HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Եվրամիությունը նոր պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի նկատմամբ

ԵՄ անդամ երկրների դեսպանները պայմանավորվել են Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների ներդրման մասին՝ ի պատասխան Ուկրաինայի տարածքները բռնակցելու Ռուսաստանի փորձի: Այդ մասին գրում է Forbes պարբերականը՝ հղում անելով Եվրամիության խորհրդում Չեխիայի ներկայացուցչությանը։ Պատժամիջոցներն ուժի մեջ կմտնեն ԵՄ պաշտոնական տեղեկագրում դրանց հրապարակումից հետո, որը նախատեսվում է, որ տեղի կունենա արդեն հոկտեմբերի 6-ին։

Նոր պատժամիջոցները ներառում են սահմանված առաստաղից բարձր գնով երրորդ երկրներին ռուսական նավթի ծովային փոխադրումների արգելքը, ինչպես նաև ուղեկցող ծառայությունների սահմանափակումը: Բացի այդ, կընդլայնվի Ռուսաստանից ապրանքների ներկրման արգելքը։ Այն կտարածվի պողպատից արտադրանքի, փայտանյութի, թղթի, մեքենաների և սարքավորումների, քիմիկատների, պլաստիկի, ծխախոտի և այլ ապրանքների վրա։ Բացի այդ, արգելք կդրվի նաև ռուսական ընկերությունների կողմից ինժեներական, իրավաբանական և ՏՏ ծառայությունների մատուցման վրա, կընդլայնվեն տեխնոլոգիաների արտահանման նկատմամբ պատժամիջոցները։ 

Պատժամիջոցները կտարածվեն նաև Ուկրաինայի Խերսոնի և Զապորոժյեի մարզերի Ռուսաստանին բռնակցված հատվածների վրա։ Եվրամիության խորհրդում չեխական ներկայացուցչությունը նաև հայտնում է, որ կընդլայնվեն նաև անհատական պատժամիջոցները։ 

Պատժամիջոցների փաթեթը ներառում է միջոցներ, որոնք կնվազեցնեն այն երկրների վրա նոր պատժամիջոցների բացասական ազդեցությունը, որտեղ գրանցված են ծովային բազմաթիվ փոխադրող ընկերություններ։ Bloomberg-ի աղբյուրները գրում են, որ խոսքը Հունաստանի, Կիպրոսի և Մալթայի մասին է։ Վերջիններս, սակայն, չեն նշել, թե ինչ միջոցների մասին է խոսքը և ինչպես կաշխատի գների սահմանափակման մեխանիզմը։ Ամերիկյան պարբերականը, հղում անելով պատժամիջոցների նախագծի վրա, գրում է, որ գների առաստաղը պետք է սահմանվծի Մեծ յոթնյակի և մյուս երկրների կոալիցիայի կողմից։ Ռուսական նավթի նկատմամբ գների սահմանափակումը պետք է ուժի մեջ մտնի դեկտեմբերի 5-ից։ Այդ օրը նաև կարգելվի Ռուսաստանից Եվրամիություն նավթի ծովային մատակարարումը։ 

Bloomberg-ը գրում է, որ անհատական պատժամիջոցները կսահմանվեն բարձրաստիճան այն պաշտոնյաների նկատմամբ, որոնք մասնակցել են Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ ժողովրդական հանրապետություններում և բռնազավթված Խերսոնի ու Զապորոժյեի մարզերում «հանրաքվեների» կազմակերպմանը։ Պատժամիջոցները կփակեն Ռուսաստանին ինքնաթիռների պահեստամասերի, էլեկտրոնային բաղադրիչների և մի շարք քիմիական միացությունների հասանելիությունը, որպեսզի ռուսական բանակին զրկեն կարևոր տեխնոլոգիաներից, պնդում է գործակալությունը:

Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն հայտարարել է, որ պատժամիջոցների քննարկման ընթացքում ԵՄ երկրները պայմանավորվել են, որ նավթի գների սահմանափակումը չի տարածվի վառելիքի վրա, որը մատակարարվում է խողովակներով և ծովային այն փոխադրումների վրա, որոնք կփոխարինեն ցամաքայիններին՝ արտակարգ իրավիճակների դեպքում։ Հունգարիան դեպի ծով ելք չունի և Ռուսաստանից նավթը ստանում է «Ընկերություն» նավթամուղով։ Դեկտեմբերից ԵՄ նավթի ներկրման արգելքը չի տարածվի խողովակաշարների վրա։ Սիյարտոն հավելել է, որ պատժամիջոցների տակից հանվել է ատոմային էներգետիկան, այդ իսկ պատճառով սահմանափակումները չեն տարածվի «Պակշ» ատոմակայանում նոր ատոմային երկու ռեակտորների կառուցման վրա, որը պետք է իրականացնի «Росатом»-ը։ Bloomberg-ն էլ, հղում անելով Լեհաստանի դեսպան Անդրեյ Սադոշին, գրել էր, որ պատժամիջոցներ չեն սահմանվի նաև ալմաստներ արդյունահանող «Алроса» ընկերության վրա։

Ավելի վաղ, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Ռուսաստանն իր էներգակիրները չի մատակարարի գների արտաքին սահմանափակման պարագայում։ 

Իլյուստրացիան՝ REUTERS/Dado Ruvic

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter