
Հայաստանյան ընկերությունը հայտնվել է ամերիկյան պատժամիջոցների տակ
Հայաստանում գրանցված «ՏԱԿՈ» ՍՊԸ-ն հայտնվել է Ռուսաստանի դեմ ամերիկյան նոր պատժամիջոցների ցանկում։ Միացյալ Նահանգների ֆինանսների նախարարության կայքում հրապարակված հաղորդագրությունից պարզ է դառնում, որ ընկերությունը, անտեսելով ԱՄՆ կողմից Ռուսաստանի նկատմամբ հայտարարված պատժամիջոցները, շրջանցել է դրանք, իսկ ռուսական «Радиоавтоматика» ընկերությունը «ՏԱԿՈ» ՍՊԸ-ին վճարել է մասերի ներմուծման և Հայաստանում գնումների գործընթացի կառավարման համար։
«ՏԱԿՈ» ՍՊԸ-ն ռուսական «Радиоавтоматика» ընկերության հայաստանյան գործընկերն է և հիմնականում զբաղվում է Էլեկտրոնային և հեռահաղորդակցության սարքավորումների և մասերի մեծածախ առևտրով։ Ամերիկյան կողմը նույն պատճառաբանությամբ պատժամիջոցներ է սահմանել նաև ռուսական ընկերության չինական գործընկերոջ՝ «SINNO ELECTRONICS CO» ՍՊԸ-ի նկատմամբ։
Ամերիկյան ֆինանսական գերատեսչությունը պնդում է, որ «ՏԱԿՈ» ՍՊԸ-ն, «զբաղվում է «Радиоавтоматика»-ի համար մասերի ներմուծմամբ և Հայաստանում գնումների գործընթացի կազմակերպմամբ»։
Այլ մանրամասներ ամերիկյան կողմը չի հայտնում։
ԱՄՆ ֆինանսների նախարարությունը «Радиоавтоматика» ընկերությանը բնորոշում է որպես ռուսական պաշտպանական ընկերություն, որը մասնագիտացած է ռուսական պաշտպանական արդյունաբերության համար օտարերկրյա արտադրանքի գնմամբ և շարունակում է իր փորձերը՝ շրջանցելու պատժամիջոցները։
Ամերիկյան կողմը նոր պատժամիջոցները սահմանել է Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ ժողովրդական հանրապետությունների, Խերսոնի և Զապորոժյեի մարզերի բռնազավթված տարածքների Ռուսաստանին միացվելուց հետո։ Բացի հայկական այս ընկերությունից, նոր պատժամիջոցների տակ են հայտնվել նաև ռուսական, չինական և բելառուսական մի շարք ընկերություններ և ֆիզիկական անձինք։
Լուսանկարը՝ AP Photo / Jon Elswick
Մեկնաբանել