HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ադրբեջանին ամերիկյան ռազմական օժանդակությունից զրկող և պատժամիջոցներ նախատեսող բանաձև է ներկայացվել նաև ԱՄՆ Սենատում

ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսը և նույն հանձնաժողովի անդամ Մարկո Ռուբիոն սեպտեմբերի 27-ին հանդես են եկել երկկուսակցական օրենսդրական նախաձեռնությամբ, որը դատապարտում է ադրբեջանական վերջին ագրեսիան ՀՀ նկատմամբ, կոչ է արվում անհապաղ դադարեցնել ամերիկյան անվտանգային աջակցությունն Ադրբեջանին, ազատ արձակել հայ ռազմագերիներին, պատժամիջոցներ կիրառել պատերազմական հանցագործությունների համար։ Այս մասին նշված է ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենյակի հաղորդագրությունում։

Բանաձևով համերաշխություն է հայտնվում ՀՀ տարածքային ամբողջականությանը, ինչպես նաև կոչ է արվում մեծացնել Հայաստանին և Արցախին տրամադրվող ամերիկյան օժանդակությունը։

Ներկայացված բանաձևի նախագծի առիթով Ռոբերտ Մենենդեսը նկատել է․ 

«Ադրբեջանի վերսկսած հարձակումը հայկական տարածքների և քաղաքացիական ենթակառուցվածքների վրա կոպիտ թիրախավորումը մարդկային կյանքի հանդեպ արհամարհանքի սարսափելի ցուցադրություն է։ Քանի որ տարածաշրջանի համայնքները, ներառյալ Կապանը, Գորիսը, Ջերմուկը, Վարդենիսը և Ճակատենը տառապում են Ալիևի վարչակարգից, ԱՄՆ -ն պետք է աջակցության խոսքերը որոշակիացնի Հայաստանի ժողովրդի համար արվող գործողություններով: Այս բանաձևով մենք հասկացնում ենք, որ ԱՄՆ կառավարության համար ազգային անվտանգության հրամայական է անել ճիշտը և մեկընդմիշտ դադարեցնել անվտանգության ապահովման աջակցությունն Ադրբեջանին»:

Ըստ Հայ դատի գրասենյակի հաղորդագրության՝ ԱՄՆ Սենատում Ռոբերտ Մենենդեսի և Մարկո Ռուբիոյի ներկայացրած բանաձևով, փաստորեն, Ադրբեջանին ամերիկյան անվտանգային օժանդակությունից զրկելու, պատժամիջոցների կիրառման, ինչպես նաև հայկական շահերի պաշտպանության տեսանկյունից կարևոր այլ  հարցեր մտնում են նաև ԱՄՆ Սենատի օրակարգ։ Ավելի վաղ իրենց բանաձևերի նախագծերով այդ հարցերը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի օրակարգ էին մտցրել կոնգրեսականներ Ադամ Շիֆն ու Ջեքի Սփիերը։

Բանաձևի նախագծի տեքստը հասանելի է հետևյալ հղումով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter