գրիգոր Մինասյանը նշեց, որ Կառավարությունը որոշել է այդ պաշտոնում առաջադրել Սեդա Սաֆարյանի թեկնածությունը՝ հաշվի առնելով նույն դատարանի դատավոր Արևիկ Պետրոսյանի պաշտոնավարման ժամկետի՝ 2022 թ.-ի դեկտեմբերի 10-ին լրանալու հանգամանքը։
Փոխնախարարը ներկայացրեց Կառավարության առաջադրած թեկնածուի կենսագրական տվյալները, որից հետո պատգամավորները հարցեր ուղղեցին Սաֆարյանին։
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը հարցրեց, թե ինչպես է թեկնածուն վերաբերվում նրան, որ ՍԴ-ն որպես ինստիտուտ վերանա և ունենանք Գերագույն դատարան՝ համապատասխան պալատով։
«Ինչպես ՀՀ-ն, ՀՀ քաղաքացին և իրավական համակարգը լուրջ հիմնավորումներով կհանգեն հետևության, որ մեզ ՍԴ պետք չէ, պետք է Գերագույն դատարան, և Վճռաբեկ դատարանի և Սահմանադրական դատարանի դատավորների միավորում, կամ առանձին ճյուղերով կազմ, կարծում եմ՝ ոչ թե կառուցվածքային փոփոխությունն եմ կարևորում, այլ մարդկանց աշխատանքը։ Կլինի ՍԴ-ում, թե Վճռաբեկում, բայց սահմանադրական լիազորություններ իրականացնող անդամների կազմով, կարևորում եմ, որ մարդն իր գործառույթներն իրականացնի։ Կառուցվածքային փոփոխություններն այդքան էլ կարևոր չեն»,- նշեց Սաֆարյանը։
Մեկնաբանել