HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Թուրքիայում ձերբակալված քուրդ մարտիկներ Չիչեքին ու Յըլդըրըմին ՀՀ դատարանը չէր արգելել լքել Հայաստանի տարածքը․ արդյոք սա պատահականություն է

Հայաստանում դատապարտված, ապա պայմանական ազատ արձակված 2 քուրդ մարտիկները՝ Աթիլլա Չիչեքն ու Հուսեին Յըլդըրըմը, ՀՀ դատարանի կողմից Հայաստանի տարածքը լքելու արգելք չեն ունեցել: Այս մասին «Հետքին» հայտնել է ՀՀ արդարադատության նախարարությունը: Ինչպես հայտնի է, պատմությունն ավարտվել է նրանով, որ քրդերը հայտնվել են Թուրքիայի տարածքում, որտեղ ձերբակալվել են: Բայց ասվածը չի նշանակում, թե նրանք հաստատ իրենց նախաձեռնությամբ են հայտնվել այդ երկրում։

Ովքե՞ր են երկու քրդերը եւ ինչպե՞ս են հայտնվել Հայաստանում

Թուրքիայի քաղաքացի, ազգությամբ քուրդ 36-ամյա Աթիլլա Չիչեքն (կեղծանունը՝ Լեհենգ Դերսիմ) ու 38-ամյա Հուսեին Յըլդըրըմը (կեղծանունը՝ Սեիդ Թոլհըլդան) Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK, Թուրքիայում համարվում է ահաբեկչական կազմակերպություն) ռազմական թեւի՝ Ինքնապաշտպանության ժողովրդական ուժերի (HPG) մարտիկներ են, որոնք 2021-ի օգոստոսի 16-ին ապօրինի անցել էին հայ-իրանական սահմանն ու հայտնվել Հայաստանի տարածքում: Այդուհանդերձ, սահմանային վերահսկողություն իրականացնող ՌԴ սահմանապահների կողմից քրդերը բռնվել էին ու հանձնվել հայ իրավապահներին: Չիչեքն ու Յըլդըրըմը եղել են զինված: Նրանց մոտ հայտնաբերվել է 2 ինքնաձիգ, 1 հատ ատրճանակ, 318 հատ փամփուշտ, 4 հատ նռնակ:   

Նախաքննության ժամանակ Հուսեին Յըլդըրըմը հայտնել է, որ ինքը Թուրքիայից անցել էր Իրաք, ապա հասել մինչեւ իրանական Մակու քաղաք, որը Թուրքիայի սահմանի մոտ է: Այստեղ լեռներում ապրել է մոտ 1 ամիս, որտեղ հանդիպել է Աթիլլա Չիչեքին, ով եւս ցանկանում էր անցնել Թուրքիա: Չիչեքն էլ նշել է, թե քանի որ Թուրքիա-Իրան սահմանին պատ էր կառուցվում, իրենք չեն էլ փորձել հատել այդ սահմանը, փոխարենը որոշել են Թուրքիա գնալ Հայաստանի տարածքով, քանի որ վերջինս քրդերի համար բարեկամ երկիր է: Երկու քրդերի ցուցմունքների համաձայն՝ իրենց հայ-իրանական սահմանի մոտ՝ Արաքս գետի ափ է տեղափոխել իրանցի Ալին, ում վճարել են մի քանի հարյուր դոլար: Դատարանում, սակայն, քրդերը նշել են, թե իրենց պատկերացմամբ ՀՀ պետական սահմանը չեն հատել, քանի որ չեն գիտակցել, որ սահմանն անցնում է Արաքս գետի մեջտեղով, այլ ոչ թե փշալարերից այս կողմ։ Բանն այն է, որ ՌԴ սահմանապահները քրդերին բռնել են փշալարերի մոտ՝ դրանք դեռ չանցած:

Յըլդըրըմը նախաքննության ժամանակ նաեւ հայտնել է, որ ինքն ու Չիչեքը Հայաստանում չէին մնալու, այստեղ ծանոթներ չունեն, իրենց չէին դիմավորելու եւ չէին ուղղորդելու դեպի հայ-թուրքական սահման, դա իրենք պետք է անեին իրենց ուժերով, ինքնուրույն պետք է գտնեին սահմանն ու փորձեին աննկատ անցնել:  

ՀՀ Սյունիքի մարզի ընդանուր իրավասության դատարանում, որը քննել է գործը, Չիչեքն ու Յըլդըրըմն իրենց մեղավոր չեն ճանաչել: Նշել են, որ իրենք թուրքերի դեմ զինված եւ գաղափարական պայքար են մղում, զենք-զինամթերքը դրա համար է, զենքերն իրենց անբաժան մասն են, եւ պարտավոր են միշտ կրել։

Այդուհանդերձ, ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու եւ փոխադրելու, ինչպես նաեւ պետական սահմանն ապօրինի հատելու հիմքով Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը (դատավոր՝ Բորիս Բախշիյան) այս տարվա հունվարի 20-ին քրդերին դատապարտել է 7 տարվա ազատազրկման, ինչպես նաեւ բռնագրավել նրանց մոտ հայտնաբերված գումարը՝ 3 մլն իրանական ռիալ եւ 5700 ԱՄՆ դոլար:

Նախաքննության ու դատաքննության ընթացքում եւ այս վճռից հետո քրդերը եղել ու մնացել են կալանքի տակ:

Վերաքննիչ դատարանի որոշումը շրջադարձային է եղել

Քրդերի պաշտպան Դավիթ Գասպարյանը ընդհանուր իրավասության դատարանի վճռի դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել՝ խնդրելով նրանց անմեղ ճանաչել կամ նշանակել մեղմ պատիժ, իսկ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել՝ սահմանելով փորձաշրջան:

Այս տարվա փետրվարի 23-ին վերաքննիչ քրեական դատարանը Տիգրան Սահակյան, Արմեն Բեկթաշյան, Սեւակ Համբարձումյան կազմով որոշել է, որ ստորադաս ատյանը համակարգային վերլուծության չի ենթարկել ամբաստանյալների պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող եւ անձը բնութագրող մի շարք հանգամանքեր, մասնավորապես՝ վերջիններիս կողմից առաջին անգամ հանցանք կատարելը: Բացի դրանից, ըստ վերաքննիչ դատարանի, Սյունիքի դատարանը պատշաճ չի գնահատել քուրդ մարտիկների վարքագիծը ինչպես հանցանքը կատարելու պահին, այնպես էլ դրանից անմիջապես հետո, մասնավորապես այն, որ նրանք, լինելով զինված, որեւէ դիմադրություն ցույց չեն տվել ՌԴ սահմանապահներին, ինքնակամ հանձնվել են:

«Ինչպես վերոգրյալ հանգամանքները, այնպես էլ առաջին ատյանի դատարանի կողմից արձանագրված ամբաստանյալների՝ նախկինում դատապարտված կամ այլ կերպ արատավորված չլինելու եւ երիտասարդ լինելու հանգամանքները, վերաքննիչ դատարանին հիմք են տալիս գալու այն հիմնավոր եզրահանգման, որ վերջիններիս նկատմամբ ազատազրկման ձեւով նշանակված վերջնական պատիժը չի համապատասխանում ինչպես նրանց անձին, այնպես էլ կատարված հանցավոր արարքների վտանգավորության աստիճանին եւ բնույթին»,- գտել է վերաքննիչ ատյանն ու որոշել Աթիլլա Չիչեքին եւ Հուսեին Յըլդըրըմին դատապարտել 5 տարվա ազատազրկման, սակայն պատիժը պայմանականորեն չկիրառել՝ սահմանելով 3 տարվա փորձաշրջան:

Այսինքն՝ ապօրինի զինված ու ՀՀ պետական սահմանն ապօրինի հատած քուրդ մարտիկները 7 տարվա ազատազրկման վճռից հետո վերաքննիչի կողմից փետրվարի 23-ին 3 տարվա փորձաշրջան են ստացել ու ազատ արձակվել դատարանի դահլիճից, ինչն, իհարկե, կտրուկ շրջադարձ է:      

Վերաքննիչի որոշումը բողոքարկել է թե՛ գլխավոր դատախազությունը, թե՛ պաշտպան Դավիթ Գասպարյանը, սակայն Վճռաբեկ դատարանն այս տարվա հունիսի 30-ին որոշել է բողոքները վարույթ չընդունել: Դրանից հետո՝ հուլիսի 28-ին, վերաքննիչի որոշումը մտել է օրինական ուժի մեջ:

Պրոբացիայի ծառայությունը քրդերի «երեսը չի տեսել»

Քանի որ քուրդ մարտիկների հանդեպ փորձաշրջան էր սահմանվել, նրանց վերահսկող մարմինը պետք է լիներ ՀՀ արդադատության նախարարության պրոբացիայի ծառայությունը: Քրեական դատավարության օրենսգիրքը սահմանում է, որ դատավճիռը կատարելու մաuին դատավորի կարգադրությունը վճռի պատճենի, իuկ վերանայման կարգով դատական ակտի փոփոխման դեպքում՝ նաեւ վերադաս դատարանի դատական ակտի պատճենի հետ միասին, ուղարկվում է այն մարմին, որը պետք է կատարի դատավճիռը, այս դեպքում դա պրոբացիայի ծառայությունն էր: Քանի որ վերաքննիչի որոշումն ուժի մեջ է մտել հուլիսի 28-ին, փաստաթղթերը (Սյունիքի դատարանի վճիռը, վերաքննիչի որոշումը եւ դրա կատարման կարգադրությունը) ԱՆ պրոբացիայի ծառայությունն ստացել է օգոստոսի 2-ին եւ նույն օրը մակագրել ծառայության Սյունիքի տարածքային մարմին: Հենց վերջինս էլ պիտի վերահսկողություն իրականացներ Չիչեքի ու Յըլդըրըմի հանդեպ:

«Պրոբացիայի մասին» օրենքի համաձայն՝ վերահսկողություն իրականացնելու նպատակով ծառայությունը նախ պետք է պարզեր պրոբացիայի շահառու քրդերի գտնվելու վայրը, նրանց հետ կապ հաստատեր ու պատշաճ ծանուցեր ծառայության Սյունիքի ստորաբաժանում ներկայանալու մասին, կազմեր քրդերի անձնական գործերը: Պրոբացիայի ծառայություն ներկայանալուց հետո Չիչեքն ու Յըլդըրըմը հաշվառվելու էին, ստորագրությամբ նրանց պիտի պարզաբանվեին իրավունքներն ու պարտականությունները, դրանք չկատարելու դեպքում՝ օրենքով սահմանված պատասխանատվությունը:

Իսկ ի՞նչ է տեղի ունեցել՝ ըստ հայկական պաշտոնական վարկածի: Արդարադատության նախարարությունը «Հետքին» փոխանցել է, որ Աթիլլա Չիչեքին եւ Հուսեին Յըլդըրըմին հայտնաբերելու ու հաշվառելու նպատակով պրոբացիայի ծառայությունն իրականացրել է օրենքով սահմանված գործառույթներ, սակայն նրանք չեն հայտնաբերվել, ինչից հետո ծառայության Սյունիքի մարզային մարմինը օգոստոսի 8-ին Սյունիքի դատարանին միջնորդել է հետախուզում հայտարարել քրդերի նկատմամբ: Դատարանն օգոստոսի 22-ին բավարարել է միջնորդությունը, հետախուզում իրականացնողը ոստիկանության Գորիսի բաժինն էր: Հետո պիտի պարզվեր, որ քրդերը հայտնվել են Թուրքիայում ու ձերբակալվել են։

Պատմությունն այս կետին գուցե չհանգեր, եթե վերաքննիչ քրեական դատարանը փորձաշրջան սահմանելուն զուգահեռ քրդերի ազատ տեղաշարժի հանդեպ սահմանափակում մտցներ, առավել եւս, եթե ազատազրկումը չփոխարիներ փորձաշրջանով: ԱՆ-ն «Հետքին» հայտնել է, որ փորձաշրջան նշանակվելու դեպքում դատապարտյալներն ազատ են արձակվում դատական նիստերի դահլիճից եւ կարող են լքել ՀՀ տարածքը, եթե դատարանի կողմից չի սահմանվում ՀՀ տարածքը չլքելու պարտականություն: Այդպիսի արգելք-պարտականություն քրդերի հանդեպ չի կիրառվել, ու պարզ չէ, թե ինչու:

Այստեղ կարելի է որոշ ենթադրություններ անել ու վարկածներ առաջ քաշել, մասնավորապես, այն բանի վերաբերյալ, որ վերաքննիչի նման որոշումը եղել է նախապես մշակված օպերացիայի մաս, բայց վարկածների ու ենթադրությունների մեջ չենք խորանա։

Մյուս կողմից՝ հարց է, որ եթե նույնիսկ քրդերի նկատմամբ սահմանվեր ՀՀ տարածքը չլքելու պարտականություն, Թուրքիայից մինչեւ Հայաստան մի քանի երկրի տարածքով անցած ու վերաքննիչի որոշումից հետո նորից ազատության մեջ հայտնված այդ մարդկանց ի՞նչը կարող էր խանգարել թեկուզ ապօրինի լքել ՀՀ տարածքը կամ առնվազն նման փորձ կատարել: Այնպես, ինչպես փորձել էին մտնել:  

Ընդ որում՝ պարզ չէ, թե երբ են նրանք լքել ՀՀ տարածքը. վերաքննիչի որոշումից անմիջապես հետո՞, թե՞ համեմատաբար ավելի ուշ (եթե ընդունենք, որ լքել են իրենց նախաձեռնությամբ): Փաստն այն է, որ վերաքննիչ ատյանի փետրվարյան որոշումն ուժի մեջ է մտել 5 ամիս անց, եւ այդ ամբողջ ընթացքում քուրդ մարտիկների ազատ տեղաշարժը սահմանափակված չի եղել: Միայն այն բանից հետո, երբ օգոստոսին գործը հանձնվել է պրոբացիայի ծառայությանը, պարզվել է, որ քրդերը չկան:

Բայց եթե հայկական կողմը պնդում է, որ արդարադատությունից խուսափած քուրդ մարտիկների հանդեպ Հայաստանում հետախուզում էր հայտարարված, իրենք՝ քրդերը, ՀՀ-ին են մեղադրում Թուրքիայի հետ համագործակցելու մեջ:

Քրդերը մեղադրում են Հայաստանին

Քրդական firatnews.com կայքը սեպտեմբերի 24-ին տարածել էր Ինքնապաշտպանության ժողովրդական ուժերի (HPG) մամուլի կենտրոնի հաղորդագրությունը, որում ասվում էր, թե չնայած 2022 թ. փետրվարի 23-ին ՀՀ վերաքննիչ դատարանն ազատ է արձակել քուրդ մարտիկներ Լեհենգին (36-ամյա Աթիլլա Չիչեքի կեղծանունն է) ու Ալիշերին (հավանաբար 38-ամյա Հուսեին Յըլդըրըմի կեղծանունն է, չնայած դատական գործում նշվում է Սեիդ Թոլհըլդան), նրանք առեւանգվել ու ձերբակալվել են հայկական հետախուզության կողմից: Այսինքն՝ ըստ քրդերի՝ վերաքննիչ դատարանի դահլիճից ազատ արձակվելուց հետո իրենց ընկերները բռնվել են հայ իրավապահների կողմից, ապա հանձնվել թուրքերին։

«Չնայած ձեռնարկված փորձերին ի պատասխան տրված խոստմանը նրանց ազատ արձակելու վերաբերյալ, մեր ընկերներ Լեհենգն ու Ալիշերը Հայաստանի կողմից հանձնվել են Թուրքիային մոտ մեկ ամիս առաջ»,- սեպտեմբերին հայտարարել է քրդական կողմը՝ փաստացի մեղադրելով հայկական հետախուզությանը կամ, ըստ ամենայնի, ՀՀ ԱԱԾ-ին: «HPG»-ն նաեւ սուտ է որակել թուրքական լրատվամիջոցների հաղորդագրությունն առ այն, որ քուրդ մարտիկները բռնվել են թուրքական հետախուզության (MIT) օպերացիայի արդյունքում:

«HPG»-ի՝ հայկական հետախուզությանը մեղադրող հաղորդագրության եւ հայկական մամուլում դրա վերահրապարակման ու բուռն քննարկումների ֆոնին ԱԱԾ-ն սեպտեմբերի 25-ին հայտարարեց, որ քրեական վարույթների շրջանակներում դատապարտված անձանց հանձնման գործընթացը դուրս է ծառայության լիազորությունների շրջանակից: Հասկանալի էր, որ ԱԱԾ-ն սլաքներն ուղղում էր դեպի արդարադատության նախարարություն: Վերջինս էլ անմիջապես արձագանքեց՝ հայտնելով, որ ինքն է իրավասու դատապարտյալին փոխանցել իր քաղաքացիության երկրին՝ պատժի մնացած մասը կրելու համար, սակայն այս դեպքում ԱՆ-ն Աթիլլա Չիչեքին եւ Հուսեին Յըլդըրըմին Թուրքիային չի փոխանցել: «ԱՆ-ում նշված անձանց հանձնման կամ փոխանցման վերաբերյալ հարց չի քննարկվել»,- նշված է արդարադատության նախարարության տարածած հաղորդագրությունում: 

ԱՆ-ն ասում է, որ Թուրքիայի հետ չի համագործակցել

Փաստորեն, արդարադատության նախարարությունը հայտարարում է, որ քրդերին ո՛չ հանձնել է Թուրքիային, ո՛չ փոխանցել: Նախարարությունն այս շեշտադրումը պատահական չի արել, քանի որ դրանք տարբեր գործընթացներ են։

Փոխանցում են այն օտարերկրացի դատապարտյալներին, որոնք տվյալ երկրում դատապարտվել են որեւէ հանցանքի հիմքով, պատիժ են կրում, սակայն երկկողմ եւ բազմակողմ միջազգային պայմանագրերով սահմանված կարգով տվյալ երկիրը օտարերկրացի դատապարտյալին փոխանցում է իր քաղաքացիության երկրին, որպեսզի պատժի մնացած մասը կրի այնտեղ (այսպիսի օրինակ է Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանդի համար ցմահ ազատազրկման դատապարտված ռուս զինծառայող Վալերի Պերմյակովի փոխանցումը ՌԴ-ին): Հայաստանում դատապարտված եւ իր քաղաքացիության երկրում պատժի մնացած մասը կրելու մասին դիմում ներկայացրած օտարերկրացի դատապարտյալի փաստաթղթերն ուսումնասիրում է արդարադատության նախարարությունը, եւ նախարարի որոշմամբ իրականացվում կամ մերժվում է նրա փոխանցումը:

Իսկ հանձնումը նույն էքստրադիցիան է: Սա այն դեպքն է, երբ մի պետությունը, օրինակ՝ Հայաստանը, իր տարածքում հայտնաբերում է մեկ այլ պետության տարածքում հանցանք կատարած եւ հետախուզվող անձի կամ արդեն իսկ դատապարտված անձի, որը խուսափում է (փախուստի մեջ է) արդարադատությունից: Միջազգային կամ երկկողմ պայմանագրերի հիման վրա Հայաստանը տվյալ պետությանն է հանձնում հետախուզվող անձին՝ այնտեղ քրեական հետապնդումը շարունակելու կամ առկա դատավճիռն ի կատար ածելու համար:

Ընդ որում՝ եթե հետախուզվողի գործը նախաքննության փուլում է, ՀՀ գլխավոր դատախազն է որոշում հանձնել կամ չհանձնել նրան տվյալ երկրին: Իսկ եթե հետախուզվողի հանդեպ կա կայացված վճիռ, կամ գործը գտնվում է դատարանում, նրան չհանձնելու որոշումը կայացնում է ՀՀ արդարադատության նախարարը, իսկ հանձնելու որոշում կայացնելու համար նախարարը դիմում է ՀՀ դատարան, որն էլ բավարարում կամ մերժում է միջնորդությունը:  

Նկատենք, որ, ըստ թուրքական մամուլի, թե՛ Չիչեքը, թե՛ Յըլդըրըմը հետախուզվում էին Թուրքիայի կողմից: Մասնավորապես՝ թուրքերը 38-ամյա Հուսեին Յըլդըրըմին են պատասխանատու համարում 2012-ի սեպտեմբերին Դերսիմում տեղի ունեցած միջադեպի մեջ։ Ինքնաշեն պայթուցիկով բեռնված ավտոմեքենայի պայթյունից զոհվել էր 6 թուրք զինվորական եւ 1 կին։ 2020-ի օգոստոսին էլ, ըստ թուրքական կողմի, Յըլդըրըմի մասնակցությամբ տեղի է ունեցել մեկ այլ հարձակում, որի հետեւանքով սպանվել է 2 թուրք զինվորական։ Իսկ ահա 36-ամյա Աթիլլա Չիչեքին թուրքերը մեղադրում են Սիրիայի ու Իրանի տարածքում երկար տարիներ «ահաբեկչական գործունեություն» ծավալելու մեջ։  

Չնայած ՀՀ ԱՆ-ն արդեն հայտարարել էր, որ 2 քրդերին հանձնելու հարց նախարարությունում չի քննարկվել, այդուհանդերձ, հաշվի առնելով, որ Թուրքիայում նրանք հետախուզման մեջ էին, նախարար Կարեն Անդրեասյանին հարցրել էինք, թե արդյոք ինքը միջնորդել է ՀՀ դատարանին, որ քրդերը հանձնվեն Թուրքիային։

«ԱՆ-ն հանդիսանում է հանձնում իրականացնող մարմին այն պարագայում, երբ գործը հանձնումը պահանջող պետությունում գտնվում է դատական վարույթի ընթացքում, ինչպես նաեւ այն դեպքում, երբ տվյալ անձի վերաբերյալ կա օրինական ուժի մեջ մտած դատավճիռ, ընդ որում՝ նախարարը իրավասու է ընդունել միայն հանձնումը մերժելու մասին որոշում, եթե առկա են հանձնման մերժման հիմք հանդիսացող միջազգային եւ ներպետական օրենսդրությամբ սահմանված հիմքերը: Հանձնումը թույլատրելու մասին որոշում կարող է ընդունել միայն ՀՀ իրավասու դատարանը (ինչպես նաեւ ՀՀ գլխավոր դատախազը, եթե հանձնման հարցումը ներկայացրած օտարերկրյա պետությունում քրեական գործը գտնվում է մինչդատական վարույթում): ՀՀ ԱՆ-ն որեւէ միջնորդություն չի ներկայացրել ՀՀ իրավասու դատարան Աթիլլա Չիչեքին եւ Հուսեին Յըլդըրըմին որեւէ երկիր, մասնավորպես՝ Թուրքիայի Հանրապետություն հանձնելու կապակցությամբ, քանզի որեւէ հարցում չի ստացել թուրքական կողմից առ այն, որ նշյալ քաղաքացիները Թուրքիայում գտնվում են հետախուզման մեջ»,- փոխանցել են նախարարությունից:

Այդուհանդերձ, պրոբացիայի ծառայության վերադաս արդարադատության նախարար Անդրեասյանին հարցրել էինք, թե ինչպես կբացատրի հանգամանքը, որ քուրդ դատապարտյալները հայտնվել են Թուրքիայի տարածքում:

«Նկատի ունենալով, որ Հայաստանի տարածքը լքելու սահմանափակում դատարանը չի սահմանել՝ Աթիլլա Չիչեքի եւ Հուսեին Յըլդըրըմի՝ Թուրքիայում հայտնաբերվելու հանգամանքները, ինչպես նաեւ դրանց վերաբերյալ պարզաբանումներ տրամադրելը դուրս է ՀՀ արդարադատության նախարարության՝ Սահմանադրությամբ եւ նախարարության կանոնադրությամբ սահմանված լիազորությունների շրջանակից»,- պատասխանել են ԱՆ-ից:

Հարցրել էինք նաեւ, թե արդյոք Թուրքիայի արդարադատության նախարարությունը կամ այլ կառույցներ քրդերի գործով համագործակցել են ՀՀ ԱՆ-ի հետ, ինչին վերջինս պատասխանել է. «Թուրքական կողմի հետ համագործակցություն վերոնշյալ անձանց վերաբերյալ ՀՀ արդարադատության նախարարության կողմից երբեւէ չի իրականացվել»:

Հայաստանում քննարկվեց նաեւ ՀՀ իշխանությունների կողմից քուրդ մարտիկներին Թուրքիային հանձնելու քաղաքական որոշման վարկածը՝ ելնելով, մասնավորապես, հայ-թուրքական բանակցություններից, Հայաստան-Թուրքիա ներկա հարաբերություններից:

Ինչպե՞ս կմեկնաբանեք այն տեղեկությունները, որ ՀՀ իշխանությունների կողմից կայացվել է քուրդ դատապարտյալներին Թուրքիային հանձնելու քաղաքական որոշում։ Մեր այս հարցին ԱՆ-ն տվել է այսպիսի պատասխան. «Աթիլլա Չիչեքի եւ Հուսեին Յըլդըրըմի՝ Թուրքիայի Հանրապետությունում հայտնաբերվելը որեւէ կերպ կապված չէ Թուրքիայի իրավասու մարմիններին նրանց հանձնելու իրավական գործընթացի հետ: Վերը նշված մանրամասն տեղեկատվությունը, եւ՛ միջազգային, եւ՛ ներպետական իրավակարգավորումների պարզաբանումը, ինչպես նաեւ ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության կողմից իրականացված գործառույթները որեւէ կերպ չեն կարող մեկնաբանվել այլ համատեքստում, քանի որ դրանք իրավական հարթությունում են, այլ ոչ թե քաղաքական: ՀՀ ԱՆ-ն չի կարող մեկնաբանել իրականության հետ աղերս չունեցող եւ սոցիալական ցանցերում շրջանառվող որեւէ տեղեկատվություն այլ կերպ, քան հանրությանը ներկայացնելով տեղեկատվությունը դատապարտյալի փոխանցման եւ հանձնման գործընթացների տարբերության, դրանց իրականացման կարգի եւ Աթիլլա Չիչեքի ու Հուսեին Յըլդըրըմի նկատմամբ այդ ընթացակարգերի առհասարակ կիրառելի չլինելու վերաբերյալ»:

Փաստորեն, արդարադատության նախարարությունը միանշանակ հերքում է իր մասնակցությունը քրդերի՝ Թուրքիայում հայտնվելու գործընթացին։

Հիմա հարց է ծագում, թե 5 ամիս ազատության մեջ գտնվող քրդերը ինչպես են հատել ՀՀ սահմանն ու հայտնվել Թուրքիայում՝ օրինակա՞ն, թե՞ ապօրինի ճանապարհով։ 

Հարցի հասցեատերն, իհարկե, սահմանապահ ծառայության պատասխանատու ԱԱԾ-ն է, որը չի հայտարարել, թե քրդերն այսինչ օրը օրինական դուրս են եկել Հայաստանից, ինչով հարցը, թերեւս, կփակվեր, փոխարենը ծառայությունը իր հասցեին հնչող քննադատությունների ֆոնին սեպտեմբերի 25-ին մի տեսակ զայրացած-նեղացած հայտարարել է․ «ԱԱԾ-ն հորդորում է զերծ մնալ պետական կառույցների հեղինակությունը արատավորող, երկրի արտաքին անվտանգությունը խաթարող ապատեղեկատվություն տարածելու անթույլատրելի գործելաոճից եւ զգուշացնում է, որ ծառայությունն իր լիազորությունների շրջանակում ստուգողական գործողությունների միջոցով հետամուտ է լինելու պարզելու ստահոդ լուրեր տարածողների իրական շարժառիթները եւ քողարկված մղումները»։

Պատկան մարմինների՝ «դուրս է մեր լիազորությունների շրջանակից» ոճի արձագանքներն ու անհերքելի իրողությունը, որ Հայաստանում դատապարտված 2 քրդերը ինչ-ինչ պայմաններում հայտնվել են Թուրքիայում, որի հետ այս պահին ՀՀ իշխանությունները քաղաքական բանակցություններ են վարում բարձր մակարդակով, ու այս ամենին զուգահեռ՝ քրդերի կողմից Հայաստանի իշխանություններին ուղղված մեղադրանքները հարցեր են առաջացնում, որոնց Նիկոլ Փաշինյանի կառավարությունն ու քաղաքական թիմը չեն տալիս սպառիչ պատասխաններ՝ հանգեցնելով նոր կասկածների, որոնք գոյություն ունենալու իրավունք ունեն։ 

Մեկնաբանություններ (1)

Hamo moskofian
A bunch of lies, our Kurdish comrades were kidnapped and handed to the Turkish national criminal security by the Traitor Pashinoghlu regime dogs, spitting in the powerful Kurdish-Armenian joint struggle against Erdiganist dictatorship. A regime that handed 13000 Sq km Free Artsakh lands, 5000 Armenian soldiers blood to the Turkish Azeri butchers did the same to our heroic comrades of HPG. Shame on you tfooii

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter