HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ես ստե էղել եմ, ստե էլ կմնամ». Սոթքը ադրբեջանական հրետակոծությունից հետո

66-ամյա Վարդանուշ Վարդանյանը և նրա ամուսինը՝ 71-ամյա Կոլյա Վարդանյանը, ամեն երեկո Սոթքից գնում են Կարճաղբյուր և առավոտյան վերադառնում Սոթք՝ անասուններին կերակրելու։

2022թ․-ի սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի զինված ուժերը հրետակոծեցին Գեղարքունիքի մարզի Սոթք, Կութ, Վերին Շորժա, Այրք, Վարդենիս եւ այլ համայնքները։ Հրետակոծությունից վնասվել են բնակելի տներ, անասնագոմեր, գազատար խողովակներ և էլեկտրալարեր։ Սեպտեմբերի 18-ին, երբ մենք Սոթքում էինք, գյուղը ո՛չ գազամատակարարում ուներ, ո՛չ՝ էլեկտրամատակարարում։ Երեկվա դրությամբ էլեկտրամատակարարումը մասամբ վերականգնվել էր։  

Վարդանուշն ու Կոլյան ստիպված էին դուրս գալ տնից։ Գիշերը ամուսինները մեքենայի մեջ են անցկացնում, նրանց կացարան են առաջարկել Մարտունի քաղաքում, բայց, Վարդանուշի խոսքով, ֆինանսական խնդիրներ ունեն և ամեն օր Մարտունիից չեն կարող գալ գյուղ և վերադառնալ։

Վարդանյանների տունը թշնամու նշանառության տակ է․ կարտոֆիլը դեռ հողի տակ են թողնում, վախենում են բերքահավաք սկսել։

Ծանր, բայց ջերմ զրույցի վերջում Կոլյա Վարդանյանն ասում է․ «Երկիրը խաղաղ պահեք, օգնություն պետք չի»։

Գյուղի բնակիչների մեծ մասը Վարդանյանների պես գնում-գալիս է։  Գարիկ Մանուկյանն ընտանիքին տեղափոխել է, բայց ինքը չի պատրաստվում լքել գյուղը։ «Ես ստե էղել եմ, ստե էլ կմնամ, ստե էլ կապրիմ»,- ասում է նա։

Գարիկի խոսքով՝ գյուղից շատերն են դուրս եկել։ Նրա ուղեկցությամբ շրջում ենք գյուղում, ասում է, որ իր տունը միակը չէ, որ տուժել է։ Սոթքում շրջելիս տեսանք՝ ինչպես են բեռնատար մեքենան բարձել գույքով և պատրաստվում լքել գյուղը։ Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի՝ 2021 թվականի հունվարի 1-ի դրությամբ Սոթքում ապրում էր 988 մարդ։

«Փեջը վառած ճաշ ա եփում, դե լույս չկա»,- ասում է Զեմֆիրա Հակոբյանը։ Նրա խոսքով՝ որոշ ընտանիքներ պարզապես հնարավորություն չունեն գյուղը լքելու և իրենց առօրյան այսպես են կազմակերպում, քանի որ ամսի 13-ից մինչ օրս էլեկտրականություն չկա։

Ասում է՝ խոստացել են վերականգնել գյուղի էլեկտրամատակարարումը, և նա երեք օր, խոստացված ժամկետը մտքին, սպասում է։

Գարիկ Հայրապետյանը Կութ համայնքի բնակիչ է, ադրբեջանական հրետակոծությունից վնասվել են նրա տան թե՛ արտաքին, թե՛ ներքին պատերը, փշրվել են լուսամուտները։ 

Առաջարկում է մինչև Վարդենիս ճանապարհն անցնել իր հետ։ Պատմում է,որ Կութի բնակիչները նույնպես լքում կամ պատրաստվում են լքել գյուղը։ Նրա խոսքով՝ հրադադարից հետո մինչ օրս որևէ պաշտոնատար անձ չի այցելել գյուղ, և իրենք հուսահատված են։ Կութում գրեթե նույն պատկերն է, ինչ Սոթքում։

Ըստ Սոթքի բնակիչների՝ մսավաճառները անասունների համար ցածր գին են առաջարկում․ ոմանք վաճառել և գնացել են, բայց շատերը ցածր գնի պատճառով հրաժարվում են դեռևս վաճառել։

Կութում նույնպես անասունների համար շուկայականից ցածր գին են առաջարկում։ Ըստ Գարիկ Հայրապետյանի՝ գյուղացիները դեռևս հրաժարվում են վաճառել՝ էժան գնով պայմանվորված։

Արեն Նազարյան, Հետք Մեդիա Գործարանի ուսանող

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter