HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Նենսի Փելոսի. Մենք դատապարտում ենք Ադրբեջանի մահաբեր հարձակումները Հայաստանի վրա

Ամերիկայի Միացյալ Նահանգները դատապարտում է Հայաստանի տարածքի նկատմամբ Ադրբեջանի ապօրինի և մահաբեր հարձակումը։ Այդ մասին այսօր ՀՀ Ազգային ժողովում Ալեն Սիմոնյանի հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին։ 

«ԱՄՆ Կոնգրեսի անունից մենք խստորեն դատապարտում ենք Հայաստանի տարածքի վրա Ադրբեջանի մահացու հարվածները»,- նշել է Ներկայացուցիչների պալատի խոսնակը՝ ընդգծելով, որ հարձակումն իրականացվել է Հայաստանի անկախության և ինքնիշխանության վրա։

Ասուլիսի սկզբում Նենսի Փելոսին նախ շնորհակալություն հայտնեց Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին՝ ԱՄՆ կոնգրեսի պատվիրակությանն ընդունելու համար։ Նա ընդգծեց երկու երկրների խորհրդարանների միջև փոխգործակցության ամրապնդման շարունակականությունը։

«Ավելի վաղ, Միացյալ Նահանգներում ընդունեցինք ձեզ, քննարկեցինք մի շարք հարցեր Հայաստանում ժողովրդավարության և անվտանգության խթանման ուղղությամբ։ Այսօր ինձ համար պատիվ է այստեղ լինել։ Այսօր ես Հայաստանում եմ, Ներկայացուցիչների պալատի առաջին խոսնակն եմ, որն այցելում է Հայաստանի Հանրապետություն։ Մենք շարունակում ենք մեր երկխոսությունը այստեղ։ Մենք շատ արդյունավետ հանդիպում ունեցանք»,- իր ելույթում հայտարարեց Փելոսին։

Ինչպես իր ելույթի, այնպես էլ լրագրողների հարցերին պատասխանելու ժամանակ՝ Նենսի Փելոսին բազմիցս հիշատակեց ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հանգամանքը և Ժողովրդավարության գագաթնաժողովին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը։

«Մենք երախտապարտ ենք նախագահ Բայդենին այդ օրենքը ստորագրելու համար և շնորհակալ ենք, որ նա հրավիրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին այս տարի մասնակցելու Ժողովրդավարության գագաթնաժողովին»,- իր ելույթի ընթացքում ընդգծեց Փելոսին։

Նենսի Փելոսին հստակ ընդգծեց, որ ԱՄՆ-ն որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ բազմիցս հայտարարել է, որ հակամարտությունը ռազմական լուծում չի կարող ունենալ։ «Մենք շարունակում ենք հետևել իրադարձություններին և մենք ցանկանում ենք ձգտել, որպեսզի բանակցային, խաղաղ և տևական լուծում լինի Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը»,- հայտարարեց Փելոսին։

Իր հերթին հայազգի կոնգրեսական Անն Էշոուն հայտարարեց, որ ԱՄՆ-ն կշարունակի օգնել Հայաստանին և իրենք դեմ են սահմանների փոփոխությանը։ Նրա խոսքով՝ ԱՄՆ Կոնգրեսն արդեն իսկ մշակել է բանաձև, որը դատապարտում է Ադրբեջանի ագրեսիան։ 

Նենսի Փելոսին նշեց, որ իրենց այցելության նպատակներից մեկը լսելն ու հասկանալն է, թե ինչ է ակնկալում հայկական կողմը։ Ինչ վերաբերում է Հայաստանին հնարավոր տրամադրվելիք օգնությանը, Փելոսին հայտարարեց, որ իրենք պատրաստ են օգնել Հայաստանին, եթե Հայաստանն ընդունի այդպիսի որոշում։ «Այստեղ մենք կլսենք պաշտպանական համագործակցության ոլորտի պահանջները։ Այստեղ ենք նաև լսելու Հայաստանի ակնկալիքներն ու հարցերը, հասկանալու համար, թե ինչ կարող ենք անել։ Հայաստանի ժողովրդավարությունը, տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը մեզ համար համարվում են կարևոր հարցեր և մենք ակտիվ աջակցություն ենք ցանկանում հայտնել։ Անշուշտ, որոշումը Հայաստանն է կայացնում։ Մենք այստեղ կարող ենք խոսել մեր պատրաստակամության մասին»,– նշեց Փելոսին։

Կոնգրեսական Ֆրենկ Փալոնն էլ ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ ամերիկյան կողմը հասկանում է, որ Հայաստանը Ռուսաստանի հետ միասին ՀԱՊԿ անդամ է։ «ԱՄՆ-ն խորապես մտահոգված է Հայաստանի անվտանգությամբ, և մենք փորձում ենք հասկանալ, թե ինչ կարող է ԱՄՆ-ն անել՝ չդիմելով այդ անվտանգային կառույցին»,- ասել է Փալոնը։

Ի դեպ, ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակի կայքում Ալեն Սիմոնյանի հետ ասուլիսի մեկնաբանության տողում ամերիկյան կողմն օգտագործում է «Ամերիկայի աջակցությունը Հայաստանին, երբ այն ենթարկվում է Ադրբեջանի կողմից անօրինական և մահացու հարձակման» արտահայտությունը։

Հիշեցնենք, որ սա Նենսի Փելոսիի առաջին այցն է Հայաստան։ Փելոսին եռօրյա այցով նախօրեին էր ժամանել Երևան։ Փելոսիի գլխավորած պատվիրակության կազմում են նաև ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Էներգետիկ և կոմերցիոն հարցերով հանձնաժողովի նախագահ Ֆրանկ Փալոնեն, Ներկայացուցիչների պալատի անդամներ Աննա Էշուն և Ջեքի Սփիերը։

Ինչպես ավելի վաղ հայտարարել էր ամերիկյան կողմը, այցի ընթացքում Ներկայացուցիչների պալատի խոսնակը կհանդիպի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ՝ քննարկելու հայ-ամերիկյան հարաբերությունները և ներկայիս անվտանգային իրավիճակը։ 

Հայաստան ժամանելուց հետո՝ խոսնակ Նենսի Փելոսին գրառում էր արել, որտեղ նշել էր, որ «այսօր՝ ԱՄՆ-ից մինչև Ուկրաինա, Թայվան և Հայաստան, աշխարհը կանգնած է ժողովրդավարության և բռնապետության միջև ընտրության առաջ»։ «Մեր հիմնադիրները 1787թ.` Սահմանադրության օրը, ժողովրդավարությունը գերադասեցին բռնապետությունից: Սերունդներով մենք պաշտպանել և պահպանել ենք այդ ընտրությունը: Այսօր՝ ԱՄՆ-ից մինչև Ուկրաինա, Թայվան և Հայաստան, աշխարհը կանգնած է ժողովրդավարության և բռնապետության միջև ընտրության առաջ, և մենք պետք է նորից ընտրենք ժողովրդավարությունը»,- գրել էր ամերիկացի կոնգրեսականը։

Այսօր առավոտյան Փելոսիի գլխավորած պատվիրակությունը, Ալեն Սիմոնյանի ուղեկցությամբ, այցելել էր Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։ Ազգային ժողովի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ պատվիրակության անդամները ծաղկեպսակ ու ծաղիկներ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, լռությամբ ու խոնարհումով հարգել Սուրբ նահատակների հիշատակը: Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում նրանք ծանոթացել են Եղեռնի մասին հավաստող փաստաթղթերին:

Դրանից զատ, առավոտյան Նենսի Փելոսին հանդիպումներ էր ունեցել նաև Հայաստանում ԱՄՆ դեսպանությունում։

Լուսանկարը՝ ՀՀ ԱԺ մամուլի ծառայության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter