HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

Սոթքում 55-60 տուն է վնասվել․ ԱԻ նախարարը տվյալներ է ներկայացնում

Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով Վայոց ձորում տուժել են հյուրատներ, առողջարան, ճոպանուղին, հրշեջ-փրկարարական շենքը, անձնական մեքենաներ և այլ գույք։ 2 արկ ընկել է Կեչուտի ջրամբարը։ Այս մասին Կառավարության նիստում հայտնեց Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը։

«Ունենք էլեկտրամատակարարման գծերի հետ կապված խնդիր, մասնավորապես՝ Սյունիքի մարզում՝ Սիսիան համայնքի Վաղատին, Որոտանավան, Շամբ, Դարբաս, Գետաթաղ, Լոր, Լեռնաշեն, Դաստակերտ բնակավայրերը սպասարկող էլեկտրամատակարարման գիծը։

Ունենք նաև շտապօգնության մեքենաներ, որոնք ռմբակոծության հետևանքով վնասվել են կրկին Սյունիքի մարզում։

Գեղարքունիքի մարզում հիմնականում վնասվել են մարդկանց տները և հեկտարներով ցորենի, գարու արտեր։ Սոթքում 55-60 տուն է վնասվել, անասնագոմեր, գազամատակարարման բազմաթիվ խողովակներ և մասնավոր մեքենաներ են վնասվել»,- նշեց նախարարը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ տեղեկացրեց, որ բոլոր վնասները կգույքագրվեն 2 նպատակով՝ Կառավարությունը պետք է համապատասխան միջոցներ տրամադրի և՛ մասնավոր անձանց, և՛ համայնքներին, և՛ ընկերություններին աջակցելու համար, որպեսզի կրած վնասները փոխհատուցվեն։ Ըստ գործադիրի ղեկավարի՝ կարևոր է նաև փաստագրել այս հանգամանքները իրավական առումով։

«Ունենք նաև ադրբեջանական ագրեսոր ուժերի կողմից ռազմական բնույթի հանցագործությունների դեպքեր, որոնք պետք է մանրամասն փաստագրվեն և հետագայում ընթացք տրվի դրանց միջազգային իրավական գործընթացների շրջանակում»,- ասաց Փաշինյանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter