
Բողոքի ակցիա՝ ՀԱՊԿ անդամությունից Հայաստանի հրաժարման պահանջով
Այսօր՝ սեպտեմբերի 17-ին, ժամը 14։30-ին Երևանի Մարտիրոս Սարյանի անվան պուրակում բողոքի ինքնաբուխ ակցիա տեղի ունեցավ՝ ՀԱՊԿ֊ից Հայաստանի դուրս գալու պահանջով։ Մասնակիցները քայլերթ կատարեցին Մաշտոցի պողոտա, Տերյան և Պուշկին փողոցներով։
Ցուցարարներից մեկն ընթերցեց հետեւյալ տեքստը.
«Մենք փաստում ենք, որ միջազգային հանրությունը սատար է կանգնել ՀՀ-ին և փաստում ենք, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը՝ ՀԱՊԿ-ը, որի հիմնադիր անդամ է Հայաստանի Հանրապետությունը, և այդ կազմակերպության անդամ երկրները գրավել են չեզոք կամ հակադիր դիրք՝ ուղղակի կամ աննուղակի կերպով վնասելով Հայաստանին։ Հայտարարում ենք նաև, որ խախտված է ՀԱՊԿ-ի պայմանագրի 4-րդ հոդվածը, համաձայն որի՝ «եթե անդամ պետություններից որևէ մեկը ենթարկվի ագրեսիայի որևէ պետության կամ պետությունների խմբի կողմից, ապա անդամ պետությունների կողմից դա կհամարվի որպես ագրեսիա սույն Պայմանագրի բոլոր մասնակից պետությունների դեմ:
Մասնակից պետություններից որևէ մեկի դեմ ագրեսիայի ակտի ի հայտ գալու պարագայում, մնացած մասնակից պետությունները կցուցաբերեն անհրաժեշտ օժանդակություն` ներառյալ ռազմական օգնությունը, նաև կցուցաբերեն օժանդակություն իրենց տրամադրության տակ գտնվող միջոցներով` հավաքական պաշտպանության իրավունքի իրագործման կարգին համապատասխան` համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածի»:
ՀԱՊԿ-ը միջոցներ չի ձեռնարկել՝ կանխելու Ադրբեջանի ագրեսիան, իսկ բախումների ժամանակ չի ցուցաբերել ռազմական օգնություն Հայաստանին՝ պաշտպանելու հիմնադիր անդամ երկրի անվտանգությունը։ Փաստում ենք, որ կազմակերպությունն այլևս ժամանակավրեպ, անօգուտ և վնասակար է թե՛ Հայաստանի Հանրապետության, թե՛ ինքնիշխան այլ հանրապետությունների համար, եթե դրանք առկա են կազմակետպությունում։ Մենք կոչ ենք անում բոլոր ինքնիշխան պետություններին՝ անհապաղ լքել այդ կառույցը։ Եվ հետևաբար, կազմակերպության և կազմակերպության անդամների որդեգրած դիրքորոշումները Հայաստանի անվտանգության, տարածքային ամբողջականության, ինքնիշխանության և միջազգային խաղաղության նկատմամբ, ինչպես նաև պայմանագրի կարևորագույն կետի խախտումը մեզ հիմք է տալիս պահանջել ՀՀ կառավարությունից և խորհրդարանից՝ դուրս գալ ՀԱՊԿ-ից օր առաջ և առավելագույնս խորացնել հարաբերությունները մեզ աջակցած բոլոր երկրների հետ»:
Քայլերթն ուղեկցվում էր ոստիկանության հսկողությամբ և կավարտվի կրկին Սարյանի պուրակում։
Էլեն Դանիելյան
ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանող
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել