HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Sabah. Էրդողանն ու Փաշինյանը կհանդիպեն հոկտեմբերի 6-ին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հոկտեմբերի 6-ին Պրահայում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակներում կհանդիպի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Այդ մասին երեքշաբթի օրը գրել է թուրքական Sabah պարբերականը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Ինչպես նշում է թուրքական պարբերականը, հանդիպման ժամանակ նախատեսվում է քննարկել Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորումը։ Մասնավորապես, ինչպես սպասվում է, Էրդողանը Փաշինյանին կառաջարկի երկու երկրների հարաբերությունների կարգավորման հատուկ բանագնացների հանդիպումներն անցկացնել, հաջորդաբար, Թուրքիայում և Հայաստանում, այլ ոչ երրորդ երկրների տարածքներում։ Բացի այդ, ըստ թուրքական աղբյուրի, Թուրքիայի նախագահը հանդես կգա տարածաշրջանում լարվածության թուլացման և Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուտափույթ ստորագրման առաջարկներով:

Հիշեցնենք, որ ավելի վաղ և՛ հայկական, և՛ թուրքական կողմերը չէին հերքել և չէին հաստատել Փաշինյան-Էրդողան հնարավոր հանդիպման լուրերը։ Թուրքական կողմից այդ մասին հայտարարել էր հենց Էրդողանը՝ հոկտեմբերի 1-ին հանդես գալով թուրքական խորհրդարանում։

ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Վահան Հունանյանը ևս չէր բացառել, որ նման հանդիպում կարող է կայանալ։

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հատուկ ներկայացուցիչների վերջին հանդիպումը կայացել էր Վիեննայում։ Դրա արդյունքում կողմերը պայմանավորվել էին բացել հայ-թուրքական սահմանը երրորդ երկրների քաղաքացիների համար։

«Պայմանավորվել են նաև հնարավոր ամենասեղմ ժամկետներում մեկնարկել Հայաստան-Թուրքիա ուղիղ օդային բեռնափոխադրումների իրականացումը և որոշել են սկսել այդ ուղղությամբ անհրաժեշտ գործընթացները»,- նշվում էր ՀՀ ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ։

Հայաստանն ու Թուրքիան դեռ նախորդ տարի էին նշանակել հարաբերությունների կարգավորման հատուկ բանագնացներ։ Հայկական կողմը ներկայացնում է ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը, իսկ թուրքականը՝ ԱՄՆ-ում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչը։ Մինչ այժմ այս ձևաչափով 4 հանդիպում է եղել, որից մեկը Մոսկվայում, իսկ մյուս երեքը՝ Վիեննայում։

Չնայած ընդհանուր սահմանին՝ Հայաստանի և Թուրքիայի միջև չկան դիվանագիտական հարաբերություններ։ 1993 թվականից Թուրքիան փակել է Հայաստանի հետ սահմանը։ 2009 թվականին Ցյուրիխում երկու երկրի արտաքին գործերի նախարարները ստորագրել էին «Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին» և «Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև հարաբերությունների զարգացման մասին» արձանագրությունները, սակայն այդ փաստաթղթերը չէին վավերացվել երկու կողմի խորհրդարանների կողմից։ 2018 թվականի մարտի 1-ին Հայաստանը հայտարարել էր հայ-թուրքական արձանագրությունների կնքման ընթացակարգի դադարեցման մասին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter