HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Հանրապետության ֆուտբոլի հանրապետական տերերը

Երբ կյանքը Երեւանում է, ֆուտբոլը՝ նույնպես

Հայաստանյան ֆուտբոլին այսօր ավելի, քան երբեւէ, բնորոշ է հանրապետական մակդիրը: Այն հանրապետական է թե իր մասշտաբներով եւ թե հատկապես բնույթով: Ֆուտբոլը եղել է ու շարունակում է մնալ հանրապետությունում ամենատարածված մարզաձեւը, որով զբաղվում են բոլոր մարզերում, նաեւ Արցախում: Սակայն ընդամենը 10 ակումբ կա այժմ, որոնց թիմերը ներկայացված են մեծահասակների առաջնություններում՝ բարձրագույն եւ առաջին խմբերում: Մյուսները մանկապատանեկան թիմեր են, որոնք հանդես են գալիս տարիքային տարբեր առաջնություններում: Իսկ մեծահասակների նշված 10 ակումբից միայն 4-ն են ներկայացնում մարզերը, մյուսները երեւանյան գրանցում ունեն: Այնպես որ այս տեսանկյունից Հայաստանի առաջնությունները ոչ պատահականորեն երբեմն կեսկատակ-կեսլուրջ անվանում են Երեւանի առաջնություն: 

Այսպես՝ Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունում խաղում է 8 թիմ, որից 5-ը Երեւանից են՝ «Ուլիս», «Փյունիկ», «Բանանց», «Միկա», «Արարատ»: «Շիրակը» ներկայացնում է Գյումրին, «Իմպուլսը»՝ Դիլիջանը, «Գանձասարը»՝ Կապանը: Առաջին խմբում կա 10 թիմ. նշված 8-ի դուստր թիմերը, որոնք մարզական խնդիր մեծ հաշվով չեն լուծում, այլ հիմնական նպատակ ունեն աճեցնել սեփական կադրերին ու համալրել գլխավոր թիմերի շարքերը, ինչպես նաեւ այս խմբում են խաղում նորաստեղծ երկու թիմ՝ Աբովյանի «Կինգ Դելյուքսն» ու Երեւանի «Ալաշկերտը», որոնք էլ պայքարում են բարձրագույն խմբի միակ ուղեգրի համար:

Եթե տարբեր տարիների Հայաստանի առաջնություններում խաղացել են թիմեր մասնավորապես Վանաձորից, Արարատից, Աշտարակից, Նոյեմբերյանից, Գորիսից, Էջմիածնից, Արմավիրից, Ապարանից, Եղվարդից, Ալավերդուց, ապա այժմ մնացել է միայն 4 մարզային ներկայացուցիչ: Գյումրիի «Շիրակը» միշտ էլ ներկայացված է եղել երկրի առաջնություններում: Կապանի գլխավոր թիմը նախկինում եղել է «Լեռնագործը», որին փոխարինել է «Գանձասարը», բայց որը չի համարվում «Լեռնագործի» իրավահաջորդը: Դիլիջանի «Իմպուլսը» նույնպես նախկինում խաղացել է Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունում, սակայն ներկայիս թիմը կապ չունի նախորդի հետ: Պարզապես ձեւավորվել է ավանդույթ, ըստ որի՝ կազմավորված նոր ակումբները փորձում են ինչ-ինչ կապեր գտնել նույնանույն կամ նույն քաղաքի նախկին ակումբների ու թիմերի հետ, սակայն նրանց պատմությունները տարանջատված են միմյանցից: Առաջին խմբում հանդես եկող Աբովյանի «Կինգ Դելյուքսը» միանգամայն նոր թիմ է, նոր պատմություն է սկսել նաեւ Երեւանի «Ալաշկերտը», որին, սակայն, կապում են նախկինում գոյություն ունեցած Մարտունու «Ալաշկերտ» թիմի հետ:

Հայաստանյան ֆուտբոլի հանրապետական մասշտաբները նեղանում են նաեւ այն պատճառով, որ մարզային ակումբները փոխում են իրենց գրանցումները եւ տեղափոխվում Երեւան: Օրինակ՝ 2007-ին Աշտարակի «Միկան» եկավ Երեւան, «Բանանցը», որ ի սկզբանե ներկայացնում էր Կոտայքի մարզը, արդեն վաղուց մայրաքաղաքային ակումբ է, նորաստեղծ «Ալաշկերտը» չնայած պետք է հանդես գար Մարտունիում, ենթակառուցվածքների բացակայության պատճառով խաղում է Երեւանում: Կարելի է հիշել նաեւ Արարատի «Արաքսին» (նախկին «Ցեմենտ»), որը 2000-ին Հայաստանի չեմպիոն դառնալուց հետո տեղափոխվեց Երեւան:

Թիմերի ձգտումը դեպի Երեւան ունի պարզ բացատրություն, որն առկա է ոչ միայն մարզաշխարհում (բավական է հիշել «կյանքը Երեւանում է» արտահայտությունը). ղեկավարները ցանկանում են գրանցվել մայրաքաղաքում, քանի որ հենց այստեղ են անցկացվում հիմնական մարզական միջոցառումները, առաջնությունում հանդես եկող մրցակիցների մեծ մասը Երեւանից են, այնպես որ համեմատաբար երկար ճանապարհ կտրելու խնդիր էլ չի լինի, բացի այդ՝ Երեւանում ենթակառուցվածքներ հիմնելը համարվում է ավելի ձեռնտու, որովհետեւ նախ՝ զրոյից նորը կառուցելու փոխարեն կարելի է հիմնանորոգել նախկին մարզադպրոցներն ու այլ կառույցներ, հետո էլ՝ բնակչության թվի պատճառով ակումբի զարգացումը հենց մայրաքաղաքում ավելի հեռանկարային է համարվում: Սակայն սա չի նշանակում, թե մարզերում չկան թեկուզ հին, նորոգման կարիք ունեցող, բայց կանգուն մարզադաշտեր, կամ էլ այնտեղի բնակչությունը հետաքրքրված չէ ֆուտբոլով: Ընդհակառակը. բավական է միայն մի քանի տարվա լավ աշխատանք, ու հաստատ արդյունքները սպասել չեն տա: «Շիրակի» (2012 թ. գավաթակիր) ու «Գանձասարի» (2008 եւ 2011 թթ. բրոնզե մեդալակիր) վերջին հաջողությունները հենց նմանատիպ աշխատանքների արդյունք են:

Պարզապես այսօր մեր ֆուտբոլով զբաղվում է ոչ թե պետությունը, այլ անհատներ, ավելի կոնկրետ՝ գործարարներ: Եվ երբ նրանք հիասթափվեն, կամ փողերը վերջանան, կլուծարեն ակումբն ու թիմերը, իսկ ֆուտբոլիստներն ու մարզչական շտաբը ստիպված կլինեն նոր աշխատատեղ որոնել: Ընդ որում՝ նման դեպքեր շատ են եղել: Իսկ, օրինակ, Բելառուսում, որտեղ, ի տարբերություն հետխորհդային մյուս երկրների,  պահպանվել է պետական ուժեղ համակարգը, մարզերն ունեն իրենց թիմերը, որոնց հովանավորում են հենց տարածաշրջանի ղեկավարությունն ու որեւէ պետական հիմնարկ-գործարան: Նման մի նախաձեռնությամբ էլ ժամանակին հանդես եկավ հարեւան Ադրբեջանը, որը չնայած ուժեղ չէ ֆուտբոլում, սակայն հենց միայն մասսայականությունն ապահովելու եւ դրանով իսկ մարզաձեւը լավ հիմքերի վրա դնելու համար երկրի ղեկավարությունը կարգադրեց ռեգիոնների ղեկավարներին աջակցել ֆուտբոլի տարածմանն ու ստեղծել սեփական թիմերը: Այնինչ Հայաստանում բավարարվում են մարզադաշտի նախագահական օթյակից հավաքականի խաղերը դիտելով, չնայած ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարը սիրում է պնդել, որ երկրի առաջին դեմքը կանգնած է իր թիկունքին: Ըստ էության՝ միայն բարոյապես...

Հանրապետական ֆեդերացիա, հանրապետական գործարարներ, հանրապետական ակումբներ

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավար կազմում աշխատում են մարդիկ, ովքեր ՀՖՖ նախագահ, ՀՀԿ-ական գործարար, պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի հավատարիմներից են: 2010-ի նոյեմբերին ՀՖՖ ընտրությունների ժամանակ կառույցի գործկոմը, կարելի է ասել, ազատվեց 2 ԲՀԿ-ականներից՝ Ռուբեն Սինոյանից եւ Վահրամ Առաքելյանից: Դա Հայրապետյան-Ծառուկյան երկարատեւ հակամարտության դրվագներից մեկն էր: Այժմ գործկոմի 17 անդամների մեջ են ՀՀԿ-ականներ Ռուբեն Հայրապետյանը, Սամվել Ալեքսանյանը, Տարոն Մարգարյանը, Վիկտոր Դալլաքյանը, Սուքիաս Ավետիսյանը, Դերենիկ Դումանյանը, Արման Սահակյանը: ՀՖՖ առաջին փոխնախագահ-գործադիր տնօրենը Արմեն Մինասյանն է, ով Հայրապետյանի մերձավորներից է, աշխատել ու աշխատում է վերջինիս ընկերություններում: Հայրապետյանի հավատարիմներից է նաեւ ՀՖՖ փոխնախագահ Աշոտ Մանուկյանը:     

Ինչպես նշվեց, բարձրագույն եւ առաջին խմբի առաջնություններում գրանցված է 10 ակումբ՝ «Ուլիս», «Փյունիկ», «Բանանց», «Միկա», «Արարատ», «Շիրակ», «Գանձասար», «Էրեբունի» (ներկայացնում է «Իմպուլս» թիմը), «Կինգ Դելյուքս», «Ալաշկերտ»:

Սկսենք «Փյունիկից», որը երկրի 13-ակի չեմպիոն է: Բոլորին է հայտնի, որ այս թիմի ակունքներում կանգնածներից մեկը հենց Ռուբեն Հայրապետյանն է: ՀՀ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի էլեկտրոնային համակարգում ««Փյունիկ» ֆուտբոլային ակումբ» ՀԿ-ի մասնակիցների թվում նշված են անցյալի հայտնի ֆուտբոլիստ Խորեն Հովհաննիսյանի, Ռաֆիկ Հայրապետյանի (ՀՖՖ նախագահի հայրն է), նույն Արմեն Մինասյանի, ինչպես նաեւ Դավիթ Ղալումյանի, Օնիկ Ալեքսանյանի, Արայիկ Մեխակյանի անունները: Սրանք, սակայն, հին տվյալներ են: Մասնավորապես ներկայումս ակումբի նախագահը հայտնի գործարար, ՀՀԿ-ին հարող Սամվել Ալեքսանյանն է, որը նաեւ Հայրապետյանի ընկերն է: Արժե ուշադրություն դարձնել Օ. Ալեքսանյանի եւ Ա. Մեխակյանի անուններին: Սրանք Հայրապետյանի գործընկերներն են: Մասնավորապես «Զարգացման հայկական բանկ» ՓԲԸ-ում Հայրապետյանը 19,981 տոկոսի բաժնետեր է, Մեխակյանը՝ 16,95, իսկ Ալեքսանյանը՝ 10,17:  Բանկի տնօրենների խորհրդի նախագահն էլ Արմեն Մինասյանն է:

Ընդ որում՝ հենց այս բանկն է «Փյունիկի» տիտղոսային հովանավորը: Նույն բանկը, ինչպես նաեւ Հայրապետյանի «Հումլ Ա» ՍՊԸ-ն (զբաղվում է դանիական «Hummel» մարզահագուստի ներկրմամբ եւ իրացմամբ), «ՌՌՌ» ՓԲԸ-ն (հայտնի է «Բջնի», «Նոյ» ապրանքանիշերով) ոչ միայն Փյունիկի հովանավորներն են, այլեւ ՀՖՖ-ի եւ Հայաստանի հավաքականների պաշտոնական գործընկերները: Միայն վերջերս «Adidas» ընկերությունը պայմանագիր կնքեց ՀՖՖ-ի հետ, եւ այսուհետ հավաքականների մարզահագուստը լինելու է հենց այդ ընկերության արտադրանք, սակայն հետաքրքիր է, որ երկրպագուները «Adidas»-ի արտադրանքը կարող են ձեռք բերել «Hummel» խանութներից: Պատճառը պարզ է. դանիական ընկերության պաշտոնական ներկայացուցիչը ՀՀ-ում Հայրապետյանի ընկերությունն է, իսկ «Adidas»-ինը՝ «Սպորտ Թայմ» ՍՊԸ-ն, որը Սուքիասյան ընտանիքին պատկանող «Սիլ Գրուպ» կոնցեռնի մաս է, որին էլ ժամանակին պատկանում էին նաեւ Հայրապետյանի ներկայիս «Բջնի» ու «Նոյ» ապրանքանիշերը:  

շարունակելի

Մեկնաբանություններ (1)

Վարազ Սյունի (Ամստերդամ)
Ինֆորմացիոն հոդված է: Սա (Հայաստանի ֆուտբոլն) էլ նույն հիվանդության ՍԻՄՊՏՈՄ է միայն : Իսկ ԲՈՒՆ հիվանդությունը Երևան քաղաքն է. իր ( հիմնականում ՀՀԿ խաղացող) օլիգարխային շրջանակով: Ես իմ նախորդ կոմենտներում հենց այնպես չեմ գրել,որ Երևանը ՀՀ-ի,Արցախի ու Հայի գլխին դարձել է իսկական ՊԱՏՈՒՀԱՍ ու ԱՆԴՈՒՆԴ ձգող ուժ: Այսօր Երևանը ԵՐԻՏ-ՀԱՅԵՐԻ նստավայրն է: ՄԻԱԿ լուծումը ՆՈՐ ՄԱՅՐԱՔԱՂԱՔՆԵՐՆ են (այո,հոգնակի): Այսօր ֆեոդալական Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում կա 78 միլիարդատեր (առաջին տեղը աշխարհում), որին բաժին է ընկնում երկրի ՀՏԱ -ի (GDP) ամբողջ 20%-ը: Սա ԿԱՏԱՍՏՐՈՖԱ է: Նույն էլ Երևանն է. տարբերությունն այն է,որ Հայաստնում մատերի վրա հաշված մարդ է ապրում ու այն 3.5 կողմից շրջապատված է թշնամիներով:.............................................. Ես անցյալ տարի եղել եմ Կապանի ստադիոնում-«Գանձասարի» խաղին: Մարզադաշտը ՓՈՔՐ (քիչ նստատեղերով ու մի կողմում ընդհամենը) ու ԽՂՃՈՒԿ: Իսկական արտացոլումն այն բանի,որ Կապանն այսօր ԿՈՐԾԱՆՎՈՂ ու ՉԿԱՌԱՎԱՐՎՈՂ քաղաք է: Ստադիոնի պատերին ամենուրեք թղթեր կպցրած-մարդիկ վաճառում են տները. ԱՆԱՇԽԱՏԱՆՔ ու ՍՈՎ է: Իսկ Երևան-Կապան ճանապարհը ԻՍԿԱԿԱՆ ՏԱՆՋԱՆՔ է.հատկապես Գորիս-Կապան հատվածի «Թասի պավարոտներ» կոչվածը: ՆՈՒՅՆԻՍԿ մի կարգին ճանապարհ չեն սարքում,որ խեղճ մարդիկ չտառապեն: Ճանճն էլ կծում է-Երևան պիտի տանեն: Թողես ԱՆԱՄՈԹԱԲԱՐ էժան ռեկլաներ անեն Կապանի «ծաղկեցման» համար. Գլենդելից ՓՈՂԻ հոտ են առել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter