
Իրանում հերքում են Ռուսաստանին անօդաչուներ մատակարարելու լուրերը
Տվյալներն այն մասին, որ Իրանը Ռուսաստանին անօդաչուներ է մատակարարում՝ Ուկրաինայում մարտական գործողություններին մասնակցելու համար, չի համապատասխանում իրականությանը։ Այդ մասին երկուշաբթի օրը՝ հոկտեմբերի 3-ին, հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին։
«Իրանը ոչ հավաստի է համարում Ուկրաինայում ռազմական գործողությունների ժամանակ օգտագործելու համար ռուսական կողմին անօդաչու թռչող սարքերի մատակարարման մասին տեղեկատվությունը և հավանություն չի տալիս նման հայտարարություններին։ Հակամարտության հենց սկզբից Իրանը հանդես է գալիս երկու երկրների միջև քաղաքական ճանապարհով տարաձայնությունների կարգավորմանը»,- գրում է TACC գործակալությունը՝ հղում անելով այդ երկրի ԱԳՆ տելեգրամյան պաշտոնական ալիքին։
Իրանի ԱԳՆ մամուլի քարտուղարը նշել է, որ Իրանը ռուսաստանցի և ուկրաինացի գործընկերների հետ հանդիպումների ժամանակ «բազմիցս ընդգծել է երկխոսության ճանապարհով առկա տարաձայնությունների լուծման անհրաժեշտությունը»։ Բացի այդ, Իսլամական հանրապետությունը «մեկ անգամ չէ, որ պատրաստակամություն է հայտնել նպաստելու խաղաղ գործընթացի կազմակերպմանը»։
Սեպտեմբերի 27-ին Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահյանը հայտարարել էր, որ Իրանը ուկրաինական հակամարտությունում չի աջակցում կողմերից և որևէ մեկին ու դեմ է օտարերկրյա սպառազինության մատակարարմանը ինչպես Կիևին, այնպես էլ Մոսկվային։
Ավելի վաղ, The Washington Post-ը հոդված էր հրապարակել, որտեղ պնդում էր, որ Իրանը Ռուսաստանին մատակարարում է իր անօդաչուները։ Ավելի ուշ այդպիսի հայտարարություններով սկսեցին հանդես գալ նաև ամերիկացի պաշտոնյաները։ Սեպտեմբերի 13-ին, սակայն, Պենտագոնի մամուլի քարտուղար Պատրիկ Ռայդերը հայտարարեց, որ ամերիկյան իշխանությունները չեն կարող հաստատել Ուկրաինայում մարտական գործողությունների ժամանակ իրանական անօդաչուների օգտագործումը։
Լուսանկարը՝ Reuters գործակալության
Մեկնաբանել