HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ցույցեր Իրանում՝ գլխաշորը «սխալ կրելու» համար ոստիկանությունում հայտնված 22-ամյա աղջկա մահվան պատճառով

Սեպտեմբերի 13-ին Թեհրանի ոստիկանությունը ձերբակալել է Մահսա Ամանիին գլխաշորը «սխալ» կրելու համար։ Ոստիկանները նրա եղբորը՝ Քիարաշին ասել են, որ աղջկան կտեղափոխեն ոստիկանություն՝ «վերադաստիարակության» դասի, որից հետո ազատ կարձակեն։ 2 ժամ անց Մահսա Ամանիին տեղափոխել են հիվանդանոց։ Բժիշկները հայտնել են, որ նա կոմայի մեջ է ընկել։

Քիարաշը IranWire-ին պատմել է, որ երբ մոտեցել է ոստիկանական բաժանմունքին, շենքի մոտ մոտ 60-70 մարդ կար։ Նրանք հագուստ էին բերել բերման ենթարկված մյուս կանանց համար։ Որոշ ժամանակ անց մարդիկ բաժանմունքից բղավոցներ են լսել։ Քիարաշը պատմում է, որ ներկաները փորձել են հասկանալ, թե ինչ է կատարվում և թակել են շենքի դռները։ Ոստիկանները մահակներով և արցունքաբեր գազով ցրել են հավաքվածներին։

Շուտով շտապօգնության մեքենան հեռացել է բաժանմունքից։ Այդ օրն ազատ արձակված կանայք Քիարաշին ասել են, որ ներսում մարդ է սպանվել։ Հիվանդանոցում նրան հայտնել են, որ քույրը սրտի կաթված և ինսուլտ է տարել, ինչի հետևանքով նրա ուղեղը դադարել է գործել։

Ականատեսը, որը խնդրել է չբացահայտել իր ինքնությունը, IranWire-ին հայտնել է, որ Մահսայի կողքին է եղել, երբ նա կորցրել է գիտակցությունը: Կնոջ խոսքով՝ այդ պահին ոստիկանը ձերբակալվածներից պահանջել է նստել սենյակի մի անկյունում. «Նստելուց անմիջապես հետո տեսա, թե ինչպես մեզանից մեկն ընկավ և գլուխը հարվածեց աթոռին»,- պատմել է վկան։ Նրա խոսքով՝ մոտակայքում գտնվող կանայք փորձել են օգնել Մահսային, սակայն նա չի արձագանքել։ Մի քանի րոպե անց մոտեցավ բուժաշխատողը։ Նա աղջկան ինչ-որ դեղ ներարկեց և սկսեց սիրտ-թոքային վերակենդանացում անել։ Ես նայեցի Մահսայի դեմքին, միայն նրա աչքերի սպիտակուցներն էին երևում։ Մենք բոլորս սարսափի մեջ էինք։ Մենք գոռում էինք. «Դուք մարդասպան եք։ Դուք սպանել եք նրան»։

Դրանից հետո Մահսային տեղափոխել են հիվանդանոց։ Կանանց ոստիկանական բաժանմունքից ազատ են արձակել միայն այն բանից հետո, երբ ստուգել են բոլորի հեռախոսները։ Վկան հավելել է, որ ինքը չի տեսել, որ Մահսան ֆիզիկական բռնության ենթարկվի. «Մեզ նվաստացրել և վիրավորել են, բայց ոչ մեկին չեն ծեծել»։ Բուժաշխատողի տեղեկանքը նույնպես չի պարունակում վնասվածքների կամ արյունահոսության մասին տեղեկություն։

Ոստիկանության պաշտոնական վարկածով՝ բաժանմունքում գտնվող աղջիկը սրտի կաթված է ստացել։ Ավելի ուշ հրապարակվել է տեսահսկման տեսագրություն, որտեղ երևում է, թե ինչպես է նա խոսում մեկի հետ «վերակրթության» դասարանում՝ նախքան ուշաթափվելը: CNN-ը նշում է, որ տեսանյութն ունի մոնտաժի նշաններ։ Բացի այդ, հեռուստաալիքը չի կարողացել հաստատել, որ հենց Մահսա Ամինին է հրապարակված տեսանյութերում։

Աղջկա հարազատները կասկածի տակ են դնում իրադարձությունների պաշտոնական վարկածը, քանի որ նա սրտի հիվանդություն երբեք չի ունեցել։ Հիվանդանոցի լուսանկարներում երևում են տրավմայի հետքեր աջ ականջի հատվածում։ IranWire-ի հետ զրուցած բժիշկները ենթադրել են, որ աղջիկը, ամենայն հավանականությամբ, գանգի հիմքի կոտրվածք ունի, որը նա ստացել է հարվածի հետևանքով։ Լրագրողները չեն բացառում, որ Մահսան կարող էր վնասվածք ստանալ ոստիկանության բաժանմունքի ճանապարհին։ Նրանք դեռ չեն կարողացել որեւէ վկա գտնել, որը կպատմեր ոստիկանական մեքենայում կատարվածի մասին։

BBC-ի փոխանցմամբ, Մահսայի հայրն ասել է, թե որդին` Քիարաշը, տեսել է՝ ինչպես են քրոջը ծեծել։

«Իմ որդին քրոջ հետ է եղել։ Կան վկաներ, որոնք նրան ասել են, որ իրեն ծեծել են ոստիկանական մեքենայում, այնուհետև` ոստիկանական բաժանմունքում»,- հայտնում է մահացած աղջկա հայրը։ 

«Որդիս խնդրել է քրոջը չտանել, բայց նրան նույնպես ծեծել են և պատռել շորերը։ Ես նրանց խնդրել եմ նայել ոստիկանության տեսախցիկների ձայնագրությունը, և նրանք ինձ ասացին, որ այդ պահին տեսախցիկների մարտկոցները նստել են», - ասել է Ամջաթ Ամինին։

Իրանի իշխանությունները պնդում են, որ Ամինին կալանավորման պահին կրել է «անհամեստ» հագուստ։ Բայց հայրն ասում է, որ դուստրը միշտ երկար հագուստ է կրել։

Մահսա Ամինին մահացել է սեպտեմբերի 16-ին, հիվանդանոցում։ «Սխալ» արտաքին տեսքի համար կալանավորված աղջկա մահվան մասին հաղորդագրությունը մեծ դժգոհություն է առաջացրել սոցիալական ցանցերում, իսկ որոշ քաղաքներում նույնիսկ բողոքի ցույցերի հանգեցրել։ Առաջին ցուցարարները սկսել են հավաքվել հիվանդանոցի մոտ՝ աղջկա մահվան օրը։ Միևնույն ժամանակ Hengaw իրավապաշտպան կազմակերպությունը հայտնել է, որ իրավապահ մարմինները ճնշում են գործադրում Մահսայի ընտանիքի վրա և պահանջում են հուղարկավորել առանց հրաժեշտի արարողության՝ անկարգությունները կանխելու համար։

Հաջորդ օրը աղջկան թաղել են նրա հարազատ քաղաքում` Սակկեզում։ Ինչպես հայտնում է The Guardian-ը, հարյուրավոր մարդիկ են մասնակցել հուղարկավորության արարողությանը։ Կանայք, ի նշան աջակցության, հանել են գլխաշորերը։

Հուղարկավորությունից հետո քաղաքում բողոքի ցույցեր են սկսվել։ Ցուցարարները գնացել են մարզպետարանի մոտ՝ վանկարկելով հակակառավարական կարգախոսներ։  Ըստ IranWire-ի՝ ոստիկանները ուժով ցրել են ցուցարարներին, հաղորդվում է, որ արցունքաբեր գազ և հրազեն է կիրառվել։ Hengaw իրավապաշտպան կազմակերպությունը գրում է, որ սեպտեմբերի 18-ի դրությամբ առնվազն 38 մարդ վիրավորվել է, որոնցից 5-ը ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց, 3-ը՝ հրազենային վնասվածքներով։ Շատ իրանցի կանայք ի նշան բողոքի սկսել են այրել իրենց հիջաբները և կտրել մազերը։  Այդպիսի տեսանյութ հրապարակել է իրանցի լրագրող Մասիհ Ալինեջադը։ Ցուցարարները փակել են փողոցները, քարեր են նետել անվտանգության ուժերի վրա, այրել ոստիկանական մեքենաներ ու աղբամաններ, վանկարկել հակակառավարական կարգախոսներ։ Գիշերը ցույցեր են անցկացվել մայրաքաղաք Թեհրանում և այլ խոշոր քաղաքներում, այդ թվում՝ հյուսիս-արևելքում՝ Մաշհադում, հյուսիս-արևմուտքում՝ Թավրիզում, հյուսիսում՝ Ռաշթում, կենտրոնում՝ Իսֆահանում և հարավում՝ Շիրազում, հայտնում է IRNA-ն։

Աղջկա մահվան մասին գրել են բազմաթիվ իրանական թերթեր։ IranWire-ը, հղում անելով տեղական պարբերականներից մեկին, հայտնում է, որ Թեհրանում աշխատանքից ազատվել է բարքերի ոստիկանության պետը։ Իրանի դատական ​​համակարգի ղեկավար Գոլամ Հոսեյն Մոհսենի-Էջեյն հայտարարել է, որ կառավարությունը «աչք չի փակի պաշտոնյաների և ոստիկանների սխալների վրա» իր հետաքննության ընթացքում և «չի վարանի անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել»:

Պատրաստեց Վաղինակ Ասատրյանը

ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանող 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter