HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ինչպես Արևմուտքը արձագանքեց ուկրաինական տարածքների Ռուսաստանին միացմանը

Սեպտեմբերի 30-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրեց Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների, ինչպես նաև Խերսոնի և Զապորոժյեի մարզերի «Ռուսաստանի կազմին միանալու» պայմանագրերը։ Արևմտյան երկրների առաջնորդները դատապարտեցին ուկրաինական տարածքների բռնազավթումը և հայտարարեցին, որ երբեք չեք ճանաչի ուկրաինական տարածքների բռնազավթումը Ռուսաստանին։ 

ԱՄՆ

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարեց, որ Միացյալ Նահանգները դատապարտում է Ուկրաինայի ինքնիշխան տարածքը բռնակցելու Ռուսաստանի «նենգ փորձը»։ «Մի խաբվեք. այս գործողությունները լեգիտիմություն չունեն: Միացյալ Նահանգները միշտ հարգելու է Ուկրաինայի միջազգայնորեն ճանաչված սահմանները։ Մենք կշարունակենք աջակցել Ուկրաինայի ջանքերին՝ վերականգնելու վերահսկողությունը իր տարածքի վրա՝ ուժեղացնելով նրան ռազմական և դիվանագիտական ճանապարհով, այդ թվում՝ 1,1 միլիարդ դոլարի լրացուցիչ անվտանգության ապահովման միջոցով, որն ԱՄՆ-ն հայտարարեց այս շաբաթ»,- ասվում էր նախագահ Բայդենի հայտարարությունում։

Իր հերթին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը նշեց, որ Մոսկվան բոլորին խաբել է։ «Ամբողջ աշխարհը տեսավ, թե ինչպես Ռուսաստանը անցկացրեց այդ, այսպես կոչված, հանրաքվեները, որտեղ ռուսական օկուպացիոն ուժերը շրջում էին դռնեդուռ և ստիպում Ուկրաինայի քաղաքացիներին քվեարկել զենքի սպառնալիքով։ Այդ կեղծ հանրաքվեների ողջ գործընթացը բացարձակ զավեշտ էր։ <...> Ուկրաինան բոլոր իրավունքներն ունի պաշտպանելու իր հողը, իր ժողովրդին և հետ գրավելու Ռուսաստանի կողմից գրավված տարածքները»,- հայտարարել է Բլինքենը։

Եվրամիություն

Եվրամիության 27 անդամ-պետությունների և կառավարությունների ղեկավարները հայտարարել են, որ երբեք չեն ճանաչի Ռուսաստանի կողմից ուկրաինական բռնազավթված տարածքների բռնակցումը։ Այս մասին ասվում է Եվրոպական խորհրդի անդամների հայտարարության մեջ։

«Մենք կտրականապես մերժում և միաձայն դատապարտում ենք Ռուսաստանի կողմից Ուկրաինայի Դոնեցկի, Լուգանսկի, Զապորոժյեի և Խերսոնի մարզերի անօրինական բռնակցումը։ Միտումնավոր խախտելով սկզբունքների վրա հիմնված միջազգային, բացահայտորեն խախտելով Ուկրաինայի անկախության, ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հիմնարար իրավունքները, ինչպես նաև ՄԱԿ-ի կանոնադրությամբ և միջազգային իրավունքով ամրագրված հիմնարար սկզբունքները՝ Ռուսաստանը վտանգում է համաշխարհային անվտանգությունը», - ասվում է հայտարարության մեջ։ 

«Մենք չենք ճանաչում և երբեք չենք ճանաչի ո՛չ ապօրինի «հանրաքվեները», որոնք Ռուսաստանը կազմակերպել է որպես Ուկրաինայի անկախության, ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հետագա ոտնահարման պատրվակ, ո՛չ էլ դրանց կեղծված և անօրինական արդյունքները։ Մենք երբեք չենք ճանաչի այս անօրինական բռնակցումը։ Այս որոշումներն անվավեր են և չեն կարող ունենալ որևէ իրավական ուժ։ Ղրիմը, Խերսոնը, Դոնեցկը, Լուգանսկը և Զապորոժյեն Ուկրաինայի տարածքներն են։  Մենք կոչ ենք անում բոլոր պետություններին և միջազգային կազմակերպություններին միանշանակ չճանաչել այս անօրինական բռնակցումը»,- հայտարարել են ԵՄ առաջնորդները։

Իր հերթին Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն խոստացել է, որ Գերմանիան երբեք չի ընդունի ապօրինի հանրաքվեները և Ուկրաինային կօգնի զենքով։ «Գերմանիան կշարունակի համապարփակ աջակցությունն Ուկրաինային և կօգնի պաշտպանել պետության ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը», - ասել է Օլաֆ Շոլցը։ Վերջին անգամ Շոլցն ու Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հեռախոսազրույց էին ունեցել սեպտեմբերի 28-ին։ «Պետությունների ղեկավարները քննարկել են Ուկրաինայի քաղաքական և տնտեսական իրավիճակը, ինչպես նաև Ուկրաինայի  հետպատերազմյան վերականգնման աջակցության հարցերը։ Գերմանիայի կառավարության ղեկավարը նշել է, որ Գերմանիան կշարունակի աջակցել Ուկրաինային քաղաքական, ֆինանսական և հումանիտար ոլորտներում, ինչպես նաև պաշտպանելու նրա տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը։ Գերմանիան Ուկրաինային կաջակցի նաև զենքով։ Խոսելով Լուգանսկի, Դոնեցկի, Խերսոնի և Զապորոժյեի մարզերի անօրինական բռնազավթված տարածքներում տիրող իրավիճակի մասին՝ կանցլերն ընդգծել է, որ Գերմանիան երբեք չի ճանաչի ձևական «հանրաքվեների» արդյունքները»,- նշվում էր հաղորդագրության մեջ։

ՄԱԿ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հայտարարել է, որ Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ ժողովրդական հանրապետությունների, ինչպես նաև ռուսական զորքերի կողմից վերահսկվող Խերսոնի և Զապորոժյեի մարզերի ներառվելը Ռուսաստանի կազմ, իրավական ուժ չի ունենա և արժանի է դատապարտման: «ՄԱԿ-ի կանոնադրությունը պարզ է։ Ուժի սպառնալիքի կամ ուժի կիրառման արդյունքում որևէ պետության տարածքի անեքսիան այլ պետության կողմից, ՄԱԿ-ի կանոնադրության և միջազգային իրավունքի սկզբունքների խախտում է։ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան այս հարցում նույնպես հստակ է արտահայտվել», - ասել է Գուտերեշը։ 

Գուտերեշը նաև նշել է, որ ՄԱԿ-ը միանշանակ դիրքորոշում է ունեցել անցած հանրաքվեների վերաբերյալ։ «Մենք լիովին հավատարիմ ենք Ուկրաինայի ինքնիշխանությանը, միասնությանը, անկախությանը և տարածքային ամբողջականությանը նրա միջազգայնորեն ճանաչված սահմաններում և ՄԱԿ-ի բանաձևերին համապատասխան։ Ուզում եմ ընդգծել, որ, այսպես կոչված, հանրաքվեները բռնազավթված շրջաններում անցկացվել են շարունակվող զինված հակամարտության համատեքստում՝ Ռուսաստանի բռնազավթման տակ գտնվող տարածքներում և Ուկրաինայի իրավական և սահմանադրական շրջանակներից դուրս։ Դա չի կարող համարվել ժողովրդի կամքի իսկական արտահայտություն», - հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը։

ՆԱՏՕ

Հյուսիս-ատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Ենս Սթոլթենբերգը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն երբեք այդ տարածքները չի ընդունի, որպես Ռուսաստանի մաս։ «Նախագահ Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինայի ևս չորս մարզեր դարձել են Ռուսաստանի մաս։ Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր, սա անեքսիայի ամենամեծ փորձն է։ Ուկրաինայի տարածի 15 տոկոսը, որը մոտավորապես Պորտուգալիայի տարածքի չափ է, ապօրինի գրավվել է զենքի ուժով։ Հողերի այս գրավումն անօրինական է։ Դրանք Ուկրաինայի հողերն են»,- հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։

Սթոլթենբերգի խոսքով՝ սա շրջադարձային պահ է, քանի որ Պուտինը մոբիլիզացրել է հարյուր հազարավոր զինվորականներ։ «Նա անպատասխանատու սպառնալիքներ է հնչեցրել միջուկային զենքի կիրառման մասով և այժմ անօրինական կերպով բռնակցել է ավելի շատ ուկրաինական տարածքներ։ Պուտինն ամբողջությամբ կրում է այս պատերազմի պատասխանատվությունը, և նրա պարտականությունն է դադարեցնել այն։ Եթե ռուսները դադարեն կռվել, կտիրի խաղաղություն։ Եթե Ուկրաինան դադարի կռվել, նա կդադարի գոյություն ունենալ, որպես եվրոպական անկախ պետություն»,- հայտարարել է Սթոլթենբերգը։

Լուսանկարը՝ rappler.com-ից

Պատրաստեց՝ Վաղինակ Ասատրյանը

ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանող

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter