
Արցախի Հանրապետության ԱԳ նախարարի աշխատանքային այցը ԱՄՆ
Սեպտեմբերի 15-ից մեկնարկել է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանի աշխատանքային այցը Ամերիկայի Միացյալ Նահանգներ։
Արցախի ԱԳ նախարարության հաղորդմամբ՝ սեպտեմբերի 16-ին Դավիթ Բաբայանը Վաշինգտոնում այցելել է Հայաստանի Հանրապետության դեսպանատուն, հանդիպել ԱՄՆ-ում ՀՀ դեսպանատան աշխատակիցների հետ։
Քննարկվել են տարածաշրջանային զարգացումներին, ԱՄՆ-ում Արցախի շահերի պաշտպանությանը և հայոց եռամիասնության ամրապնդմանը վերաբերող հարցեր։
Նույն օրը նախարարը հանդիպում է ունեցել Ամերիկայի հայկական համագումարի ղեկավար կազմի հետ՝ գործադիր տնօրեն Բրայան Արդունիի գլխավորությամբ։ Քննարկվել է հայրենիք-Սփյուռք կապերին, տարածաշրջանային վերջին զարգացումներին առնչվող թեմաների լայն շրջանակ։
Նախարարը բարձր է գնահատել Ամերիկայի հայկական համագումարի դերն Արցախի զարգացման ու Արցախի ժողովրդի շահերի առաջմղման գործում։
Հանդիպումներին մասնակցել են ԱՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Լեռնիկ Հովհաննիսյանը և ԱՄՆ-ում ու Կանադայում ԱՀ Մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը։
Մեկնաբանել