HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Միրզոյանը հանդիպել է Ցեղասպանության կանխարգելման հարցերով ՄԱԿ գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդականին

 «Սեպտեմբերի 21-ին ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանի շրջանակներում ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Նյու Յորքում հանդիպում է ունեցել Ցեղասպանության կանխարգելման հարցերով ՄԱԿ գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդական Ալիս Վաիրիմու Նդերիտուի հետ։

Արարատ Միրզոյանը և Ալիս Վաիրիմու Նդերիտուն գոհունակություն են հայտնել ցեղասպանությունների կանխարգելման օրակարգի առաջմղման, այլատյացության և խտրականության դեմ պայքարի գործում ձևավորված սերտ համագործակցության կապակցությամբ։ Նախարար Միրզոյանն ընդգծել է հատուկ խորհրդականի մանդատի կարևորությունն ու պատրաստակամություն հայտնել դրա ներքո շարունակելու արդյունավետ փոխգործակցությունը։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել ցեղասպանությունների և մարդկության դեմ ուղղված հանցագործությունների կանխարգելման գործում բարձր տեխնոլոգիաների դերակատարության վերաբերյալ:

Անդրադառնալով ադրբեջանական զինված ուժերի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ սանձազերծված ռազմական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակին՝ նախարար Միրզոյանը զրուցակցի ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանի կողմից միջազգային և հումանիտար իրավունքի շարունակական կոպտագույն խախտումների վրա։ Նախարարը շեշտել է այդ հանցագործությունների վերաբերյալ միջազգային հանրության հասցեական արձագանքի և դրանց կանխարգելման մեխանիզմների ամրապնդման կարևորությունը»,-ասվում է ԱԳ նախարարության տարածած հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter