
Ահաբեկչություն Քաբուլում. զոհվել է առնվազն 35 մարդ
Քաբուլի կրթական կենտրոններից մեկում մահապարտ ահաբեկչի կազմակերպած պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն 35 մարդ, հիմնականում աղջիկներ, որոնք այդ ժամանակ քննություն էին հանձնում։ Այդ մասին գրում է BBC-ն։
«Դասարանում մենք մոտ 600 մարդ էինք։ Բայց հիմնականում զոհվել են աղջիկները»,- AFP-ին հայտնել է ականատեսներից մեկը։
Տեղական իշխանությունները հայտնել են, որ մահապարտ ահաբեկիչը պայթեցրել է իրեն Քաբուլի արևմտյան Դաշթ-ի-Բարչի շրջանում գտնվող Քաաջ կենտրոնում, որտեղ սովորում են ինչպես աղջիկները, այնպես էլ տղաները։ Այդ շրջանը հիմնականում բնակեցված է խազարներով, որոնք ունեն թյուրքական և մոնղոլական ծագում ու հիմնականում շիա մուսուլմաններ են։
Նախկինում խազարներով բնակեցված շրջանները, որոնց թալիբները հերետիկոսներ են համարում, արդեն իսկ դարձել էին հարձակման օբյեկտներ։ Դեռևս որևէ մի խմբավորում իր վրա չի վերցրել հարձակման պատասխանատվությունը։
Նախորդ տարի Աֆղանստանում թալիբների իշխանության վերադառնալուց հետո՝ բռնության ալիքը, որը շարունակվում էր արդեն երկու տասնամյակ, սկսել էր անկում ապրել, սակայն վերջին ամիսներին իրավիճակը կրկին սրվել է։
Այս տարվա ապրիլին Քաբուլի նույն շրջանի կրթական երկու կենտրոններում միանգամից երկու պայթյուն էր տեղի ունեցել, որի հետևանքով զոհվել էր 6 և վիրավորվել 8 մարդ։ Եվ չնայած վերջին հարձակման համար որևէ կազմակերպություն իր վրա չի վերցրել պատասխանատվությունը, Իսլամական պետության ջիհադիստները, որոնք ևս խազարներին համարում են հերետիկոսներ, նախկինում հարձակումներ են իրականացրել դպրոցների և մզկիթների վրա, ինչպես նաև աղջիկների, որոնք ձգտում են ստանալ կրթություն։
Թալիբները ևս չեն սիրում խազարներին։ Իրավապաշտպանները բազմիցս մեղադրել են նրանց էթնիկ այդ փոքրամասնության ներկայացուցիչների վրա հարձակումների մեջ։
Amnesty International իրավապաշտպան խումբը այս հարձակումն անվանել է «խայտառակ հիշեցում թալիբների` որպես երկրում փաստացի իշխանության, լիակատար անկարողության մասին՝ պաշտպանելու Աֆղանստանի բնակչությանը»։ Ինչպես հայտարարել է Աֆղանստանում մարդու իրավունքների հարցերով ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Ռիչարդ Բենեթը, «խազարների և շիաների համար կրթության նկատմամբ հարձակումները պետք է դադարեցվեն»։ «Դադարեցրեք աֆղանների ապագայի դեմ պատերազմը, կանխարգելեք միջազգային հանցագործությունը»,- թվիթերյան իր միկրոբլոգում գրել էր նա։
Լուսանկարը՝ Associated Press գործակալության
Մեկնաբանել