
Աղբը փակում է զբոսաշրջիկների տեսադաշտը
Գորիսի «Միրհավ» հյուրանոցում օրեր առաջ հյուրընկալված զբոսաշրջիկները տարածքով զբոսնելիս ամենատեսարժանը համարել են մոտակա գետում կուտակված աղբը և սկսել են լուսանկարել: «Ինձ համար շատ ցավալի էր, - պատմում է հյուրանոցի տնօրեն Շահեն Զեյթունցյանը, - նրանց համար աներևակայելի է, որ գետի մեջ կարելի է այդքան աղբ լցնել»: Վարարակն գետը կարծես «անգործունակ» լինի, աղբի ծանրությունը գրեթե չի թողնում, որ այն հոսի, ու դժվար է ասել` այդ գետի մեջ ավելի շատ աղբ կա, թե ջուր:
Զբոսաշրջիկները հյուրանոցից հեռանալուց հետո իհարկե «կարտահանեն» իրենց զարմացրած աղբի լուսանկարները և աշխարհի տարբեր վայրերում կգցեն Գորիսի պատիվը` առանց պատկերացնելու, որ այդ գետի ջուրը նախկինում խմելու չափ մաքուր է եղել: «Այստեղ ապրող մի մարդ կա` մոտ հիսուն տարեկան, հիշում է, որ երբ ինքը փոքր էր, ու տատիկին ասում էր, որ ծարավ է, տատիկը գետից բռով ջուր էր տալիս, ինքը խմում էր,- ասում է Շ. Զեյթունցյանը,- հիմա այս ջուրը դուք անգամ ձեր շանը չեք տա, որ խմի»:
Երբ Շահեն Զեյթունցյանը հերթական աղտոտողին հարցնում է, թե ինչու է աղբը նետում գետը, ստանում է «տանում է, է~լի» անհոգ պատասխանը: Գետը գորիսցիներին մի ժամանակ նույնիսկ «համեղ ձուկ» է տվել, իսկ այսօր մեծ թե փոքր այն համարում են աղբատար: «Մի ծեր կին կա. ամեն առավոտ դույլով լիքը աղբը բերում, լցնում է գետը: Միգուցե մանկուց նա այդպես է արել, միգուցե մայրն է նրան ասել, որ աղբը տանի, գցի գետը, և դա նրա դաստիարակությունն է»,- ասում է Շահեն Զեյթունցյանը: Բայց նույնիսկ այդ դեպքում նա հույս ունի, որ Վարարակնը մի օր մաքուր է լինելու:
Նրա կարծիքով` աղբը գետը թափելու` կենցաղի մեջ արմատացած սովորությունից ձերբազատվելու միջոց կա. այնպես անել, որ մինչև գետը հասնելը մարդիկ հանդիպեն աղբամանի:
«Մի քանի օր առաջ Երևանում էի` Հյուսիսային պողոտայում: Ընկերոջս հետ նստած զրուցում և ծխում էինք: Ծխախոտը գցեցի գետնին: Զգացի, որ վատ գործ եմ արել, կռացա, գետնից վերցրի: Բայց երբ տեսա, որ մեր նստարանի կողքին աղբաման չկա, ծխախոտը հո չէ՞ի պահելու ձեռքումս, դարձյալ գցեցի ցած: Հետո նկատեցի, որ մոտ հիսուն մետր այն կողմ աղբաման կա, բայց քանի որ հեռու էր, պետք է ընկերոջիցս ներողություն խնդրեի, տանեի, գցեի, հետ գայի: Աղբաման պետք է լիներ նաև մեր նստարանի կողքին»,- ասում է պարոն Շահենը` բացատրելու համար, որ տարածքի աղտոտվածության հիմնական պատճառը աղբամանների բացակայությունն է:
![]() |
![]() |
Շ. Զեյթունյանը տարիներ շարունակ ապրել է Գերմանիայում և հիշում է, որ այնտեղ աղբամանների տեղադրումը հրաշք գործեց: Նրա խոսքով` Գերմանիայում հիմա տներ կան, որոնք ունեն չորս աղբաման` նախատեսված աղբի տարբեր տեսակների համար: Արդյունքում`մարդիկ սովորեցին ոչ միայն աղբը գցել աղբամանը, այլև տեսակավորել այն: «Օրինակ`աղբամաններից մեկը նախատեսված է կենցաղային աղբի, մյուսը` թղթեղենի, մեկ ուրիշը` շշերի համար և այլն: Արդյունքում` կենցաղային աղբը դառնում է հումուս, թուղթը գնում, դառնում է դարձյալ թուղթ, շիշը` շիշ: Մենք դրանից դեռ շատ հեռու ենք, բայց կարող ենք մեր ժողովրդին գոնե սովորեցնել աղբը չթափել գետը»,- ասում է Շահեն Զեյթունցյանը:
Նա հավանական է համարում, որ գետը շարունակ աղտոտողները մի օր կարող են որոշել հավաքել իրենց թափածը, Գերմանիան այդ հարցում էլ նախադեպ ունի. «Մայրաքաղաք Բեռլինում չափազանց աղտոտված մի լիճ կար: Այդ լճի մեջ կային մեքենայի մասեր, սառնարաններ, դոշակներ, բերում, լցնում էին լճի մեջ: Շուտով մարդիկ հասկացան, որ լիճը պետք է մաքրել: Ինչ ասես, տակից դուրս էր գալիս: Ճիշտ նույնը մեզ մոտ կլինի»:
Իսկ թե ինչպես հասկացան, Շահեն Զեյթունցյանը կարծում է, որ շատ օգնեցին սոցիալական գովազդները: Կարճատև ուսուցողական տեսանյութերը, նրա խոսքով, դաստիարակչական հստակ գործառույթ ունեին և կարողացան իրենց գործն անել տներում, դպրոցներում և համալսարաններում:
Ապագա մաքուր Գորիսը, Շ. Զեյթունցյանի կարծիքով, կարող է դառնալ տուրիստական հայտնի կենտրոն, եթե զբոսաշրջիկներին ուշադրությունը չգրավեն անձրևից հետո գետում «վարարած» աղբն ու ծառերի ճյուղերից կախված տոպրակները: «Էստեղ շատ-շատ սիրուն տեղեր կան,- ասում է նա,- ուխտասարը, որտեղ հին ժայռապատկերներ կարելի է գտնել, Հնասարը, որտեղ միջնադարյան ճգնավորների քարանձավներն են, Տաթևի ձորը, Հարանց անապատը, Բղենո վանքը, Խնձորեսկի ձորը… Հարժիս գյուղում կան հեթանոսական կուռքերի արձաններ, Գորիսի շրջանի գերեզմանոցներից մեկում պահպանվել են նույնիսկ կարասային թաղումների հետքեր…»:
Մեկնաբանություններ (7)
Մեկնաբանել