HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Այսօր՝ Իռլանդիա-Հայաստան. «B» լիգայում մնալու համար Հայաստանը պետք է հաղթի

Այսօր՝ Երեւանի ժամանակով 22:45-ին, Ազգերի լիգայի 2022-2023 թթ. խաղարկության վերջին՝ 6-րդ տուրում Հայաստանի հավաքականը Դուբլինի «Ավիվա» մարզադաշտում կհյուրընկալվի Իռլանդիայի ընտրանուն: «B» լիգայի 1-ին խմբում ընդգրկված այս ընտրանիները պայքարելու են լիգայում մնալու համար, քանզի նրանք խմբի հետնապահներն են, իսկ վերջին տեղը զբաղեցրածը 2024-2025 թթ. խաղարկությունում տեղափոխվելու է մեկ մակարդակ ցածր՝ «C» լիգա: 

Հիշեցնենք, որ մեր խմբի առաջատարը 5 տուրից հետո Շոտլանդիան է, որն ունի 12 միավոր, ուկրաինացիները վաստակել են 10 միավոր, Իռլանդիան ունի 4, իսկ Հայաստանը՝ 3 միավոր: Այսպիսով՝ այսօր լեհական Կրակով քաղաքում Ուկրաինան փորձելու է հաղթել Շոտլանդիային, ինչը նրան հնարավորություն կտա հաջորդ խաղարկությանը հանդես գալ «A» լիգայում, իսկ ցանկացած այլ արդյունքի դեպքում այդ լիգայում կհայտնվի Շոտլանդիան: Նույն պատկերն է Իռլանդիա-Հայաստան մրցավեճում: Մեր թիմին բացառապես հաղթանակ է անհրաժեշտ այսօրվա խաղում, այլապես «B» լիգայում տեղը կպահպանի Իռլանդիան: 

Արդեն հայտնի է մեր ընտրանու վերջնական հայտացուցակն այսօրվա խաղի համար: 

Իռլանդացիներին նախկինում հանդիպել ենք 3 պաշտոնական խաղում, որոնք հայ ֆուտբոլասերները հաստատ լավ են հիշում։ «Եվրո-2012»-ի ընտրական փուլում, որն ամենահաջողն էր մեր ընտրանու պատմության մեջ (մերոնք խմբում գրավեցին 3-րդ տեղը, չնայած շատ մոտ էին նաեւ 2-րդ հորիզոնականին), 2010 թ. սեպտեմբերի 3-ին Երեւանում մերոնք պարտվեցին 0-1, իսկ 2011-ի հոկտեմբերի 11-ին Դուբլինում իռլանդացիները հաղթեցին 2-1 ու «Եվրոյի» փլեյ-օֆ փուլի ուղեգիր նվաճեցին, ապա որակավորվեցին եզրափակիչ մրցաշարին: Դուբլինում իռլանդացիներին մեծապես օգնեց բասկ մրցավար Իտուրալդե Գոնսալեսը, որը սխալ կարմիր քարտ ցույց տվեց մեր դարպասապահ Ռոման Բերեզովսկուն՝ Հայաստանի հավաքականին թողնելով 10 հոգով: Այդ խաղում մերոնցից ինքնագոլի հեղինակ դարձավ Վալերի Ալեքսանյանը, ապա տանտերերը խփեցին նաեւ երկրորդ գոլը, ու չնայած Մխիթարյանը կարողացավ կրճատել հաշվի տարբերությունը, ավելին անել չհաջողվեց: Այս տարվա հունիսի 4-ին Ազգերի լիգայի ընթացիկ խաղարկության շրջանակներում Երեւանում մեր թիմը Էդուարդ Սպեցրյանի գոլի շնորհիվ հաղթեց 1-0: 

Այսպիսով՝ հայ-իռլանդական դիմակայությունում 3 խաղերից 2-ում հաղթել են իռլանդացիները, մեկում՝ մերոնք: Գոլերի տարբերությունը՝ 2-3՝ հօգուտ իռլանդացիների: 

Հայտնի է նաեւ, որ այսօր մեր ընտրանին մրցելու է կարմիր մարզահագուստով, դաշտի տերերը՝ կանաճ-սպիտակ:

Խաղն սպասարկելու է սլովենացի Ռադե Օբրենովիչը։ Նրա օգնականներն են Յուրե Պրապրոտնիկը (Սլովենիա) եւ Գրեգա Կորդեժը (Սլովենիա), 4-րդ պաշտոնյան է Դավիդ Շմայցը (Սլովենիա)։ VAR-ի մրցավարն է Մատեյ Յուգը (Սլովենիա), VAR-ի մրցավարի օգնականը՝ Ալեն Բորոշակը (Սլովենիա)։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter