HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Ռոբերտ Քոչարյան․ «Կապիտուլյացիայի համար կոնսոլիդացիայի կարիք չկա»

Հայաստանը գտնվում է անվտանգային խորը ճգնաժամի մեջ, երբ իշխանությունները ի վիճակի չեն պաշտպանել երկրի տարածքային ամբողջականությունը։ Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսին հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։

«Վերջին իրավիճակը ցույց տվեց, որ ՀՀ իշխանությունները չեն կարողանում ներգրավել մեր գործընկերներին՝ պայմանագրով սահմանված պարտավորությունները կատարելու համար։ Իշխանությունները տարվել են ուտոպիստական խաղաղության դարաշրջան բացելու թեզով և այդ թեզի ներքո ուղղակի անտեսել են անվտանգության բազմաթիվ հարցեր։ Սա ընտրած կուրսի հերթական ձախողումն է։ Անկարայի և Բաքվի դերը այս վերջին իրադարձությունների ներքո շեշտակի աճել է, Թուրքիայի և Ադրբեջանի վրա ազդելու լծակները ևս նվազել են, չափազանց սահմանափակ են Ռուսաստանի և ՀԱՊԿ-ի կողմից։ Եվ այս իրավիճակում անտեսել անվտանգային հարցերը գոնե սեփական ուժերի շրջանակում, կարծում եմ՝ հանցավոր անգործություն է»,- նշեց երկրորդ նախագահը։

Անդրադառնալով ՄԱԿ-ում վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթին՝ Ռոբերտ Քոչարյանը նշեց, որ դա խաղաղության դարաշրջանի հոգեհանգստի ելույթ էր, և իր բովանդակությամբ նշանակում էր, որ խաղաղության սպասելիքներ չեն կարող լինել։ Երկրորդ նախագահի խոսքով՝ ներկա իրավիճակում Հայաստանը գտնվում է ոչ թե բանակցությունների սեղանի շուրջ, այլ այդ սեղանի վրա։

«Թույլերին ու նվնվացողներին ոչ ոք չի սիրում, այդ կատեգորիայի մարդկանց հետ ընկերություն չեն անում։ Նույնը միջազգային հարաբերություններում է։ Մուրացկաններին ինչ-որ բան տալիս են խղճահարության պատճառով, այլ ոչ թե հարգանքի։ Չի կարելի պետությունը մուրացկան դարձնել, եթե մենք ուզում ենք, որ մեր պետության ու պետականության նկատմամբ հարգանքի լինի»,- նշեց «Հայաստան» դաշինքի առաջնորդը։

Քոչարյանի կարծիքով՝ ստեղծված ծանր իրավիճակից դուրս գալու համար անհրաժեշտ է երեք բան, առաջինը հանրային կոնսոլիդացիան է․

«Կոնսոլիդացիան աբստրակտ չի լինում, օդի մեջ կախված չի լինում։ Սովորաբար կոնսոլիդացիան լինում է բարձր նպատակների հասնելու համար։ Հիմա մտքեր են հնչում, թե միավորվենք, որ օգնենք ծանր որոշում կայացնել (նկատի ունի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի խոսքերը, խմբ․)։ Գիտե՞ք՝ կոնսոլիդացիան իրականացնում են ժողովրդին հաղթանակի մղելու համար։ Կապիտուլյացիայի համար կոնսոլիդացիայի կարիք չկա, ընդհակառակը՝ դրա համար դեկոնսոլիդացիա է անհրաժեշտ»,- ասաց Ռոբերտ Քոչարյանը։

Իրավիճակից դուրս գալու համար երկրորդ նախապայմանը, ըստ Քոչարյանի, բանակի հզորացումն է, իսկ երրորդը՝ «վերագնահատել անվտանգային ճարտարապետությունը»՝ սթափ գնահատելով, թե ինչ գործոններ և պետություններ կարող են ազդել Ադրբեջանի և Թուրքիայի վրա, մանավանդ Ռուսաստանի և ՀԱՊԿ-ի լծակների թուլացման ֆոնին։ Ռոբերտ Քոչարյանի կարծիքով՝ ակնկալել, որ ՀԱՊԿ-ն կարող է ինչ-որ բան ձեռնարկել Ադրբեջանի դեմ, աշխարհաքաղաքական անմեղսունակություն է։ Միևնույն ժամանակ Քոչարյանն ասում է, թե իր համար ակնհայտ է նաև, որ Ռուսաստանը, Ֆրանսիան և ԱՄՆ-ն այսօր մեծ ազդեցություն չունեն Ադրբեջանի և հատկապես Թուրքիայի վրա։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter