
Մինչեւ տարեվերջ կառավարությունը մեդիայի զարգացման և ապատեղեկատվության դեմ պայքարի փաստաթղթեր կունենա
Եվրոպայի խորհրդի փորձագետներ Դր. Քրիստինա Ռոզգոնին (Dr. Krisztina Rozgonyi ) և Շուշան Դոյդոյանն այսօր ներկայացրեցին 2019թ.-ի Հայաստանի մեդիա դաշտի կարիքների գնահատման զեկույցի թարմացված տարբերակը:
Զեկույցում վերլուծվել է ներպետական օրենսդրական դաշտը, ներառյալ՝ ԶԼՄ-ների ազատության, խոսքի ազատության վիճակը, հանրային ծառայության ԶԼՄ-ները և դրանց համապատասխանեցումը Եվրոպայի խորհրդի չափանիշներին:
Հատուկ ուշադրություն է հատկացվել մեդիա կառավարման խնդիրներին. հանրային լրատվամիջոցներին, ԶԼՄ-ների սեփականատիրության թափանցիկությանը, ինքնակարգավորմանը, լրագրության որակին, ատելության խոսքի, ապատեղեկատվության դեմ պայքարին:
Փորձագետների գնահատմամբ՝ թեև 2018թ.-ի հեղափոխությունը նպաստել է մեդիայի արտահայտվելու ազատությանը, սակայն մեդիան ծայրահեղ բևեռացված է և գտնվում է բիզնեսի վերահսկողության տակ:
Ցածր է նաև մեդիագրագիտության մակարդակը, իսկ ապատեղեկատվության մակարդակը Հայաստանում երբևէ ամենաբարձրն է: Այս առնչությամբ Շուշան Դոյդոյանը հայտնեց, որ մինչեւ տարեվերջ կառավարությունն արդեն կունենա մեդիազարգացման և ապատեղեկատվության դեմ պայքարի հատուկ ծրագրերի համալիր փաստաթղթերը։
«Այս տարին, հուսանք, բեկումնային կլինի, եթե այս երկու համալիր փաստաթղթերը համաժամանակյա և համատեղ իրականություն դարձվեն, իհարկե, եթե դրանց հիմքում դրվեն նաև պատշաճ գործողությունների ծրագիր և ունենա ֆինանսական ու միջազգային գործընկերների աջակցություն, հակառակ դեպքում դրանք կմնան պարզապես ցանկություններ»,- ասաց նա։
Արձանագրվեց նաև, որ Հայաստանում տեղեկատվության հիմնական աղբյուրը սոցցանցերն են՝ առաջնայնության հետևյալ հերթականությամբ՝ Ֆեյսբուք, Յութուբ, Ինստագրամ։ Սոցցանցերին հաջորդում է հեռուստատեսությունը, որի սպառումը 2015 թվականից ի վեր շարունակաբար նվազում է, իսկ տպագիր մամուլը գրեթե չի սպառվում: Տեղական հեռուստատեսությունը և ռուսական հեռուստաալիքները Հայաստանում մեծ լսարան ունեն, եւ միջազգային նորությունները հաղորդվում են հիմնականում ռուսական հեռուստաալիքների միջոցով:
Էլեն Դանիելյան
ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանող
Մեկնաբանել