HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

Հրետակոծվող բնակավայրերից տեղահանվածները պատսպարվել են մոտակա բնակավայրերում

Սեպտեմբերի 13-ին Հայաստանի Հանրապետության դեմ Ադրբեջանի լայնածավալ ագրեսիայի հետևանքով Սյունիքի, Գեղարքունքի և Վայոց ձորի մարզերի մի շարք բնակավայրերից, ըստ պաշտոնական տվյալների, տեղահանվեց ավելի քան 7600 մարդ, հիմնականում՝ կանայք, երեխաներ, տարեցներ և հաշմանդամություն ունեցողներ։ 

Երեք մարզերից տեղահանված բնակիչների հարցերով զբաղվելու համար Կառավարությունը ստեղծել էր համակարգող խումբ, որում ընդգրկված են ՏԿԵՆ, ԿԳՄՍ, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունները։ Տեղահանվածների վերաբերյալ պարտավորությունները բաժանվել են երեք նախարարություններ միջև։

Կացարանով և առաջին անհրաժեշտության պարագաներով տեղահանվածներին ապահովելու պարտավորությունը ստանձնել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը (ՏԿԵՆ)։ ՏԿԵ նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը «Հետք»-ին հայտնեց, որ հրետակոծված համայնքներում վնասված ենթակառուցվածքները՝ էլեկտրաէներգիա, գազատար և այլն, արդեն վերականգնել են։  Տեղահանված անձանց հաշվառման տվյալների էլեկտրոնային շտեմարանում այսօրվա տվյալներով հաշվառված է 1309 անձ, որից 634-ը Գեղարքունիքի մարզից է։

ՏԿԵՆ փոխնախարարը նշեց, որ հրետակոծվող բնակավայրերից տեղահանվածները պատսպարվեցին մոտակա բնակավայրերում, մեծ մասն իր ցանկությամբ տեղավորվել էր հարազատների տներում։ «Պետության դերակատարությունը եղել է հետևյալը․ գիշերվանից սկսած՝ մոտիկ համայնքներում ինչքան դատարակ բնակարան, հանրային կացարան կա՝ բացել ենք և տեղավորել մարդկանց։ Որևէ ընտանիք անխնամ կամ դրսում չի մնացել»,- հայտնեց պրն Տերտերյանը։ 

Մարդիկ գյուղերում էին թողել իրենց ինչքը, անասունները և, փոխնախարարի ասելով, նրանց մոտակա բնակավայրերում տեղավորելը հնարավորություն տվեց հրադադարից հետո գնալ-գալով խնամել իրենց կենդանիներին, հետևել սեփականությանը։ Նրանց առաջին անհրաժեշտության օգնությունը բավարարվում էր համայնքային բյուջեով և հավաքագրված այլ ռեսուրսներով։

Պրն Տերտերյանը նշեց, որ անցյալ շաբաթ Սյունիքի, Գեղարքունքի և Վայոց ձորի մարզերից յուրաքանչյուրին պետական բյուջեից հատկացվել է 50 մլն դրամ՝ խաղաղ բնակչությանը հասցված վնասները փոխհատուցելու նպատակով։ Բացի տեղահանվածներին պարենային և ոչ պարենային ապրանքներով ապահովելը, մարզպետարաններն այդ գումարով վերականգնում են թեթև վնասված բնակարաններն ու տները։ Ավելի շատ վնասներ կրած տների գնահատումն ու վերականգնումը կիրականացնի Քաղաքաշինության կոմիտեն։  

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) նախարարության հանրակրթության և արտադպրոցական հաստատությունների համակարգման բաժնի պետ Ստալ Սարդարյանն ասում է, որ նշված մարզերի դպրոցներում դասերը հիմնականում վերականգնվել են։ Սյունիքի, Գեղարքունիքի, Վայոց ձորի մարզերի միայն 10 դպրոցում է հիմա կրթությունը հեռավար կազմակերպվում։ 

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մամուլի քարտուղար Զարուհի Մանուչարյանն ասում է, որ իրենց նախարարությանը վերապահված է տեղահանվածների կարիքների գնահատումը։ Նախարարության աշխատակիցները  գնահատմանն ուղիղ մասնակցություն չունեն, այդ նպատակով նախարարությունում երկու հարթակ են ստեղծել։ Նախարարության սոցիալական աջակցության աշխատակիցներն այցելել են միայն հիվանդանոցներում գտնվող վիրավորներին և գնահատել նրանց կարիքները։ 

Հարթակներից մեկով տեղահանվածների առաջնային կարիքի հաշվառում է իրականացվում, որը հնարավորություն է տալիս քաղաքացիների կարիքների մասին տեղեկատվություն ստանալ։ Նրանք իրենց անձնական տվյալներն են լրացնում հարթակում և նշում, թե ինչի կարիք ունեն՝ կացարանի, հագուստի, սննդի, խնամքի ծառայությունների, աջակցող միջոցների և ցանկացած այլ առաջնային ծառայության։

«Մենք տվյալների ավտոմատ հավաքագրումն ենք իրականացնում և այն ավտոմատ փոխանցվում է մարզպետարաններին՝ համայնքապետարանների միջոցով քաղաքացու պահանջը բավարարելու համար։ Հարթակի մասին լայն իրազեկում է արվել հեռուստաընկերություններով, այլ լրատվամիջոցներով։ Հաշվի ենք առել, որ քաղաքացին, հնարավոր է, չկարողանա օգտվել կայքից և էլեկտրոնային եղանակով մուտքագրել կարիքը, ուստի հայտերն ընդունվում են նաև նախարարության թեժ գծով»,- ասում է Զարուհի Մանուչարյանը։

Նրա խոսքով՝ այս օրերին մոտ 1080 զանգ է գրանցվել, սակայն իրական պահանջ ներկայացրել է մոտ 200 քաղաքացի։ 

Բացի առաջնային կարիքի հաշվառման հարթակից, գործարկել են նաև սոցիալական աջակցության ծառայության քարտեզ, որը հ/կ-ների և մասնավոր նախաձեռնությունների համար է։ Այդ հարթակը հասանելի է համակարգող խմբի անդամներին և մարզպետարաններին։ 

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կայքը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 13-ից հետո նախարարության պաշտոնյաները հանդիպումներ են ունեցել սոցիալական պաշտպանության ոլորտում գործունեություն իրականացնող հասարակական կազմակերպությունների և սոցիալական նախաձեռնությունների ներկայացուցիչների հետ։ Քննարկել են պետության եւ մասնավոր հատվածի աշխատանքների համակարգման, կարիքների հասցեական գնահատման և թիրախային աջակցության տրամադրման կարևորությունը:

Զ․ Մանուչարյանն ասում է, որ մասնավոր նախաձեռնությունների անհրաժեշտություն չկա, բայց քանի որ շատ մասնավոր նախաձեռնություններ և հասարակական կազմակերպություններ օգնություն էին հավաքում՝ հագուստ, սնունդ և այլն, անհրաժեշտ եղավ երկրորդ հարթակը ստեղծել։ Այստեղ կենտրոնացվում է ամբողջ ռեսուրսը՝ և՛ պլանավորելու, և՛ անհրաժեշտության դեպքում օգտագործելու նպատակով։ 

«Առաջին անհրաժեշտության ապրանքներ հավաքագրելու քաղաքացիական նախաձեռնությունները փորձել ենք զսպել, որովհետև դրա կարիքը չի եղել,- ասում է Վաչե Տերտերյանը։  Սակայն, միջազգային կազմակերպություններն էլ են ընդգրկվել այս գործում․ «Կարմիր խաչ»-ը հումանիտար օգնության 4000 փաթեթ է պատրաստել և համայնքների միջոցով բաժանվում է կարիքավորներին։ Հումանիտար աջակցություն են ցուցաբերել նաև «Մարդը կարիքի մեջ», «Հուսո տուն» կազմակերպությունները։ 

Երեք մարզպետարանների կայքերը տեղեկացնում են սեպտեմբերի 16-23-ին ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատար Լիլա Փիթրս Յահիանի և ՄԱԿ-ի գրասենյաների ղեկավարների հետ ունեցած հադիպումներ մասին։ Թե ինչ դերակատարություն են ստանձնել ՄԱԿ-ի գրասենյակները տեղահանվածների հարցում, մարզպետարանների պաշտոնական հաղորդագրություններում չի ասվում:

«ՄԱԿ-ի գրասենյակը հումանիտար օգնություն է առաջարկել, քննարկվում է օժանդակության ծրագրեր իրականացնելու հարցը»,- հայտնեց պրն Տերտերյանը։

Ի դեպ, հրետակոծված համայնքներից միայն Վարդենիսում է համայնքի ղեկավարի գլխավորությամբ արագ արձագանքման խումբ և թեժ գիծ ստեղծվել։ Խումբը զբաղվում է հակառակորդի թիրախավորած համայնքներից տեղահանված և նույն համայնքներում նաև այս օրերին բնակվող բնակիչների կարիքների բավարարմամբ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter