Երևանի պաշտպանության նախաձեռնությունների միավորման հայտարարությունը
Ս.թ.-ի մայիս 27-ին ստացվեց հաղորդագրություն՝ Երևանի Մ. Մաշտոցի պողոտայում գտնվող Կենտրոնական ծածկված շուկայի շենքում իրականացված քանդման աշխատանքների վերաբերյալ։ Տեղում դիտարկման արդյունքում պարզվել է, որ քանդվել է շենքի տանիքի հիմնական կրող կամարաձև թռիչքներից երկուսը։
Մեր նախապես կատարված հարցման արդյունքում ՀՀ մշակույթի նախարարությունից ստացվել էր գրություն՝ առ այն, որ տրվել է հիմքերի հատվածում աշխատանքներ իրականացնելու թույլտվություն։ Չնայած նրան, որ նույնիսկ այդ թույլտվության տրամադրումը կատարվել է մի քանի պահանջների ու կարգերի խախտմամբ, սակայն հիմք ընդունելով այդ գրությունը, երեկ կատարված աշխատանքների համար չեն եղել համապատասխան թույլտվություններ:
Երևանի պաշտպանության նախաձեռնությունների միավորումը, որը ստեղծվել է Երևանում քաղաքաշինական, բնապահպանական ու ժառանգության պահպանության խնդիրներով վերջին տարիներին ստեղծված քաղաքացիական նախաձեռնությունների կողմից, իր մտահոգությունն է հայտնում Երևան քաղաքի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում ընդգրկված, հանրապետական նշանակության հուշարձանի տարածքում կատարվող աշխատանքների վերաբերյալ ու պահանջում պետական և տեղական ինքնակառավարման լիազոր մարմիններից իրականացնել օրենքով սահմանված իրենց պարտականությունները:
Հակառակ դեպքում, նախատեսվում է ՀՀ օրենսդրության շրջանակում իրականացնել այն բոլոր գործողությունները, որոնք բխում են ՀՀ Սահամանադրության 11-րդ հոդվածով պետության պարտականությունների իրացման պահանջից՝ այն է Պատմության և մշակույթի հուշարձանները, մշակութային այլ արժեքների նկատամամբ հոգածությունը և պաշտպանությունը:
Երևանի պաշտպանության նախաձեռնությունների միավորում
ք. Երևան
29 մայիսի, 2012թ.
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել