HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Ինչու՞ է «Ֆեյսբուքն» արգելափակում Մոնթե Մելքոնյանի մասին հրապարակումներն ու դրանց հեղինակներին

«Ֆեյսբուքը», որն ամենաշատ թվով հայաստանյան օգտատեր ունեցող սոցիալական ցանցերից է, արդեն տեւական ժամանակ պարբերաբար արգելափակում է Հայաստանի ազգային հերոս, Արցախի հերոս Մոնթե Մելքոնյանի մասին կամ նրա անվան հիշատակումով հրապարակումները՝ լուսանկարներ, տեսանյութեր, այլ նյութեր։

Այդպիսի խնդրի օրեր առաջ բախվել է նաեւ «Հետքի» խմբագրությունը։ Մեր կայքի ֆեյսբուքյան էջում դեռ 2012-ի նոյեմբերի 24-ին՝ Մոնթեի ծննդյան նախօրեին, կիսվել էինք վերջինիս մասին արխիվային մի տեսանյութով, որը մեր ֆեյսբուքյան էջում հրապարակել էինք դեռ 2010-ի նոյեմբերի 1-ին։ Այդ տեսանյութը սոցցանցում ունեցել է բազմաթիվ դիտումներ, հավանումներ, մեկնաբանություններ, կիսումներ։ Եվ այս ամենը՝ տարիներ շարունակ, սկսած 2010-ից։ Դրա հետ կապված որեւէ խնդիր երբեւէ չի եղել այսքան ժամանակ։

Բայց ահա վերջերս՝ սեպտեմբերի 25-ին, «Ֆեյսբուքից» «Հետքի» էջին ստացված նամակում ասվում էր, որ մեր տարածած բովանդակությունը հակասել է սոցցանցի ստանդարտներին, որոնք վերաբերում են «վտանգավոր անհատներին ու կազմակերպություններին», նաեւ նշվում էր, որ կրկնվելու դեպքում «Հետքի» էջին հասանելիությունը կարող է սահմանափակվել կամ ընդհանրապես անջատվել։ «Դուք կարող եք չհամաձայնել այս որոշման հետ, եթե կարծում եք, որ մենք այն սխալ ենք կայացրել»,- ասվում էր «Ֆեյսբուքի» նամակում։

Քանի որ Մոնթե Մելքոնյանի մասին հրապարակումները «Ֆեյսբուքի» կողմից արգելափակվում են ամիսներ շարունակ, գրավոր հարցմամբ դիմել էինք վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանին։

Վերջինիս, մասնավորապես, հարցրել էինք․ «Հաշվի առնելով, որ այստեղ, ըստ ամենայնի, իր դերն է ունեցել Ադրբեջանը, եւ խնդրի առարկան անմիջական կապ ունի ՀՀ ազգային, պետական շահերի հետ, մինչ օրս ՀՀ կառավարությունն ու մնացած պատկան մարմինները ի՞նչ քայլեր (հակաքայլեր) են ձեռնարկել այս ուղղությամբ (օրինակ՝ բանակցություններ, մասնավորապես, «Ֆեյսբուքի» ղեկավարության հետ)՝ չեզոքացնելու, ըստ ամենայնի, Ադրբեջանի կողմից վարվող հակահայկական քարոզչությունը»։

Մեր հարցումը վերահասցեագրվել էր ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն (ԲՏԱՆ), որտեղից էլ ստացել ենք պատասխանը։

ԲՏԱՆ գլխավոր քարտուղար Նարեկ Մելքումյանը հայտնել է, որ Մոնթե Մելքոնյանի անվամբ հրապարակումների սահմանափակումների թեմայով ՀՀ արտաքին գործերի նախարարության եւ ամերիկյան «Մետա» ընկերության («Facebook», «Instagram» սոցցանցերի եւ «WhatsApp» ծառայության սեփականատերն է) ներկայացուցիչների միջեւ տեղի են ունեցել մի քանի տեսազանգեր։ Հայկական կողմը ներկայացրել է մանրամասն հիմնավորումներ, թե ինչու Մոնթե Մելքոնյանի անունը չպիտի լինի այնպիսի անձանց ցանկում, որոնց վերաբերյալ հրապարակումներ անելը կարող է բերել տվյալ էջի արգելափակման։ Ըստ ԲՏԱՆ-ի՝ այս քննարկումների ժամանակ «Մետա» ընկերությունը հայտնել է, որ ադրբեջանական կողմը որեւէ կապ չունի նշված արգելքի հետ, եւ այն պայմանավորված է Մոնթեի՝ Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի (ԱՍԱԼԱ) հետ կապով։ «Մետայի» ներկայացուցիչները նաեւ նշել են, թե Մոնթեի պարզապես հիշատակումը, նրա մասին զուտ տեղեկություն տալն իրենց ալգորիթմների կողմից չի բերում ինքնաբերաբար արգելափակման, փոխարենը որեւէ էջ կարող է արգելափակվել նրան փառաբանող հրապարակումների դեպքում։

«Չնայած որ այս պահին «Մետան» դեռ միտված չէ Մոնթե Մելքոնյանի անունը տվյալ ցանկից հեռացնելուն, աշխատանքները շարունակվում են»,- «Հետքին» փոխանցել է ԲՏԱՆ գլխավոր քարտուղարը։

Այսինքն՝ Մոնթե Մելքոնյանի մասին հրապարակումները «Ֆեյսբուքի» կողմից ուսումնասիրվում են, եւ եթե սոցցանցը տվյալ հրապարակումը գնահատում է որպես Մոնթեին փառաբանող, տվյալ նյութի հեղինակին ծանուցում-զգուշացում է ուղարկվում, դրա հասանելիությունը սահմանափակվում է, կամ ուղղակի հաշիվը/էջն արգելափակվում է։ Շեշտենք, որ պարզ չէ, թե որոնք են նման գնահատական տալու ֆեյսբուքյան չափանիշները։

Օրինակ՝ «Հետքի» տարածած տեսանյութում, որի տեւողությունը 11 րոպե էր, դրվագներ էին Արցախյան առաջին պատերազմից, մասնավորապես՝ 1993 թ․ գարնանային գործողություններից, երբ հայկական ուժերը ազատագրում էին Քարվաճառը։ Տեսանյութում կան նաեւ կարճ հարցազրույցներ Մոնթեի ու նրա կնոջ՝ Սեդա Գպրանյան-Մելքոնյանի հետ։ Սեդան պատմում է Մոնթեի՝ ժամանակին Հայաստան գալու, Արցախի ազատագրական պայքարին միանալու մասին, իսկ Մոնթեն իր հարցազրույցներում պատմում է ռազմական գործողությունների ընթացքի մասին։

Հարցազրույցներից մեկում Մոնթեն նշում է․ «Հայաստան եւ Հայաստանի ժողովուրդը պետք է հասկընան, որ պատերազմի մեջ ենք, լուրջ է աս պատերազմը։ Մեր բոլոր ուժը պետք է զորաշարժել այս պատերազմի համար, որպեսզի շուտ վերջացնենք։ Ինչքան կամաց աշխատինք, այնքան երկար պիտի ըլլա, այնքան դժվար պիտի ըլլա, այնքան զոհեր պիտի տանք։ Պետք է հիմա մեր ամբողջ ուժը դնենք աս գործի մեջ, հաղթենք, ու վերջ։ Խաղաղություն պիտի ըլլա միայն մեր հաղթանակով։ Անկարելի է խաղաղություն տեսնել՝ առանց մեր հաղթանակի։ Իրավունք չունինք ձախողելու, չենք կըրնար ձախողիլ, ատի պիտի ընենք․․․»։    

Մեկնաբանություններ (3)

Վահե Դավթյան
Սրա լուծումն այն է, որ պետական համապատասխան մարմինը սկզբի համար Ֆեյսբուքի որևէ ֆունկցիա անջատի`թույլ չտա։ Օրինակ` գովազդի տեղադրում։ Եթե չազդի, ուղղակի 1 ամսով ամբողջությամբ անջատի Ֆեյսբուքը։ Կարծում եմ նրանք չեն ցանկանում միանգամից 1մլն հաշվետեր կորցնել ու խելոք թույլ կտան Մոնթեի նկարներ, վիդեոներ, ցիտատներ ևն տեղադրել։
Գագիկ Շոլինյան
Իմ «Մոնթե» պատմվսծքը (11 էջ) տեղադրելու համար ֆեյսբուքը երկու անգամ արգելափակել է, կտպագրե՞ք, թեկուզ մաս- մաս: Գրել եմ փաստերի հիման վրա:
Գևորգ
ՖԲ-ում հետևյալ տեքստն էի տեղադրել «Հետքի» էջում, սրա համար էլ արգելափակեցին: Այնպես որ սուտ են ասում, արգելափակում են Մոնթեի ցանկացած նկարի կամ խոսքի համար, ոչ թե փառաբանման: Ինձ երկու անգամ ՖԲ-ն արգելափակել է, մի անգամ Մոնթեին ցիտելու համար («անոնք մեզանից էշ են»), մի անգամ պարզապես նկարն էի տեղադրել, առանց մեկնաբանության: Դրանից հետո ՖԲ-ի անկախ դիտորդական կոմիտեին նամակ էի ուղարկել, բայց այն չէր դիտարկվել: Տեղադրում եմ նամակի տեքստի թարգմանությունը: Որքանո՞վ է Ֆեյսբուքը ճիշտ որոշում մարդկային արժեքները: Սպարտակը, Վաշինգտոնը, Կրոմվելը, ովքեր ապստամբեցին օրինական կառավարությունների կամ թագավորի դեմ, նրանք համապատասխանու՞մ են ՖԲ համայնքի չափանիշներին: Մոնթե Մելքոնյանը Հայաստանի ազգային հերոս է, ազատամարտիկ, բարձր ինտելեկտուալ անձնավորություն, ով 1990-ականներին միացել է Լեռնային Ղարաբաղի ազգային-ազատագրական պայքարին (1920-ին բոլշևիկների կողմից բռնակցված հայկական պատմական շրջան է, որը հանձնվել է Ադրբեջանին): Ինչու՞ միայն հայերին է արգելված տեղադրել իրենց հերոսների նկարները: Որպես փորձ ես տեղադրեցի ադրբեջանցի հերոս Ռամիլ Սաֆարովի նկարը, որի միակ «հերոսությունը» քնած հայ սպային կացնահարելն էր միայն հայ լինելու համար։ Չնայած ընկերներիս հաղորդումներին, նրա նկարը չարգելափակվեց։ Միթե՞ նման «հերոսները» համապատասխանում են ՖԲ չափանիշներին։ Ճիշտ է, Մոնթե Մելքոնյանը նախկինում միացել էր ԱՍԱԼԱ-ին։ Բայց այս կազմակերպությունը դադարել է գործել 1990 թվականից։ Այո, «ԱՍԱԼԱ»-ն ԱՄՆ-ի կողմից ճանաչվել է ահաբեկչական կազմակերպություն, բայց դա քաղաքական որոշում էր։ Հայոց ցեղասպանությունը ճանաչված է ԱՄՆ-ի կողմից: Ռաֆայել Լեմկինի կարծիքով ցեղասպանության վերջին փուլը ժխտումն ու մոռացումն է։ Այնպես որ, թուրքական կառավարությունը Ցեղասպանության շարունակողն է, վերջին փուլն իրականացնողը։ 1970-ականներին, երբ մոռացվում էր Ցեղասպանությունը, ստեղծվեց վրիժառուների կազմակերպությունը՝ կանխելու ցեղասպանության ամբողջական իրագործումը, դրա մոռացումը, և ահաբեկչական գործողություններ իրականացրեց թուրք դիվանագետների դեմ։ Պատկերացնենք, որ Գերմանիայում ֆաշիզմը շարունակվում է, դպրոցները կոչվում են Հիտլերի անունով (ինչպես դա հիմա ժամանակակից Թուրքիայում է) և ՖԲ-ն արգելում է հրեա վրիժառուների հիշատակը, բայց թույլ է տալիս գովաբանել Հիտլերին և մյուս ֆաշիստներին։ Եթե ՖԲ-ն պնդում է, որ ԱՍԱԼԱ-ն արգելված կազմակերպություն է, ինչո՞ւ է թույլ տալիս ռազմական հանցագործությունների համար մահապատժի դատապարտված Թալեաթ փաշայի նկարը։ Ես նրա նկարն էլ տեղադրեցի ու այն չարգելափակվեց։ Հայերի, հույների և ասորիների համար նա նույնն է, ինչ Հիտլերը։ Հուսով եմ, որ անկախ փորձագետները կառաջնորդվեն մարդկային արժեքներով, ոչ թե թուրքական զեկույցների քանակով։ Շնորհակալություն։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter