HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ալիև. Որևէ հայտարարություն չի կարող կանգնեցնել Բաքվին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր այցելել է Բերձոր քաղաք, որն այս տարվա օգոստոսի 25-ին, Լաչինի միջանցքի երթուղու փոփոխությունից հետո, հանձնվել էր ադրբեջանական կողմին։ APA-ն գրում է, որ այնտեղ Ադրբեջանի նախագահն արել է մի շարք հայտարարություններ, որոնք հիմնականում հոխորտանքներ և սպառնալիքներ են Հայաստանի հասցեին։

Նախ Ալիևը հայտարարել է, որ որևէ հայտարարություն, որևէ զանգ չի կարող Բաքվին կանգնեցնել, քանի որ «ադրբեջանցի զինվորները գտնվում են իրենց հողում»։ «Որևէ մեկը չի կարող մեզ հետ խոսել վերջնագրի լեզվով, և նրանք թող իրենց հույսը ոչ մեկի վրա չդնեն։ Նորից ուզում եմ հայտարարել, որ մեզ ոչ ոք և ոչինչ չի կարող կանգնեցնել։<...> Մենք կարողացանք ողջ աշխարհին ցույց տալ, թե ինչի ենք ընդունակ, մեր հողն ազատագրեցինք ուժային ճանապարհով և դրանով հպարտ ենք»,- ասել է Ալիևը։ 

Խոսելով նախորդ շաբաթ հայ-ադրբեջանական սահմանին գրանցված էսկալացիայի և Հայաստանի ինքնիշխան տարածք ադրբեջանական զինուժի ներխուժման մասին՝ Ալիևը հայտարարել է, որ եթե Հայաստանը ցանկանում է իրենց մեղադրել իր տարածք ներխուժելու մեջ, ապա դրա համար որևէ հիմք չունի։ «Առաջին հերթին, եթե սահմանը լիներ այնտեղ, որտեղ նրանք ասում էին, ապա սահման կգծեին, կկառուցեին սահմանագծեր, հաղորդակցություններ կհաստատեին և ինժեներական կառույցներ կստեղծեին։ Նրանց թվում էր, թե ողջ Ղարաբաղն ու Զանգեզուրն իրենց մոտ կմնան։ Այդ իսկ պատճառով նրանք ոչինչ չեն արել հայ-ադրբեջանական սահմանին»,- հայտարարել է Ալիևը։

Առաջ քաշելով այն տեսակետը, թե երկու երկրների միջև սահմանը սահմանազատված չէ, Ալիևը նշել է, որ որևէ մեկը չի կարող ասել, թե որտեղով է անցնում սահմանը։ «Եվս մեկ անգամ ասում եմ՝ մենք պատրաստ ենք քննարկումների և պատասխանատու վերաբերմունք ենք ցուցաբերում սահմանազատման հարցերով հայ-ադրբեջանական հանձնաժողովի աշխատանքներին։ Մենք հավաքել ենք բոլոր քարտեզները։ Եվս մեկ անգամ ուզում եմ ասել, որ ունենք բոլոր քարտեզները, այդ թվում՝ և’ 19-րդ դարի, և’ 20-րդ դարի և’ ավելի վաղ ժամանակահատվածի և այդ քարտեզներում երևում է, թե ով որտեղ է եղել։ Այդ իսկ պատճառով որևէ մեկը չի կարող մեզ մեղադրել առանց սահմանազատման»,- ասել է Ադրբեջանի նախագահը։

Նրա պնդմամբ՝ չնայած Հայաստանի հետ սկսվել են սահմանազատման աշխատանքները, դրանք միայն կրում են ֆորմալ բնույթ, քարտեզների շուրջ քննարկումներ չկան։ «Մենք առաջարկել ենք սկսել սահմանազատման գործընթացը, (Հայաստանը) այն ձգձգել է ավելի քան մեկ տարի։ Հիմա այդ գործընթացը թեև սկսվել է, բայց զուտ ֆորմալ բնույթ է կրում, բովանդակային բանակցություններ չեն ընթանում, քարտեզների շուրջ քննարկումներ չեն ընթանում»,- հավելել է Ալիևը։

Խոսելով 2016 թվականի ապրիլյան պատերազմի մասին՝ Ալիևը հայտարարել է, որ Հայաստանը «վախեցել էր և փաստացի պատրաստ էր բռնազավթված տարածքներից զորքերը դուրս բերել ու նույնիսկ խոստացել էր դա»։ «Սակայն դրանից հետո իր խոստումը չպահեց»,- նշել է նա։ Ալիևն ընդգծում է, թե, իբր, Ադրբեջանը պատերազմ չի ցանկանում։ «Մենք պատերազմ չենք ուզում, մենք չէինք ուզում։ Հենց այդ պատճառով մենք բանակցություններ էինք վարում մոտ 30 տարի։ Հենց այդ պատճառով, Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո մենք ցանկանում ենք խաղաղության պայմանագիր կնքել Հայաստանի հետ»,- նշել է նա՝ դարձյալ սպառնալով Հայաստանին «արժանի հարված տալ, եթե Հայաստանը շարունակի սադրիչ գործողություններ անել»։

Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել էին ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ: Շուրջ երկու օր տեղի ունեցած մարտական գործողություններից հետո, սեպտեմբերի 14-ի երեկոյան, Ադրբեջանը դադարեցրել էր ՀՀ ինքնիշխան տարածքի հրթիռահրետակոծումը։

Անվտանգության խորհրդի սեպտեմբերի 19-ի հայտարարության մեջ նշվում էր, որ ագրեսիայի հետեւանքով հայկական կողմի զոհվածների եւ անհետ կորածների թիվը հասնում է 207-ի, այդ թվում՝ զոհվել է քաղաքացիական 3 անձ, 2 քաղաքացիական անձի գտնվելու վայրը համարվում է անհայտ, վիրավորվել է 293 զինծառայող, 7 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող:

Լուսանկարը՝ Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter