HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

157-րդ թատերաշրջանը Գյումրիում բացվեց «Հրաշագործը» պիեսով և «Մուսաները չպետք է լռեն» կարգախոսով

Երբ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Ուինսթոն Չերչիլի հաստատմանն են ներկայացնում երկրի բյուջեն, որտեղ զինված ուժերին մեծ գումարներ էին հատկացված, իսկ մշակույթն՝ անտեսված, վերջինս վրդովվում է. «Եթե մենք չենք ֆինանսավորում մշակույթն, էլ ինչի՞ համար ենք պայքարում, ի՞նչն ենք պաշտպանում»:

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ պատերազմող մեկ այլ երկրի՝ Ռուսաստանի օպերայի եւ բալետի պետական ակադեմիական թատրոնը 1941թ.-ից տարհանվել էր Կույբիշեւ քաղաք, որտեղ շարունակում էր ներկայացումներ տալ, իսկ հասույթը փոխանցել Պաշտպանության հիմնադրամին: 1942թ.-ին, լենինգրադյան բլոկադայի օրերին, ծնվեց Դմիտրի Շոստակովիչի հայտնի 7-րդ սիմֆոնիան, որ հնչեց պաշարման մեջ գտնվող քաղաքում՝ ի հեճուկս հրետակոծությունների ու վերեւից թափվող ռումբերի: Սիմֆոնիան հետագայում ստացավ «Լենինգրադյան» անվանումը:

«Պատմությունն էլ է հուշում, որ մուսաները չպետք է լռեն: Դա աններելի է: Կարելի է ասել՝ բեմն էլ մեր խրամատն է, եւ մենք պարտավոր ենք այն պահել,-նկատում է Գյումրու դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար եւ տնօրեն Լյուդվիգ Հարությունյանը:- Սա էլ մեր պատերազմն է, որ պարտավոր ենք հաղթել: Ես համարում եմ, որ բեմի վարագույրը պետք է միշտ բացվի»: Արցախյան 44-օրյա պատերազմն աճեմյանցիներին թույլ չտվեց մեծ շուքով նշելու 155-րդ թատերաշրջանը՝ հետաձգվեցին պլանավորած բոլոր ներկայացումները: Երկար տատանվելուց հետո՝ հոկտեմբեր ամսին, որոշում կայացվեց խաղալ Վարդան Պետրոսյանի «Վերելքը»: Գյումրիում եւ Երեւանում կայացած ներկայացումների հասույթն ամբողջությամբ փոխանցվեց բանակի կարիքները հոգալու համար: 

Կա տարիների ավանդույթ, թատերաշրջանները բացվում են աշնանը՝ հիմնականում սեպտեմբեր ամսին: Այս տարի, Գյումրու դրամատիկ թատրոնի 157-րդ թատերաշրջանի բացումը նախատեսված էր սեպտեմբերի 17-ին, առաջնախաղից տասն օր առաջ սպառված էր «Միզերի» ներկայացման տոմսերը, սակայն սեպտեմբերի 12-ին սկսված սահմանային բախումների բոթն ավելի շուտ տեղ հասավ: «Մենք ողջ ամառ աշխատել էինք եւ մտադիր էինք սեպտեմբերին՝ թատերաշրջանի բացմանը ներկայանալ երկու պիեսով՝ «Միզերի» եւ «Հրաշագործը»: Սահմանին սկսված պատերազմական գործողությունների, զոհերի, ընդհանուր տրամադրությունների ֆոնին որոշում կայացրինք թատերաշրջանի բացումը հետաձգել, բայց չլռել»:

Թատերաշրջանի բացումն ազդարարվեց սեպտեմբերի 24-ին՝ Ուիլյամ Գիբսոնի «Հրաշագործը» պիեսի հիման վրա արված նույնանուն ներկայացմամբ: Սա իրական պատմություն է՝ գրված ամերիկացի կույր եւ խուլ գրող, հասարակական գործիչ Հելեն Քիլլերի «Իմ կյանքի պատմությունը» ինքնակենսագրականի հիման վրա: Դեպքերը ծավալվում են 1880-ականներին, ամերիկյան մի քաղաքում: Քելլերների ընտանիքում ծնված աղջնակը մեկ տարեկանում ծանր հիվանդանում է: Նրան հաջողվում է փրկել, սակայն երեխան զրկվում է տեսնելու եւ լսելու ունակությունից: Ծնողները չգիտեն ինչպես դաստիարակել նման խնդիրներ ունեցող երեխային եւ մինչեւ 7 տարեկանը Հելենը մեծանում է կամակոր եւ ինքնասածի: Ի վերջո, ծնողները որոշում են դաստիարակչուհի հրավիրել կույրերի դպրոցից: 

Այդպես, երիտասարդ դաստիարակչուհի Էնն Սալիվանը, որ նույնպես մանկական տարիներին ունեցել է տեսողության խնդիր, հայտնվում է Քելլերների ընտանիքում: Սակայն դաստիարակչուհու կիրառած փոքր-ինչ կոպիտ մեթոդները դուր չեն գալիս կապիտան Քելլերին ու նրա կնջը: Նրանք որոշում են հրաժարվել ուսուցչուհու ծառայություններից: Էննը երկու շաբաթ ժամանակ է խնդրում եւ Հելենի հետ առանձին ապրելու հնարավորություն: Նա հայտարարում է, որ իր մեթոդները չեն կարող արդյունք տալ, եթե երեխայի՝ իրեն ոտքով հարվածելու, ցավ պատճառելու արարքն ու ճիչերը հանդարտեցնելը մոր կողմից պարգեւատրվում են կոնֆետով: Բացի այդ, չի կարելի կիսատ թողնել սկսածն՝ առանց հստակ արդյունքը տեսնելու:

«Կյանքում էլ է այդպես, որքան էլ դժվար լինի, չի կարելի սկսածը կիսատ թողնել, այլապես ոչնչի չես հասնի,- ասում է էնն Սալիվանի դերակատարուհին՝ Համազգային թատրոնի դերասանուհի Նարինե Գրիգորյանը,- իմ հերոսուհին համառ է, ինքն էլ է անցել նույն դժվարությւնների միջով: Նա հստակ հասկանում է, որ պետք է հասնի երեխայի գիտակցության արթնացմանը, այսինքն ցանկացած բան, որ Հելենն անելու է, դա պետք է լինի գիտակցված: Եթե այս ամենը բերեք իրական կյանք, կտեսնեք, որ ներկայացման ուղերձները շատ հստակ են: Ի վերջո, հրաշքն օդից ընկած մի բան չի, էդ դու ես՝ քո մտքերով, քո համառությամբ, քո գործելակերպով հասնում հրաշքին: Պիեսի հերոսուհին հաղթում է՝ գնալով էդ ճանապարհով, մեկ ուրիշ հերոս հաղթում է սիրելով: Չնայած, այստեղ էլ է սերը որոշիչ դեր խաղում, երբ ուսուցչուհին ասում է, թե ճիշտ է, Հելենն իր աղջիկը չէ, բայց ինքը շատ է սիրում նրան եւ ամեն ինչ անելու է հանուն նրա»:

«Հրաշագործը» ներկայացումը ծնվել է Գյումրու դրամատիկականի եւ Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնների համագործակցության արդյունքում: Մշակույթի նախարարությունը ֆինանսավորել է ծրագիրը, թատրոնը եւս ունեցել է իր ներդրումը, աջակցել է նաեւ «Կարիտաս» բարեսիրական ՀԿ-ն: Ներկայացման ռեժիսորը ՀՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Նիկոլայ Ծատուրյանն է: Վերջինս խոստովանում է, որ Ուիլյամ Գիբսոնն իր սիրելի հեղինակներից է եւ երկար տարիներ երազել է բեմ հանել նրա «Հրաշագործը»:

«Ես ամբողջ կյանքում սիրել եմ երեխաներին եւ կենդանիներին՝ նրանք ամենաանմիջական ու անկեղծ էակներն են: Մեր ծնողների մեծ մասը կարծում է, թե երեխային կերակրելով ու հագցնելով՝ իրենց պարտքը կատարեցին, բայց դա այդպես չէ, դա ընդամենը այն է, ինչ պարտավոր ես անել: Շատ դեպքերում չեն մտածում, թե որքան աշխատանք կա անելու, մինչեւ երեխային գիտակից անհատ մեծացնելը: Դարձնել մտածող մարդ՝ դա շատ կարեւոր բան է: Չի կարելի ձեռքերը ծալած նստել ու սպասել հրաշքի: Իհարկե, հրաշքի սպասումը լավ բան է, բայց պետք է գործես, պետք է քայլեր անես՝ համառ ու հետեւողական, որ այդ հրաշքը տեղի ունենա: Մեր ներկայացումը հենց այդ մասին է»:

Ստեղծագործական կոլեկտիվն ինքն էլ է այս ընթացքում մի «հրաշք» ձեռք բերել: Խոսքը Հելենի դերակատարուհի, 9-ամյա Անգելինա Զաքարյանի մասին է:

-Դու ինչպե՞ս ես կարողանում լինել բեմում 2 ժամից ավելի ու չխոսել,- դիմում եմ աչքերը հետաքրքրությամբ դեմքիս հառած աղջնակին:

-Շատ դժվարությամբ,- անկեղծանում է Անգելինան:

-Դու ի՞նչ է, շատախո՞ս ես,- ծիծաղում եմ:

-Մի քիչ շատախոս եմ,- Անգելինան ժպտալով գլխով է անում:

-Հա՜, էդ դեպքում պատկերացնում եմ ինչքան դժվար է զսպել խոսելու ցանկությունը,- նկատում եմ ես՝ ուսերից գրկելով աղջնակին:

- Փորձերի ժամանակ շրթունքներս պինդ սեղմում էի, որպեսզի ինձ զսպեի, հետո օրեցօր սկսեցի սովորել, հիմա արդեն պրոբլեմ չունեմ:

Անգելինա Զաքարյանն ընտրվել է 40 մասնակիցներից: Ներկայացման մասին աղջնակին հայտնել էր դրամատուրգ հայրը՝ Բաբկեն Զաքարյանը:

-Հայրիկս գիշերն ինձ ասաց, որ մի հատ պիես կա ու էնտեղ աղջկա դերակատար է պետք իմ տարիքի: Հաջորդ օրը մենք գնացինք փորձերի: Սկզբում շատ երեխաներ կային, հետո մնացինք երկուսով, վերջում, 40 հոգուց մնացի մենակ ես,- անկեղծանում է փոքրիկը:

-Նա իր հերոսուհու նման դիմացկուն է,- Նարինե Գրիգորյանը ծիծաղում է,- էս դերի համար հենց դիմացկունություն ու համառություն էր պետք, եւ Անգելինան հաղթեց: 

Ներկայացումը դիտելիս գուցե շատերն են իրենց հարց տալիս, թե ինչպես կարելի է ապրել առանց լսելու, խոսելու եւ տեսնելու: Մի՞թե հնարավոր է ապրել նման աշխարհում՝ շրջապատված լիակատար խավարով՝ առանց լույսի շողի, եւ պարուրված լռությամբ: Պիեսը տալիս է այդ հարցերի պատասխանը. անհնարին ոչինչ չկա, եթե ունես հավատ, ձգտում եւ պայքարելու կամք: Փոքրիկ Հելենի ծնողները, որ սկզբում անզորությունից աղջկան ցանկանում էին հանձնել հատուկ հաստատություն, հետո ուրախանում՝ երկու շաբաթում օրիորդ Սալիվանի շնորհիվ Հելենի վարքագծում արձանագրված փոքրիկ հաջողությամբ, դժվարությամբ են համակերպվում մտքի հետ, որ կարելի է ունենալ ավելին ու հասնել առավելագույնին: «Առանց գիտակցության ենթարկվելը դա նույն կուրությունն է»,- հուսահատ պնդում է Էնն Սալիվանը՝ փորձելով ամեն գնով համոզել Քելլերներին շարունակել իր մեթոդով սկսած ուսուցումը: Ներկայացման ավարտին, երբ թվում է, թե ամեն ինչ ապարդյուն է, Հելենն արտաբերում է «ջուր» բառը եւ նետվելով Էննի գիրկը՝ սեր խոստովանում նրան:

«Ինչպես ազգն է կոփվում, ինչպես երկիրն է կոփվում, այդպես էլ կոփվում է մշակույթը ժամանակի ընթացքում: Ինչի՞ համար ենք պատերազմում. իհարկե՝ լեզվի, հողի, ջրի, մշակույթի, հայրենիքի: Ամեն մեկս պիտի մեր խրամատում լինենք ու պաշտպանենք մեզ վստահվածը: Թիկունքը երբեք չպետք է սպառվի կամ թեւաթափ լինի, որովհետեւ ամուր թիկունք ունենալով՝ դու ունես հզոր զինվոր: Գյումրու դրամատիկականում 88-ի երկրաշարժից մեկ տարի անց, լեփ-լեցուն դահլիճում ներկայացում են խաղացել: Մարդիկ եկել են՝ չնայած սգին, նշանակում է մշակույթն ապրեցնող է: Թատրոնն ու բեմը տալիս է էն հրաշքի զգացողությունը, որ մարդիկ չեն գտնում կյանքում, սակայն միշտ հույս են փայփայում, որ կարող են բեմից ստացածը վերցնել ու տեղափոխել իրական կյանք: Սա է պատճառը, որ մենք իրավունք չունենք ո՛չ կոտրվելու, ո՛չ թատրոնի դռները փակելու: Մեզ հրաշք պետք է: Մեզ պետք է հավատալ մեր միջի հրաշքին ու ապրել այդ հրաշքով»,- ասում է Լյուդվիգ Հարությունյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter