HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Վարչապետն ու նախարարը մանիպուլացնում են տնտեսական ազատության տվյալները

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Գևորգ Պապոյանն ու Բաբկեն Թունյանը ԱԺ ամբիոնից հայտարարեցին, թե Հայաստանը 11-րդն է աշխարհում տնտեսական ազատության ինդեքսով։ Զուգահեռաբար, համացանցում տեղեկություններ շրջանառվեցին, որ Հայաստանն այս ինդեքսով 58-րդ տեղում է։ Իրականում, խոսքը տարբեր զեկույցների մասին է. իշխանությունները 2020 թվականի տվյալներ են հայտնել, մինչդեռ կա մեկ այլ՝ ավելի նոր զեկույց, որտեղ Հայաստանը հետընթաց է գրանցել։  

«Հուսադրող» հայտարարություններ ԱԺ ամբիոնից

Սեպտեմբերի 13-ին, երբ Ադրբեջանը հարձակվեց Հայաստանի վրա, վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ ունեցավ ԱԺ ամբիոնից։ Նա իր խոսքում կարճ անդրադարձավ նաև Հայաստանի տնտեսական զարգացումներին՝ հայտարարելով, որ ի հեճուկս գլոբալ դժվարությունների՝ Հայաստանը ունի շատ հստակ, որոշակի տնտեսական հաջողություններ և մեջբերեց Հայաստանի տնտեսական ազատության տվյալները։

«Նաև այս համատեքստում, իհարկե ոչ անմիջականորեն, բայց շատ կարևոր եմ համարում, որ մի քանի օր առաջ հրապարակվեց տնտեսական ազատության ինդեքսը, որտեղ Հայաստանի Հանրապետությունը զբաղեցնում է 11-րդ տեղը աշխարհի 165 երկրների շարքում, և այս սադրանքը նպատակ ունի նաև Հայաստանի տնտեսական դինամիկան կոտրելու, որովհետև տնտեսական դինամիկան ուղղակի վիճակագրական թվեր չեն։ Դրանք նաև որոշակի հնարավորություններ են զարգացման և գործերի իրավիճակը բարելավելու»,- հայտարարեց վարչապետը։

Թե ովքեր են այդ զեկույցի հեղինակները, որ տարվա մասին է խոսքը և ինչ է ենթադրում այդ ինդեքսը, վարչապետը չմանրամասնեց։

Այս ելույթից ընդամենը մեկ օր առաջ նշված թեմային ԱԺ ամբիոնից անդրադարձավ նաև Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։ ԱԺ-ում քննարկվում էր «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծը, որը վերաբերում էր ցեմենտի ներմուծմանը։

Նախարարը նախ շեշտեց, որ Հայաստանի կառավարությունը մեծ ուշադրություն է դարձնում տեղական արտադրողների պաշտպանությանը և  Հայաստանում գործարար միջավայրի բարելավմանը։ 

«Օգտվելով առիթից՝ ուզում եմ նշել, որ նախորդ շաբաթ՝ սեպտեմբերի 8-ին հրապարակված տնտեսական ազատության ինդեքսում Հայաստանը 6 դիրքով բարելավել է իր տեղը և հիմա  11-րդն է ամբողջ աշխարհում տնտեսական ազատությունների ցուցանիշով։ Սա շատ կարևոր է և ցույց է տալիս, որ կառավարությունը հետևողականորեն փորձում է բիզնեսը Հայաստանում դարձնել ավելի հեշտ, ավելի եկամտաբեր»,- ասաց Վահան Քերոբյանը։  

Պատգամավոր, ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանը ևս նույն օրը ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ տնտեսական ազատության ինդեքսում Հայաստանը 11-րդ տեղում է՝ 165 երկրների շարքում։ Նա շեշտեց, որ Հայաստանին զիջում են այնպիսի երկրներ են, ինչպիսիք են՝ Լիտվան, Ճապոնիան, Կանադան, մեր հարևան Վրաստանը, Լատվիան, Նիդերլանդները, Չեխիան և բազմաթիվ մեզ ծանոթ տնտեսապես զարգացած երկրներ։ Եվ ընդամենը 10 երկիր կա Հայաստանից առաջ՝ տնտեսական ազատությունների ինդեքսով։ 

Պատգամավորը եզրակացրեց, որ վերջին չորս տարվա ընթացքում իրենց իրականացրած տնտեսական բարեփոխումները եւ ընդունած օրենքները նպաստել են Հայաստանում տնտեսական միջավայրի ազատականացմանը։ 

 «Դրանք միայն բառեր չեն, դրանք կոնկրետ գործողություններ են, որոնք միջազգային կազմակերպությունները հստակ գնահատականով արձանագրել են։ Այս առումով սա կարևոր ուղերձ է և պատահական չէ, որ վերջին ժամանակներում նաև սրա արդյունքում էր, որ Հայաստան էական ներդրումներ եկան, երբ որ աշխարհի տարբեր երկրներից, ընդհակառակը, ներդրումները և գումարը փախչում էին»,- հայտարարեց  Գևորդ Պապոյանը։

Շեշտելով տնտեսական ազատության ինդեքսում 11-րդ հորիզոնականի տվյալները՝ պատգամավոր, Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Բաբկեն Թունյանն իր հերթին հայտարարեց, որ «մենք այսօր փաստացի համարվում ենք ամենաազատ տնտեսություն ունեցող երկրներից մեկը»։ 

Իշխանությունները 2020-ի իրավիճակը ներկայացնող տվյալներ են հայտնում՝ չնշելով տարեթիվն ու զեկույցը հեղինակած կառույցը

Այս տարվա սեպտեմբերի 8-ին Տնտեսական ազատության մասին զեկույց է հրապարակել Կանադայում գործող «Fraser Institute» հետազոտական կենտրոնը։

Կենտրոնը մի շարք չափանիշների հիման վրա, ինչպիսիք են պետական ծախսերն ու հարկերը, իրավական համակարգն ու գույքային իրավունքները, գնաճը, արտաքին առևտրի ազատությունը, շուկաներ մուտք գործելու, ազատ մրցակցությունը և այլն, կազմում է տվյալ երկրի տնտեսական ազատության ինդեքսը։ 

Այս զեկույցում Հայաստանն իսկապես 11-րդ տեղում է 165 երկրների շարքում։ Ու չնայած զեկույցը հրապարակվել է այս տարվա սեպտեմբերի 8-ին, սակայն թե վարչապետն ու նախարարը, թե պատգամավորները «մոռացան» նշել, որ այն արտացոլում է 2020 թվականի իրավիճակը։ Եվ հայտարարել, որ տվյալները ներկայացնում են հենց այսօրվա իրավիճակը ու չորս տարվա կտրվածքով եզրակացություններ անել, առնվազն մոլորեցնող է։ 

2020-ից առաջ Հայաստանը ավելի ցածր դիրքերում է եղել։ 

Իշխանությունները, սովորաբար, անմիջապես գերագնահատում են այս կամ այն միջազգային կառույցի զեկույցի դերը, երբ դրանցում Հայաստանի գրանցած դինամիկան դրական է լինում։ Սակայն, դա այլ թեմա է։ 

Իսկ այստեղ այլ՝ (հռետորական) հարց է ծագում։ Միջազգային կառույցներն ու հետազոտական կենտրոնները լայն վարկանիշային զեկույցները հրապարակում են որոշակի ժամանակային լագով, սակայն ինչու են իշխանության ներկայացուցիչները իրենց հայտարարությունների համար հիմք ընդունում մի զեկույց, որն արտացոլում է 2020 թվականի իրավիճակը, երբ արդեն հրապարակված է մեկ այլ՝ ավելի հայտնի միջազգային վարկանիշային կենտրոնի զեկույց, որտեղ տնտեսական ազատության մասին հետազոտությունները ներկայացնում են 2021-ի իրավիճակը։ 

Պատասխանը տրամաբանական է՝ ըստ այս երկրորդ զեկույցի Հայաստանը հետընթաց է ապրել, ու տնտեսական ազատության ինդեքսը նվազել է։ Հենց այս զեկույցն էր առավել շատ շրջանառվում համացանցում վարչապետի ելույթից հետո, քանի վերջինս չէր հայտարարել, թե իր նշած 11-րդ հորիզոնականը որ զեկույցի համաձայն է, իսկ քաղաքացիները հարցի պատասխանները փորձել են գտնել առավել հայտնի՝ «Հերիթեյջ» հիմնադրամի (The Heritage Foundation) «Տնտեսական ազատության ինդեքս - 2022» զեկույցում, որը հրապարակվում է ամեն տարի։

The Heritage Foundation. Հայաստանը նահանջել է 26 հորիզոնականով՝ հայտնվելով 58-րդ տեղում

«Հերիթեյջ» հիմնադրամի «Տնտեսական ազատության ինդեքս - 2022» զեկույցը հրապարակվել է 2022 թվականի փետրվարին։ Այն արտացոլում է 2020 թվականի հուլիսի 1-ից 2021 թվականի հունիսի 30-ը ընկած ժամանակահատվածի իրավիճակը։

Տնտեսական ազատության ինդեքսը (ՏԱԻ) կազմվում է ըստ 12 չափանիշների, որոնք հեղինակները հենասյուներ են անվանում։ Դրանք ցույց են տալիս հարկային բեռը, պետական ծախսերը, կոռուպցիան, արդարադատության արդյունավետությունը, սեփականության իրավունքի պաշտպանությունը, գործարարության, աշխատանքի, դրամավարկային ազատությունը, շուկայի բաց լինելը՝ առևտրի ազատությունը, ներդրողների պաշտպանվածությունը և այլն։ 

«Տնտեսական ազատության ինդեքս - 2022-ում» Հայաստանը հայտնվել է 58-րդ հորիզոնականում։ Նախորդ տարվա 32-րդ հորիզոնականից նահանջել է 26 հորիզոնականով։

Ընդհանուր գնահատվել է 177 երկիր։

Ըստ հենասյուների՝ երկրների ինդեքսը գնահատվում է միավորներով. այս անգամ Հայաստանը  ընդհանուր «հավաքել» է 65.3 միավոր, որը նախորդ տարվա զեկույցի համեմատ նվազել է 6.6 միավորով։ 

Եթե «Տնտեսական ազատության ինդեքս - 2021»-ում Հայաստանը տնտեսապես «հիմնականում ազատ» երկրների շարքում էր, ապա 2022-ի զեկույցում հայտնվել է «չափավոր ազատ» երկրների խմբում։ 

Նշենք, որ տնտեսապես ազատ են համարվում այն երկրները, որոնց տնտեսական ազատության ինդքեսը 80-100 միջակայքում է, ինչպես Սինգապուրը, Շվեյցարիան, Իռլանդիան։ Տնտեսապես հիմնականում ազատ են՝ 70-79.9 միջակայքում գտնվողները, օրինակ՝ Արաբական Միացյալ Էմիրությունները, Կանադան, Նիդեռլանդներ և այլն։ Իսկ 60-69.9 միջակայքում չափավոր ազատ երկրներն են, ինչպես Հայաստանը։

Նրանցից առավել վատ դիրքերում են արդեն տնտեսապես հիմնականում ոչ ազատ և ճնշված երկրները։

Այսպիսով, տնտեսական ազատության ինդեքսի մասին իշխանությունները հրապարակել են տվյալներ, որոնք արտացոլում են 2020 թվականի իրավիճակը, սակայն այստեղ Հայաստանը նպաստավոր դիրքերում է։ Ավելին, Գևորգ Պապոյանը փորձեց այդ ցուցանիշը չորս տարվա աշխատանքի արդյունք գնահատել։ Հիշեցնենք, որ նրանք բոլորը իշխանության են եկել 2018 թվականից հետո։

Վարչապետը, Վահան Քերոբյանը, Գևորգ Պապոյանն ու Բաբկեն Թունյանը, միևնույն ժամանակ, չհիշատակեցին, որ կա տնտեսական ազատության ինդեքսի մասին ավելի ուշ կազմված զեկույց, որտեղ Հայաստանը հետընթաց է ապրել։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter