
Զելենսկին ստորագրել է Պուտինի հետ բանակցություններից հրաժարման հրամանագիրը
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր հրամանագրով գործողության մեջ է դրել երկրի Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի որոշումը՝ ի պատասխան Ուկրաինայի տարածքները բռնակցելու Ռուսաստանի փորձի: Այդ մասին նշվում է Ուկրաինայի նախագահի պաշտոնական կայքէջում հրապարակված փաստաթղթում։ Ընդորում, փաստաթուղթը հրապարակվել է հոկտեմբերի 4-ին, բայց թվագրված է սեպտեմբերի 30-ով։
Մասնավորապես, փաստաթղթում ընդգծվում է «ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների անհնարինությունը»։ Բացի այդ, այնտեղ հավանություն է տրվում արագացված ընթացակարգով ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության դիմումին։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մամուլի համար ճեպազրույցի ժամանակ հետևյալ կերպ է մեկնաբանել Պուտինի հետ բանակցություններից Զելենսկու հրաժարումը։ «Հիմա կսպասենք կամ գործող նախագահի դիրքորոշման փոփոխությանը, կամ էլ արդեն կսպասենք Ուկրաինայի հաջորդ նախագահին, որը կփոխի իր դիրքորոշումը ի շահ ուկրաինացի ժողովրդի»,- ասել է Պեսկովը։
Սեպտեմբերի 30-ին Կրեմլում ստորագրվել էր Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների, Ուկրաինայի Զապորոժյեի և Խերսոնի մարզերի բռնազավթված հատվածների «միացումը Ռուսաստանին»։ Նույն օրը Ուկրաինայի իշխանությունները ՆԱՏՕ-ին անդամակցության հայտ էին ներկայացրել։ Այդ ժամանակ Զելենսկին հայտարարել էր, որ պատրաստ է Ռուսաստանի հետ երկխոսության, սակայն արդեն այլ նախագահի հետ։
Լուսանկարը՝ Ուկրաինայի նախագահի պաշտոնական կայքէջի
Մեկնաբանել