
Կոնյակի սպիրտի համար խաղողի մթերման 1կգ-ի գինը կարող է տատանվել 100-130 դրամի միջակայքում
2022թ. ակնկալվում է խաղողի տեխնիկական սորտերի շուրջ 200 հազար տոննա բերք: Մթերման գործընթացն արդեն սկսել է և գյուղացիական տնտեսությունները մտավախություն ունեն, որ այս տարի նույնպես ընկերությունները դժվարւթյամբ են իրականացնելու մթերումները:
Էկոնոմիկայի նախարարությունից հետաքրքրվել էինք` կան ձեռքբերված պայմանավորվածություններ, թե այս տարի որքան է արժենալու մթերվող 1 կգ խաղողի գինը: Նախարարությունից պատասխանել են, թե շուկայական տնտեսության պայմաններում խաղողի իրացման գները ձևավորվում են առաջարկի ու պահանջարկի հիման վրա` խաղող արտադրող և մթերող մասնավոր տնտեսավարողների փոխադարձ համաձայնությամբ։
Հետևաբար Կառավարությունը խաղողի մթերման գների ձևավորման գործընթացին միջամտելու լիազորություններ չունի և ապահովում է ոլորտի զարգացման քաղաքականության մշակումն ու իրականացումը։
«Մթերող կազմակերպություններից ստացված օպերատիվ տեղեկատվության համաձայն՝ ընթացիկ տարում կոնյակի սպիրտի արտադրության նպատակով մթերվող խաղողի գինը հաշվարկվելու է կամ կիլոգրամի դիմաց, կամ շաքարայնությամբ և կարող է տատանվել 100-130 դրամի միջակայքում։ «Երևանի կոնյակի գործարան» ՓԲԸ-ի կողմից կնքված պայմանագրերում խաղողի 1կգ-ի մթերման գինը սահմանվել է 155 դրամ։ Գինու արտադրության նպատակով մթերվող խաղողի գինը կարող է տատանվել 150-350 դրամի միջակայքում»,-հայտնում են Էկոնոմիկայի նախարարությունից։
Էկոնոմիկայի նախարարության կողմից մարզպետարաններից ստացված տեղեկատվության և խաղողագործության և գինեգործության հիմնադրամի կողմից իրականացված օդալուսանակարահանման արդյունքում ստացված խաղողի փաստացի այգետարածքների մակերեսների հիման վրա կատարվել է ընթացիկ տարվա խաղողի բերքի կանխատեսվող ծավալների մոնիթորինգ: Արմավիրի մարզում ակնկալվում է ստանալ 90 հազ. տոննա, Արարատում՝ 85 հազ., Արագածոտնում՝ 6 հազ., Տավուշում՝ 9 հազ., Վայոց ձորում՝ 8 հազ., Կոտայքի մարզում՝ 2․4 հազ. տոննա։
Նշենք, որ ըստ Ազգային վիճակագրության տվյալների՝ 2021թ. խաղողի համախառն բերքը կազմել է շուրջ 237.1 հազար տոննա` ներառյալ սեղանի սորտերի բերքը։ Մթերվել է շուրջ 191 հազ. տոննա խաղող այդ թվում Արմավիրի մարզում՝ 71․4, Արարատում՝ 95.1, Արագածոտնում՝ 9․9 հազ., Տավուշի մարզում՝ 7․1 հազ., Վայոց ձորում՝ 3․6 հազ., Կոտայքի մարզում՝ 2․2 հազ. տոննա:
Այս տարվա խաղողի մթերումների գործընթացի նախապատրաստական աշխատանքների շրջանակներում Էկոնոմիկայի նախարարության կողմից իրականացվել է վերամշակող ընկերությունների կողմից մթերման կանխատեսվող ծավալների մոնիթորինգ: 2022թ.ի սեպտեմբերի 9-ի դրությամբ խաղող վերամշակող ավելի քան 50 կազմակերպության կողմից ներկայացված տվյալների համաձայն մթերման կանխատեսվող ծավալը կազմում է շուրջ 163․8 հազար տոննա:
Էկոնոմիկայի նախարարությունը տեղեկություններ չունի, թե խաղողի մթերման քանի պայմանագիր է կնքվել գյուղացիական տնտեսությունների հետ: Նախարարությունից պարզաբանում են, որ ընկերությունները հաշվետու չեն նախարարությանը։ Ունեն տվյալներ միայն գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրի շրջանակներում կնքված պայմանագրերի քանակի վերաբերյալ: Նախարարության փոխանցմամբ` 2021թ. գյուղացիական տնտեսությունների հետ կնքվել է 5691 հատ խաղողի գնման պայմանագիր։
Նախարարությունը հայտնում է, որ տնտեսավարողներից ստացված օպերատիվ տեղեկատվության համաձայն մինչև ընթացիկ տարվա հուլիսի 1-ը վերը նշված վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրի շրջանակներում գյուղացիական տնտեսությունների հետ 23 ընկերության կողմից կնքվել է խաղողի գնման 5213 պայմանագիր։
Աջակցության ծրագրերից օգտված խաղող մթերող ընկերությունների վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն, ըստ նախարարության, հնարավոր չէ տրամադրել, քանի որ դրանցից օգտվելու գործընթացը դեռևս գտնվում է համապատասխան հայտերի ներկայացման փուլում։
Մեկնաբանել