HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

«Անդրկովկասում արտատարածքային միջանցքի մասին խոսք չկա». Ռուսաստանի փոխվարչապետ

Մոսկվան, Բաքուն և Երևանը եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում չեն քննարկվում Անդրկովկասում «արտատարածքային միջանցքի» ստեղծման հարցը, որը կարող էր խարխլել կողմերից որևէ մեկի ինքնավարությունը։ Այդ մասին «Российская газета»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։

«Ռուսաստանը միշտ պաշտպանել է կողմերի ինքնիշխանության սկզբունքը և հստակորեն հետևում է երեք երկրի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարություններին։ Դա նշանակում է, որ փոխվարչապետների եռակողմ աշխատանքային խմբի բանակցություններում ոչ մի «արտատարածքային միջանցքի» մասին խոսք չի գնում և չի կարող գնալ»,- ընդգծել է նա։

Ինչպես նշել է Օվերչուկը, բանակցությունների ընթացքում մշակվել է հետևյալ սկզբունքը. «Ճանապարհի նկատմամբ ինքնավարությունն իրականացվում է այն երկրի կողմից, որի տարածքով անցնում է ճանապարհը»։ «Սա նշանակում է, որ եթե ճանապարհն անցնում է հայկական տարածքով, ապա դա հայկական ճանապարհ է, եթե ադրբեջանական՝ ադրբեջանական է»,- հայտարարել է Օվերչուկը։ Նրա խոսքով՝ գրեթե երկու տարվա ընթացքում աշխատանքային խումբը մեծ աշխատանք է կատարել։ «Բանակցությունների արդյունքում կողմերը ունեն երթուղիների տեսլական, որոնց իրականացումը կարող է հանգեցնել տարածաշրջանի ապաշրջափակմանը»,- ասել է ռուսաստանցի պաշտոնյան։

Նրա փոխանցմամբ՝ ճանապարհներ բացելը կամ կառուցելը հնարավոր կլինի միայն այն բանից հետո, երբ կողմերը հստակ սահմանեն երկրների միջեւ սահմանի հատման իրավական ռեժիմը, ինչպես նաև այդ ճանապարհներով երթևեկությունը: «Գործնականում այդ սկզբունքի իրագործումը նշանակում է, որ ապաշրջափակված կամ նոր կառուցված ճանապարհներով Ադրբեջան մուտք գործելու համար կիրականացվեն սահմանային և անձնագրային հսկողության այնպիսի միջոցներ, ինչպիսին, ասենք, Իրանից Հայաստան մուտք գործելիս է։ Համանման անձնագրային հսկողություն կլինի նաև Հայաստանից Ադրբեջան մուտք գործելիս։ Բացի այդ, քննարկվում են կողմերի ազգային օրենսդրություններին համապատասխան ճանապարհների օգտագործման համար վճարի, ինչպես նաև մեկ երկրի տարածքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների երթևեկության անվտանգության ապահովման հարցերը»,- հավելել է ՌԴ փոխվարչապետը։

Ռուսաստանցի պաշտոնյան նաև ընդգծել է, որ «բոլոր կողմերն այսօր հասկանում են այդ հարցերի գործնական իրականացման հնարավորությունը՝ առանց որեւէ կողմի ինքնիշխանության ոտնահարման»։ «Սակայն բանակցությունները կավարտվեն միայն այն ժամանակ, երբ ի հայտ կգա լիակատար վստահություն, որ բոլոր իրավական ասպեկտները հաշվի են առնված, ոչինչ բաց չի թողնվել, և ոչ ոք ձեռք բերված արդյունքը չի մեկնաբանելու որպես հաղթանակ հակառակ կողմի նկատմամբ։ Բանակցությունների հաջող ավարտը կլինի բոլոր մասնակիցների ընդհանուր հաղթանակը»,- հարցը եզրափակել է Օվերչուկը։

Ինչ վերաբերում է տարածաշրջանի ապաշրջափակմանը, ապա Օվերչուկը նշել է, որ Հայաստանը մեկ քայլ է հեռու տրանսպորտային շրջափակման հանումից, որը զսպում է տնտեսական աճը։ «Հայաստանում լավ հասկանում են, որ հետագա տնտեսական աճին զսպում է տրանսպորտային շրջափակումը։ Այսօր մենք մեկ քայլի վրա ենք դրա հանումից»,- նշել է նա։

Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների համատեղ նախագահությամբ աշխատանքային խումբը ստեղծվել է 2021 թվականի հունվարի 11-ին Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների համատեղ հայտարարությամբ։ Աշխատանքային խումբը զբաղվելու էր տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման հարցերով։

Տարբեր մակարդակներով Ադրբեջանը բարձրացնում է, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» հարցը, որը, ըստ ադրբեջանական կողմի, պետք է Ադրբեջանի բուն տարածքը կապի Նախիջևանի հետ։ Նախորդ տարի Բրյուսելում Ալիևը նույնիսկ հայտարարել էր, որ Զանգեզուրի և Լաչինի միջանցքները պետք է ունենան համանման անցագրային ռեժիմներ։ «Լաչինի միջանցքում անցակետեր չկան։ Համապատասխանաբար, Զանգեզուրի միջացքում չպետք է լինեն մաքսային անցակետեր։ Եթե Հայաստանը ցանկանում է վերահսկել բեռներն ու մարդկանց, մենք մաքսային անցակետ կբացենք Լաչինի միջանցքում»,- հայտարարել էր Ալիևը։ Այդ միջանցքի մասին անընդհատ հայտարարում են նաև թուրք պաշտոնյաները, հատկապես այդ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն։

Հայկական կողմը պնդում է, որ «Զանգեզուրի միջանցք» ձևակերպումը հակասում է եռակողմ հայտարարություններին։ Ըստ պաշտոնական Երևանի՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ խոսվում է միայն մեկ՝ Լաչինի միջանցքի մասին, որը Հայաստանը կապում է Արցախի հետ, իսկ մնացած կետերում խոսվում է միայն տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման մասին, և որևէ խոսք չկա այլ միջանցքի մասին։

Լուսանկարը՝ Александр Рюмин / ТАСС

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter