HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Լիճքվազ» ՓԲԸ-ն մտադիր է հարստացուցիչ ֆաբրիկա կառուցել Լիճքվազ-Թեյի ոսկու հանքավայրի հարևանությամբ

Լիճքվազ-Թեյի ոսկու հանքավայրի համար ընդերքօգտագործման իրավունք ունեցող «Լիճքվազ» ՓԲԸ-ն իրեն տրամադրված լեռնահատկացման տարածքում հարստացուցիչ ֆաբրիկա կառուցելու նախագիծ է ներկայացրել:

Նախագծում նշված է՝ նպատակն է Լիճքվազ-Թեյի ոսկու հանքի թերբեռնվածության հաղթահարումը, սարքավորանքի և տեխնոլոգիական սխեմաների լիարժեք համապատասխանությունը հանքաքարի բնութագրերին, հանքաքարի տեղափոխման տրանսպորտային ծախսերի կրճատումը, ինչպես նաև շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցությունների նվազեցումը։

Հարստացուցիչ ֆաբրիկայի կառուցման համար նախատեսվող տարածքը Լիճքվազ-Թեյի հանքային դաշտում է, Զանգեզուրի լեռնաշղթայի արևելյան հատվածի ցածր և միջին բարձրության լեռնային գոտում՝ 1200-1700 մ բարձրությունների վրա: Ընտրված տարածքը Լիճքվազ-Թեյի հանքավայրի անմիջական հարևանությամբ է. կառուցապատման մակերեսը՝ շուրջ 1.2 հա:

Ինչպես հավաստիացրել են նախագծի հեղինակները` հարստացուցիչ ֆաբրիկայի կառուցման համար նախատեսված տարածքում Կարմիր գրքում գրանցված կենդանիներ չեն հայտնաբերվել, քանի որ հարստացուցիչ ֆաբրիկայի համար նախատեսված  և անմիջական հարևանությամբ գտնվող տարածքներում ներկայում ընթանում են հանքարդյունահանման աշխատանքներ, ուստի բնական միջավայրը և կենդանական աշխարհի ներկայացուցիչների ապրելավայրերը ևս խախտված են։

Հարստացուցիչ ֆաբրիկայի կառուցման համար նախատեսվող տարածքը եզրագծի որոշ տեղերում սահմանակից է «Արևիք» ազգային պարկին։

Նախատեսվող գործունեության իրականացման վայրի հիմնական մասի հողամասի մակերեսը՝ 36 հա է, նպատակային նշանակությունը՝ արդյունաբերական, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության, գործառնական նշանակությունը՝ ընդերքի օգտագործման համար՝ տրամադրված կառուցապատման իրավունքով ընկերությանը։ Լեռնահարստացման ֆաբրիկայի մի հատվածը դուրս է ընկերությանը կառուցապատման իրավունքով տրամադրված հողամասից, համայնքային սեփականություն է, գյուղատնտեսական նպատակային նշանակությամբ։ Այդ հատվածի նպատակային նշանակությունը փոխելու և ընկերությանը կառուցապատման իրավունքով տրամադրելու առարկայով ընկերության դիմումի հիման վրա Մեղրի համայնքի տեղական ինքնակառավարման մարմինները օրենսդրությամբ սահմանված կարգով նախաձեռնել են գործընթաց, որն, ըստ ընկերության, ավարտական փուլում է։ Նախատեսվող գործունեությունն իրականացվելու է Մեղրի խոշորացված համայնքի Լեհվազ բնակավայրի տարածքում։

Հարստացուցիչ ֆաբրիկան բաղկացած է լինելու հետևյալ հիմնական տեղամասերից՝ խոշոր ջարդման, ջարդված հանքաքարի պահեստավորման, մանրացման, ֆլոտացման (ազդանյութերի բաժանմունքով), խտանյութի ջրազրկման, գրավիտացիոն կորզման, պոչանքի չորացման և բաշխման։

Օգտակար բաղադրիչ՝ ոսկի, արծաթ և պղինձ պարունակող հանքանյութերը կորզելուց հետո հանքաքարի խյուսը՝ պոչանքը, տրվում է գրավիտացիոն հանգույց։

Գրավիտացիոն տեղամասից պոչանքը տրվում է պոչանքի չորացման տեղամաս, որտեղ թանձրիչներով և մամլաքամիչով անցնելուց հետո վերածվում է մանրահատիկ ավազ հիշեցնող զանգվածի՝ 8-10% խոնավությամբ։

Պոչանքի չորացման և բաշխման տեղամասին կից գործելու է պոչանքի կառավարման հարթակ, որտեղ պոչանքը ժամանակավոր պահեստավորվելու և ըստ օգտակար բաղադրիչի մնացորդային պարունակության դասակարգվելու է։ Դասակարգման արդյունքում առանձնացված պոչանքի առավել հարուստ մասը՝ ընդհանուր զանգվածի մինչեւ 30%-ը, նախատեսվում է պահեստավորել վերգետնյա պահեստում՝ հետագա հնարավոր վերամշակումը դյուրինացնելու նկատառումով։ Չորացված պոչանքի հիմնական մասը պոչանքի կառավարման հարթակից տեղափոխվելու է հանքի ստորգետնյա դատարկություններ և օգտագործվելու է դրանց լցափակման համար։

Հարստացուցիչ ֆաբրիկայի աշխատանքն ապահովելու է շրջանառու ջրամատակարարման միջոցով։ Թարմ ջուրը ծախսվելու է շրջանառու համակարգի լրասնուցման համար: Հարստացուցիչ ֆաբրիկան ունենալու է ինքնավար դրենաժային համակարգեր՝ հոսքակորուստների և վթարային արտահոսքերի կառավարման նպատակով:

Նախագծից նաև տեղեկանում ենք, որ հարստացուցիչ ֆաբրիկայի կառուցման վերաբերյալ հանրային քննարկումն անցկացվել է Մեղրիի համայնքապետարանում, 2022թ. հունիսի 7-ին: Քննարկմանը մասնակցել է 33 մարդ։ Քննարկումը վարել է Մեղրի համայնքի ղեկավար Բագրատ Զաքարյանը: Նա մասնավորապես ներկայացրել է հանրային քննարկման առարկան, նշել նախատեսվող գործունեության նպատակը: Քննարկման վարողի խոսքից հետո Վահրամ Ավագյանը ներկայացրել է նախատեսվեղ գործունեության շրջանակներում կատարման ենթակա աշխատանքների հիմնական բնութագրերը, նախատեսված բնապահպանական միջոցառումները, որոշ տեղեկատվություն է տրամադրել փորձաքննության ընթացակարգերի վերաբերյալ: Այդուհետ ծավալվել է հարցուպատասխան, հնչել են ելույթներ։ Հանրային քննարկման մասնակիցների հնչեցրած հարցերին և առարկություններին Ձեռնարկողի ներկայացուցիչները տվել են սպառիչ պատասխաններ, որից հետո քննարկման մասնակիցներն իրենց առարկությունները չեն պնդել։

Նախատեսվող գործունեության իրականացմանը Սյունիքի մարզի Մեղրի համայնքապետարանի նախնական համաձայնություն տալու վերաբերյալ գրությունը օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում ներկայացվել է համապատասխան պետական լիազոր մարմին։

Սյունիքի մարզի Լիճքվազ-Թեյի ոսկու հանքավայրի ընդերքօգտագործման իրավունքը ի սկզբանե` 2012-ին, տրամադրվել էր «Սագամար» ՓԲԸ-ին, սակայն 2015-ին «Սագամար» ՓԲԸ-ն այդ իրավունքը փոխանցել էր «Էլվի գոլդ մայնինգ» ՓԲԸ-ին, վերջինն էլ` 2016-ին` «Լիճքվազ» ՓԲԸ-ին: Համաձայն իրական շահառուների հայտարարագրի` «Լիճքվազ» ՓԲԸ-ի միակ իրական սեփականատերը Սասուն Ավետիսյանն է, որը «ԷՅՋԻԱՐՍԻ (ԱՐՄԵՆԻԱՆ ԳՈԼԴ ՐԻՍՈՐՍ ՔՈՐՓՈՐԵՅՇՆ)» միջոցով է ապահովում իր մասնակցությունը տվյալ ընկերությունում:

Սասուն Ավետիսյանը նաև «Ապառաժ մայնինգ», «ԷյՋիԱրՍի», «Էս ընդ Էյ մայնինգ» ՍՊԸ-ներում է աշխատում: Սասուն Ավետիսյանը ընկերության 100 % բաժնեմասը ձեռք է բերել 2019թ. դեկտեմբերի 23-ին: Այդ մասնակցությունն, ինչպես նշեցինք, ապահովվում է «ԷյՋիԱրՍի» ընկերության միջոցով, որի բաժնեմասը ձեռք է բերել նույնպես 2019թ. դեկտեմբերի 18-ին:

Նա նաև ընկերության գործադիր մարմնի ղեկավարն է: Սասուն Ավետիսյանը միևնույն ժամանակ «Ապառաժ մայնինգ» ՍՊԸ-ի տնօրենն է, որը զբաղվում է պայթուցիկ նյութերի արտադրությամբ, մատուցում է հորատապայթեցման աշխատանքների իրականացման համալիր ծառայություններ:

Այս ընկերության գործարանը գտնվում է Քաջարանում` «ԶՊՄԿ» ՓԲԸ-ին պատկանող հանքավայրի վերին հատվածում: «Ապառաժ մայնինգ» ՍՊԸ-ն էլ իրականացնում է պայթեցման աշխատանքներ «ԶՊՄԿ» ՓԲԸ-ի հանքավայրերում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter