
Անկարգություններ Ինդոնեզիայում ֆուտբոլային հանդիպումից հետո. զոհվել է առնվազն 174 մարդ
Առնվազն 174 մարդ է զոհվել Ինդոնեզիայում ֆուտբոլային հանդիպումից հետո տեղի ունեցած անկարգությունների հետևանքով։ BBC-ն, հղում անելով տեղի ոստիկանության ներկայացուցչին, հայտնում է 11 վիրավորի մասին, իսկ մարզադաշտում տուժածների մի մասն էլ գտնվում են հիվանդանոցներում։
Զոհերի թիվը կարող է աճել։ Վերջին երկու ժամվա ընթացքում Արևելյան Ճավայի տարերային աղետների հետևանքների վերացման գործակալությունը, որը հավաքում է զոհերի մասին տվյալները, յուրաքանչյուր ժամը մեկ թարմացնում է թվերը՝ հայտնելով զոհերի թվի աճի մասին։
Միջադեպը տեղի է ունեցել Մալանգ քաղաքի մարզադաշտում տեղական «Արեմա» և Արևելյան Ճավա նահանգի կենտրոն հանդիսացող Սուրաբայիի «Պերսեբայա» ակումբների միջև կայացած ֆուտբոլային խաղից հետո։ Խաղն ավարտվել էր հյուրերի հաղթանակով՝ 3:2 հաշվով։ Եզրափակիչ սուլիչից հետո՝ «Արեմայի» հազարավոր երկրպագուներ վազել են դեպի խաղադաշտ, որից հետո սկսվել են բախումներ։
Ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ, սկսվել է հրմշտոց։ Բժիշկների տվյալներով՝ դեպքերի մեծամասնության պարագայում մահվան պատճառ է դարձել շնչահեղձությունը։
Անկարգությունները շարունակվել են նաև մարզադաշտից դուրս, այրվել են ոստիկանական մի քանի մեքենաներ։ Զոհվել է նաև երկու ոստիկան։
Ինդոնեզիայի իշխանությունները հետաքննություն են սկսել։ Այդ երկրի ֆուտբոլի ֆեդերացիան «Արեմային» արգելել է մինչև խաղաշրջանի ավարտ տնային հանդիպումներ ունենալ և մեկ շաբաթով հետաձգել առաջիկա բոլոր խաղերը։
Ինդոնեզիայում ֆուտբոլային խաղերի ժամանակ բռնությունն ու անկարգությունները հաճախ են հանդիպում։ «Արեմա» և «Պերսեբայա» ֆուտբոլային ակումբները վաղեմի և սկզբունքային մրցակիցներ են։ «Պերսեբայայի» երկրպագուներին արգելել էին տոմսեր գնել Մալանգում նախատեսված հանդիպման համար՝ զգուշանալով հնարավոր բախումներից։ Սակայն, ինչպես ինստագրամյան իր էջում գրել է Ինդոնեզիայի անվտանգության նախարար Մոհամադ Մահֆուդը, 38 հազար հանդիսական տեղավորող մարզադաշտում այս խաղի համար վաճառվել էր 42 հազար տոմս։
Լուսանկարը՝ AFP-ի
Մեկնաբանել