
ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում քննարկեցին ռազմական գործողությունները հայ-ադրբեջանական սահմանին
Այսօր ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում հրատապ նիստ էր հրավիրվել, որտեղ քննարկվեցին ռազմական գործողությունները Հայաստանի և Ադրբեջանի սահմանին։
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստին ներկա էին մշտական անդամների (Չինաստան, Ֆրանսիա, Ռուսաստան, ԱՄՆ, Միացյալ Թագավորություն) ներկայացուցիչները:
Նիստի սկզբին ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով տեղակալ Միրոսլավ Յենչան նշեց, որ հարցը քննարկելու համար Անվտանգության խորհրդին նամակներով դիմել են և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը՝ պնդելով, որ խախտվել է իրենց տարածքային ամբողջականությունը։
Նա համառոտ ներկայացրեց երկու երկրների դիրքորոշումը և նշեց, որ ՄԱԿ-ն այն դիրքում չէ, որպեսզի կարողանա հաստատել կամ հերքել սահմանին տեղի ունեցած իրադարձությունների մասին երկու կողմերի իրարամերժ պնդումները։
Հայաստանի դեմ ագրեսիան Ադրբեջանն առաջին իսկ օրվանից հիմնավորել է որպես պատասխան հայկական կողմի դիվերսիոն գործողությունների։ Այս դիրքորոշմանը լիովին աջակցել է Թուրքիան։
ՄԱԿ-ի անունից փոխքարտուղարը ողջունեց հրադադարի մասին կողմերի պայմանավորվածությունը և հորդորեց պաշտոնական Երևանին ու Բաքվին քայլեր ձեռնարկել սահմանի դեմարկացիայի ու դելիմիտացիայի, խաղաղության պայմանագրի կնքման ուղղությամբ։
«Հետևողականորեն հորդորում ենք կողմերին վերադառնալ բանակցությունների և քայլեր ձեռնարկել երկարատև խաղաղության պայմանագրի կնքման ուղղությամբ»,- ասաց Միրոսլավ Յենչան:
ՄԱԿ-ը պատրաստակամություն հայտնեց դիմումների դեպքում հումանիտար օգնություն ցուցաբերել երկու կողմերին։
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Ֆրանսիայի մշտական ներկայացուցիչ, Անվտանգության խորհրդի նախագահ Նիկոլա դե Ռիվիերը իր խոսքում նշեց, որ Ֆրանսիան մտահոգված է սահմանին տեղի ունեցող ռազմական գործողություններով։
«Մենք կոչ ենք անում Ադրբեջանին հետ քաշել իր զորքերը ելման դիրք, Հայաստանի տարածքային ամբողջականությունը պետք է պահպանվի: Կողմերը պետք է քննարկեն դեմարկացիայի և դելիմիտացիայի հարցերը, ինչպես նաև որոշ ուժերի կողմից բռնության դեպքերի կանխումը: Ֆրանսիան կշարունակի աջակցել տարածաշրջանում տևական խաղաղության հասնելուն»,- ասաց Նիկոլա դե Ռիվիերը։
Նիստին ելույթ ունեցավ նաև ՄԱԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչ Ռիչարդ Միլսը, նա 2014-2018 թթ. եղել է Հայաստանում ԱՄՆ դեսպան։
«Միացյալ Նահանգները վճռականորեն պնդում է, որ հակամարտությունը չի կարող ռազմական լուծում ունենալ։ Միջազգային հանրությունը պետք է հնարավոր ամեն բան անի, որպեսզի օգնի հասնել դիվանագիտական ճանապարհով երկարատև խաղաղության Հայաստանի և Ադրբեջանի միջև»,- նշեց Միլզը։
Ըստ նրա՝ ԱՄՆ-ը և ԵԱՀԿ գործընկերները կշարունակեն ջանքեր գործադրել հակամարտությունը դիվանագիտական ճանապարհով լուծելու համար։
Նիստին ելույթ ունեցավ նաև Ռուսաստանի ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան։ Իր ելույթի սկզբում նա նշեց ՀԱՊԿ-ի շրջանակներում Ռուսաստանի ջանքերի մասին, սեպտեմբերի 13-ին կազմակերպության արտահերթ նիստի ժամանակ ընդունված և ՀԱՊԿ-ի առաքելության՝ Հայաստան այցելելու մասին պայմանավորվածությունները։
«Մենք շարունակում ենք մտածել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա բոլոր խնդիրները պետք է լուծվեն բացառապես քաղաքական և դիվանագիտական ճանապարհներով։ Ինչ վերաբերում է սահմանային խնդիրներին, ապա (խնդիրները պետք է լուծել- խմբ.) Հայաստանի և Ադրբեջանի սահմանի սահմանազատման համար ստեղծված երկկողմ հանձնաժողովի աշխատանքի շրջանակներում՝ Ռուսաստանի խորհրդատվական աջակցությամբ։ Ի դեպ, ազգային պատվիրակությունների առաջին հանդիպումը տեղի է ունեցել մայիսի 24-ին հենց սահմանին։ Օգոստոսի 30-ին Մոսկվայում տեղի ունեցավ հանձնաժողովի երկրորդ հանդիպումը։ Հիմնական աշխատանքը կկատարեն Բաքուն և Երևանը, մենք պատրաստ ենք փոխանցել հետխորհրդային ժամանակաշրջանում սահմանների սահմանագծման և սահմանազատման մեր ունեցած փորձը, տրամադրել քարտեզներ և այլ նյութեր, տրամադրել այլ խորհրդատվական կամ տեխնիկական աջակցություն»,- ասաց Նեբենզյան իր ելույթում։
Նիստի արդյունքում ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը որևէ բանաձև չընդունեց։
Մեկնաբանել