HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Պուտինը հայտարարել է Ռուսաստանում մասնակի զորահավաք սկսելու մասին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես է եկել հեռուստաուղերձով և հայտարարել Ռուսաստանում մասնակի զորահավաքի մասին։ Նա հայտնել է, որ արդեն իսկ ստորագրել է համապատասխան հրամանը։ «Զորահավաքային գործընթացները կսկսվեն այսօր»,- ասել է Պուտինը՝ ներկայացնելով իր գնահատականը Ուկրաինայում առկա պատերազմական իրավիճակի մասին և խոստանալով աջակցել «հանրաքվեներին», որոնք անցկացվելու են Ռուսաստանի կողմից գրավված ուկրաինական տարածքներում։ 

«Զինվորական ծառայության զորակոչը կտարածվի բոլոր այն քաղաքացիների վրա, որոնք ներկայում գտնվում են պահեստազորում, և նախևառաջ նրանց վրա, որոնք ծառայությունն անցկացրել են զինված ուժերի կազմում, ունեն ռազմական կոնկրետ մասնագիտացումներ և համապատասխան փորձ»,- ասել է Պուտինը։ 

Իր տեսաուղերձը նա սկսել է փետրվարի 24-ին Ուկրաինայում ռազմական ներխուժման իր որոշման արդարացման փաստերի կրկնությամբ։ Մեկնաբանելով ռազմական իրադրությունը՝ Պուտինն ասել է, որ շփման գծի երկարությունը ավելի քան 1000 կիլոմետր է։ Նրա պնդմամբ՝ Դոնեցկի մարզում ռուսաստանցի զինվորականները չեն հարձակվում «ճակատում», այլ գործում են «քայլ առ քայլ», որպեսզի նվազեցնեն կորուստները։

Հիշեցնենք, որ նախօրերին Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունները, ինչպես նաև Խերսոնի և Զապորոժյեի ինքնահռչակ իշխանությունները հայտարարել էին «Ռուսաստանին միանալու հարցով հանրաքվե անցկացնելու մասին»։ Պուտինը խոստացել է ստեղծել անվտանգ պայմաններ քվեարկության իրականացման համար։ Ռուսական իշխանությունները միայն մասամբ են վերահսկում այդ տարածքները։ 

Իր ուղերձում Պուտինը հայտարարել է, թե ռուսական զորքերը Ուկրաինայում դիմակայում են «հավաքական Արևմուտքի ողջ ռազմական մեքենային»։ Ըստ նրա՝ այս ամենն անհրաժեշտ է Ռուսաստանի ինքնիշխանության և ամբողջականության պահպանման համար։

Պուտինը հավելել է, որ մասնակի զորահավաքի առաջարկն արել են պաշտպանության նախարարությունն ու գլխավոր շտաբը, ինքն էլ առաջակցում է այդ գաղափարին։ «Զորակոչված զինծառայողները զորամասեր ուղարկվելուց առաջ պարտադիր կարգով կանցնեն լրացուցիչ ռազմական պատրաստություն՝ հաշվի առնելով հատուկ ռազմական գործողության փորձը»,- ասել է Պուտինը։

Ուղերձի վերջում Պուտինը բարձրացնում է միջուկային սպառնալիքի թեման։ Իր մտքերը նա այսպես է ձևակերպել. «Նրանք, որոնք փորձում են մեզ շանտաժի ենթարկել միջուկային զենքով, պետք է իմանան, որ քամիների վարդը կարող է շրջվել իրենց կողմը»։ 

Պուտինի ուղերձից հետո պետական հեռուստաընկերությունները հեռարձակել են ՌԴ ՊՆ Սերգեյ Շոյգուի հարցազրույցը, որտեղ վերջինս հայտարարել է, թե Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից հետո զոհվել է 5937 զինծառայող։ Արևմուտքն ու Ուկրաինան պնդում են ավելի քան 20 հազար սպանված ռուսաստանցի զինվորականների մասին։ 

Շոյգուն իր հարցազրույցում պատմել է, թե ինչպես է իրականացվելու զորահավաքը։ Ըստ նրա՝ ուսանողները չեն զորակոչվի։ Շոյգուի պնդմամբ՝ կզորակոչվի մոտ 300 000 մարդ։

Պուտինի ուղերձին ռուսաստանցիները սպասում էին դեռ երեկ երեկոյից։ РБК-ն, հղում անելով իր աղբյուրներին, գրում է, որ ժամը 20:00-ից հետո Պուտինը հայտարարություն կանի հանրաքվեների մասին։ Ավելի ուշ, սակայն, Կրեմլին մոտ կանգնած աղբյուրները Forbes-ին հայտնեցին, որ ուղերձը հետաձգվել է սեպտեմբերի 21-ին, երբ «Հեռավոր Արևելքի բնակիչները ևս արթուն կլինեն»։

Մինչ Պուտինի ուղերձը, Կրեմլն անընդհատ պնդում էր, որ զորահավաքի կարիք չկա։ Մի շարք վերլուծաբաններ պնդում են, որ սրա պատճառը ուկրաինական հաջող հակահարձակումն է և մի շարք տարածքների վերադարձը ուկրաինական վերահսկողության տակ։ Ոմանք նաև պնդում են, որ այս հանգամանքը կարող է տապալել զորահավաքի բնականոն ընթացքը։ 

Արևմտյան երկրները խիստ քննադատել էին Ռուսաստանին Ուկրաինայի բռնազավթված տարածքներում հանրաքվեի նախապատրաստման համար։ Հայտարարություններով հանդես էին եկել Միացյալ Նահանգները, Եվրամիության երկրները, Թուրքիան, Ուկրաինան և այլ երկրներ։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, իր երեկոյան ուղերձում չնշելով «հանրաքվե» տերմինը, ասել էր. «Իհարկե, այսօր շատ աղմկոտ լուրեր են ստացվում Ռուսաստանից։ Շատ հարցեր կան այդ ուղղությամբ, բայց ի՞նչ է իրականում կատարվել։ Ի՞նչ է հնչել, որը նախկինում չէր հնչել։ Մեր դիրքորոշումը պարզ է և քաջ հայտնի, միայն դա մեզ պետք է հետաքրքրի։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter