HY RU EN

Սիսիանում բացվեց արցախյան պատերազմի հերոս Վուրգ Ոսկանյանի արձանը

Մայիսի 28-ին Սիսիանի զինվորական կոմիսարիատի առջև հանդիսավոր բացվեց արցախյան պատերազմի մասնակից և հերոս Վուրգ Ոսկանյանի արձանը: Միջոցառմանը ներկա էին Վուրգի հարազատները, զինակից ընկերները, զինվորականներ, պաշտոնյաներ:

Մայիսի 28-ը Վուրգ Ոսկանյանի ծննդյան օրն է. նա ծնվել է 1941 թ. Սիսիանի Բռնակոթ գյուղում: Երկար տարիներ զինղեկ է աշխատել Սիսիանի թիվ 1 դպրոցում: Այնուհետև մասնակցել է Արցախի ազատագրման պայքարին:

Սիսիանի զինկոմիսարիատի առջև զոհված ազատամարտիկի արձանը կանգնեցնելու որոշումը կայացրել էին Սիսիանի քաղաքապետ Աղասի Հակոբջանյանը և հարավային մաքսատան տնօրեն Աշոտ Մինասյանը 2010 թ. մայիսի 28-ին՝ թիվ 1 դպրոցում հերոսի ծննդյան տարեդարձին նվիրված միջոցառման ժամանակ:

Արձանի հեղինակը քանդակագործ, պրոֆեսոր Գետիկ Բաղդասարյանն է, ով հեղինակել է նաև Համո Սահյանի արձանը՝ տեղադրված Սիսիանի հրապարակում:

Վուրգ Ոսկանյանի արձանը կանգնեցնելու գաղափարը կյանքի կոչվեց Աղասի Հակոբջանյանի, Աշոտ Մինասյանի և մի խումբ սիսիանցիների ֆինանսական աջակցությամբ:

Միջոցառման ընթացքում ՀՀ և ԼՂՀ պաշտպանության նախարարությունները և Երկրապահ կամավորական միության հանրապետական վարչությունը պատվոգրեր ու մեդալներ հանձնեցին Վուրգ Ոսկանյանի զինակից ընկերներին, ոմանց՝ հետմահու: Միջոցառումը եզրափակվեց գեղարվեստական մասով:

Վուրգ Ոսկանյանի անվամբ է կոչվում Սիսիանի թիվ 4 դպրոցը, իսկ Արցախի Վակունիս գյուղը, որտեղ 1993 թ. զոհվել է ազատագրական պատերազմի հերոսը, վերանվանվել է Վուրգի անվամբ՝ Վուրգավան:

Դիանա Բախշյան