
Ջո Բայդենը հաստատել է Ուկրաինային 12,4 միլիարդ դոլարի օգնության փաթեթը
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հավանություն է տվել ամերիկյան կառավարության ֆինանսավորման օրինագծին, որը ներառում է Ուկրաինային մոտ 12,4 միլիարդ դոլարի չափով արտակարգ օգնության փաթեթը։ Այդ մասին գրում է Deutsche Welle-ն։
«Նախագահը ստորագրել է օրինագիծ, որը նախատեսում է 2023 թվականի ֆինանսական տարվա շրջանակներում դաշնային կառավարության նախագծերի և գործունեության հետագա ապահովման հատկացումներ ոււ ներառում է լրացուցիչ հատկացում Ուկրաինայի իրադրությանը արձագանքելու համար»,- նշվում է սեպտեմբերի 30-ին Սպիտակ տան կողմից տարածված հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ, փաստաթուղթն ընդունվել էր նաև ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի և Սենատի կողմից։
Միացյալ Նահանգների կառավարության կողմից հատկացված օգնությունը նախատեսված է Ուկրաինայի անվտանգության ապահովման, ուկրաինական իշխանություններին ֆինանսական աջակցություն և ռազմական օգնություն ցուցաբերելու համար, որը շարունակում է պայքարել իր տարածքների վերադարձման համար։ Միջոցների մի մասն էլ կուղղվի Եվրոպայում ամերիկյան ռազմական անձնակազմի գործունեության ապահովմանը։
Օրենքը թույլ կտա ընթացիկ մակարդակով շարունակել ամերիկյան կառավարության ֆինանսավորումը և դրա գործունեությունը մինչև 2022 թվականի դեկտեմբերի 16-ը։ Երկարաժամկետ ֆինանսավորման միջոցների շուրջ բանակցությունները հետաձգվել են մինչև ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի նոյեմբերյան ընտրությունները:
Լուսանկարը՝ Gleb Garanich/Reuters
Մեկնաբանել